Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԼԻՊԱՐԻՏ ՄԻՐԶՈՅԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1922թ. նոյեմբերի 20-ին Բռնակոթ գյուղում (Սիսիանի շրջան), գյուղացու ընտանիքում:

1938թ. ավարտել է միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը: Աշխատել է կոլտնտեսությունում:

1941թ. դեկտեմբերին զորակոչվել է Կարմիր բանակ:

Հեռախոսավարների սերժանտական դպրոցում սոորելուց հետո,1942թ. նոյեմբերից 408-րդ հայկական դիվիզիայի կազմում եղել է մարտադաշտերում, մասնակցել Կրասնոդարի համար մղված մարտերին, այնուհետեւ՝ 410-րդ գվարդիական դիվիզիայի կազմում՝ Կուրսկի աղեղի ճակատամարտին:  Ֆաշիստների դեմ մղած բոլոր մարտերում իրեն դրսեւորել է լավագույնս, ինչի համար արժանացել է տարբեր պարգեւների:

1943թ. մասնակցել է Ուկրաինայի ազատագրմանը: Դնեպրի համար մղված թեժ մարտերի ընթացքում սերժանտ Լիպարիտ Իսրայելյանը եղել է առաջին ջրանցողներից եւ իր հետ տարել է հեռախոսալարն ու կապի սարքը՝ ապահովելով Դնեպրը գետանցած ստորաբաժանումների հետ հուսալի կապը: Գետափնյա պլացդարմը պահպանելու համար հակառակորդի հետ մարտնչելիս ոչնչացրել է խորհրդային ռազմիկների մարտաշարքեր ներխուժած մի քանի ավտոմատավորի: Երեք անգամ վիրավորվել է, բայց մնացել է մարտաշարքում:

1944թ. փետրվարի 22-ին ավագ սերժանտ Լիպարիտ Միրզոյի Իսրայելյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի եւ «Ոսկե աստղ» մեդալի հանձնումով:

Ավագ սերժանտ Իսրայելյանը թեժ, անզիջում մարտերով անցել է Տուապսե, Կրասնոդար, Ստալինգրադ, Բելգրադ, Բուխարեստ, Վիեննա քաղաքներով: Կրասնոդարի համար մղված մարտերում ցուցաբերած սխրանքների համար պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, Ստալինգրադի համար՝ Կարմիր աստղի շքանշանով, իսկ Բելգրադի համար մարտնչելիս՝ Կարմիր դրոշի շքանշանով: Մասնակցել է նաեւ Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը եւ Բեռլինի գրավման ռազմագործողությանը:

Պատերազմից հետո Իսրայելյանն ավագի կոչումով զորացրվել է: Ապրել է Սիսիանում, աշխատել որպես «Գյուղտեխնիկա» միավորման առաքիչ:

Մահացել է 1965թ. հոկտեմբերի 15-ին: Հանգչում է հայրենի գյուղի շիրմատանը:

Հերոսի անունն են կրում հարազատ գյուղի մի փողոց եւ դպրոցը: