Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸԳՈՒՐԳԵՆ ԱՍԿԱՐՅԱՆ

 

Նոբելյան մրցանակի հավակնորդ կարող էր դառնալ նաև մեր մյուս հայրենակիցը՝ ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանը: Սակայն այս անգամ էլ Նոբելյան մրցանակը շնորհվում է մեկ այլ գիտնականի։

Այժմ մի քիչ հանգամանալի անդրադառնանք մեր անվանի հայրենակցին։ Գուրգեն Ասկարյանը ծնվել է 1928թ. Մոսկվայում, ծագումով արցախցի բժիշկներ Աշոտ և Աստղիկ Ասկարյանների ընտանիքում:

…Ասկարյանն իր առաջին հետազոտական աշխատանքն սկսում է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին՝ մասնագիտանալով միջուկային ֆիզիկայի բնագավառում: Դեռևս ուսանողական տարիներին նա առաջարկում է լիցքավորված արագ մասնիկների գրանցման նոր եղանակ: Իսկ միտքը հետևյալն է. ունենք գերտաքացած թափանցիկ հեղուկ: Շատ փոքր քանակությամբ էներգիան բավարար է, որպեսզի այն հասցնի եռման վիճակի: Թողնենք, որ լիցքավորված արագ մասնիկը անցնի այդպիսի հեղուկի միջով: Մասնիկը կծախսի իր էներգիան հետագծի մոտ գտնվող ատոմների իոնացման վրա: Այս ծախսված էներգիան կվերածվի ներքին՝ ջերմային էներգիայի, որը բավարար կլինի հետագծին մոտ գտնվող հեղուկի եռման համար: Սրա հետևանքով հետագիծը կդառնա դիտելի, որովհետև բազմաթիվ պղպջակներ կառաջանան դրա երկայնքով: Գուրգեն Ասկարյանը չի հրապարակում իր այս գաղափարը: Իսկ ահա մի քանի տարի անց՝ 1952 թվականին, այն կյանքի է կոչում ամերիկացի ֆիզիկոս Դոնալդ Գրասերը, որն ստեղծում է այս մեթոդով աշխատող՝ «Պղպջակային խցիկ» անունով հանրահայտ սարքը: Այս սարքն այնքան արդյունավետ էր բարձր էներգիաների ֆիզիկայում, որ Գլասերը այս գյուտի համար 1960թ. արժանանում է Նոբելյան մրցանակի: Ասկարյանն, իհարկե, ցնցված էր այս իրադարձությունից, բայց, մյուս կողմից, սա մեծ ինքնավստահություն է հաղորդում նրան:

Գուրգեն Ասկարյանը հայտնաբերել և հետազոտել է նաեւ բարձր էներգետիկ մասնիկների անցումը հոծ նյութերի միջով (Ասկարյանի էֆեկտ): Էլեկտրոն-ֆոտոն փնջերը և նույնիսկ առանձին արագ մասնիկները կարող են ծնել ձայնային իմպուլսներ: Իոնացման վրա ծախսված էներգիան վերածվում է ջերմային էներգիայի, և հետագծի հարակից տիրույթը ենթարկվում է արագ ջերմային ընդարձակման՝ այսպիսով ստեղծելով ձայնային ալիքներ: Այս արդյունքները նոր մոտեցում առաջ բերեցին տիեզերական ճառագայթների հետազոտության ոլորտում: Գուրգեն Ասկարյանի ստացած արդյունքները հնարավորություն տվեցին գրանցելու տիեզերական ճառագայթների փնջերը և առանձին մասնիկները՝ օգտագործելով ձայնային ընկալիչներ՝ տեղակայված փոխազդեցության ընթացքից որոշ հեռավորության վրա:

Ասկարյանն ապացուցել է, որ տիեզերական ճառագայթների փնջերն արձակում են էլեկտրամագնիսական ալիքներ՝ ընձեռելով դրանց գրանցման նոր հնարավորություն: Ասկարյանի հետազոտությունները ցույց տվեցին, որ փոխազդեցության ընթացքում առկա է բացասական լիցքի ավելցուկ (էլեկտրոնային ավելցուկ): Այս հավելյալ էլեկտրոնները կա՛մ պոկվում են ատոմներից ֆոտոէֆեկտի միջոցով, կա՛մ ծնվում են իոնացման հետևանքով: Միևնույն ժամանակ, այս հետազոտությունները նոր հեռանկարներ բացեցին տիեզերական ճառագայթների հեռակա գրանցման համար: Ներկայումս բազմաթիվ ռադիոաստղագիտական կայաններ կատարում են տիեզերական ճառագայթների ուսումնասիրություններ՝ հիմնված հենց այս եղանակի վրա: Ավելի ուշ Գուրգեն Ասկարյանը ցույց տվեց, որ հզոր լազերային ճառագայթները, անցնելով նյութի միջով, նույնպես ծնում են ձայնային ալիքներ: Այս երևույթը կարող է կիրառվել, օրինակ, նյութի մշակման կամ դրա քայքայման համար: Այս ուսումնասիրությունների արդյունքում ծնվեց ֆիզիկայի նոր բնագավառ՝ ճառագայթային ակուստիկան, որի հիմնադիրը Գուրգեն Ասկարյանն է:

«Գիտությունը նույնքան անողոք է, որքան պատերազմը: Այստեղ էլ կան անհետ կորածներ, հետախույզներ, կողոպտիչներ, և կա հաղթանակի փառք ու պարտության ցավ: Բայց եթե պատերազմի ժամանակ երկու կողմն էլ ձեռքին զենք ունի, գիտության մեջ երբեմն զենք ունենում է միայն բարձր դիրքում կանգնածը.նա ունի «անվանացանկային անսխալականության» զրահաբաճկոն և իր ուղեկիցների սեփական զորքը: Եվ նրանց դեմ, որպես կանոն, դուրս է գալիս միայնակ զինվորը, որը հազվագյուտ ստեղծագործական միտք ու հոգի ունի և չափազանց խոցելի է: Այսպիսին է այն ստեղծարարի հոգին, որն ուզում է նորը բացահայտել: Այս պատերազմը մշտապես վերածվում է անհավասար պայմաններում ընթացող մենամարտի»,- մահից ոչ շատ առաջ ահա այսպես է նկարագրել անվանի գիտնականը այն մթնոլորտը, որտեղ բախտ էր վիճակվել գործունեություն ծավալել:

Ասկարյանը չնայած արժանացավ խորհրդային ամենահեղինակավոր՝ Լենինյան մրցանակի, այնուամենայնիվ, այդպես էլ չստացավ Նոբելյան մրցանակ: Նա իր ամբողջ կյանքը նվիրեց գիտությանը և այդպես էլ ընտանիք չկազմեց՝ նվիրվելով մորը և հոգեկան անհավասարակշիռ վիճակում հայտնված քրոջը, որոնցից հարազատ ոչ ոք չուներ ամբողջ աշխարհում։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ