Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ...
ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ…

Սկիզբը՝ նախորդ համարում

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ...

Մեր ջոկատի աղջիկների ծնողների ամենամեծ հոգսն այն էր, որ հանկարծ իրենց դուստրերը գերի չընկնեն: Երևի դրանից ավելի էին վախենում, քան, եթե զոհվեինք մարտի դաշտում: Երբ ջոկատը նոր հավաքվում էր, և մեկս մյուսի ծնողներին գնում էինք համոզելու, նրանք նախ և առաջ աղջիկների հետ էին ծանոթանում, տեսնում՝ ինչ տեսակ մարդիկ են: Մեր ջոկատն, իհարկե, հատընտիր էր.  կարճատև զրույցից հետո տեսնելով, թե ինչ տղամարդ-աղջիկներ են բոլորը,  իրենց դստեր կյանքը վստահում էին նրանց: Հետագայում տեսան, թե ի՜նչ հարգանք ենք վայելում հատկապես մեր տղաների շրջանում: Թե ինչ ուշադիր են մեր հանդեպ:  Ջոկատի աղջիկներն անմիջապես մարտական միավորի լիիրավ անդամ էին դառնում: Տղաները մեր մասին ասում էին՝ «Մեր ախպերներն են, մեր մարտական ընկերները»: Մարտական գործողության գնալիս, երբ գիտեին, որ իրենց հետ ուս ուսի աղջիկներ էլ են կռվում, որոնք նաև բուժակներ են, ավելի վստահ էին զգում, ավելի պատվախնդիր դառնում: Իհարկե, նաև չէին մոռանում, որ կին ենք. երբեմն, չգիտես որտեղից հայթայթած ծաղիկներ էին նվիրում: Փորձում էին բոլոր հանգամանքներում մեզ համար հարմարավետ պայմաններ ստեղծել:  Եղել է՝ իրենք են մեզ համար սեղան գցել, ուտելիք պատրաստել:

…1993թ. մարտ ամսի վերջերին Քելբաջարի մարտագործողության նախապատրաստական փուլն էր: Վարդուհին, Կարինեն, Սարգսյան Մարգարիտան և ես Շուշիի գնդի հետ էինք: Ոտքով էինք գնում՝ սարերով-ձորերով: Գետն անցնելիս մեր տղաներից մի քանիսը ջուրն ընկան, լրիվ թրջվեցին: Ում մոտ ինչ տաք շոր կար, տվեցինք նրանց, շատ ցուրտ էր: Ադրբեջանցիների լքված շեներով անցնելիս պետք էր շատ ուշադիր լինել ծուղակներից: Տներից ձու, մի բանկա պոպոքով մեղր գտանք. ամեն մեկս մի-մի գդալ կերանք:

Այսպես քայլելով հասանք 80-81 ձյունապատ բարձունքը: Չնայած կտրող ցրտին, արևոտ եղանակ էր: Դիպուկահար Մարգարիտայի կողքին էի: Վիրավոր ունեցանք: Վարդուհին նրան դուրս բերեց, իսկ ես մնացի Մարգարիտայի մոտ: Այդ օրը երկրորդ անգամ ետ վերցրինք 80-81 բարձունքը:  Զոհեր չունեցանք…

Տիկին Անահիտը անցումները մարտական գործողություններից կարճատև խաղաղ օրեր ու էլի կռվի դրվագներ այնքան հանդարտ է կատարում, որ շփոթության մեջ եմ ընկնում: Նրան ասում եմ այդ մասին: Ներողամիտ ժպտում է:

-Ախր, Քնա՛ր ջան, ի՞նչ անեմ, հենց այդպես էլ ապրում էինք, մեզ համար այդ անցումներն այնքան սովորական էին դարձել… 1993թ. մայիսն էր՝ Կուբաթլուի գործողության նախապատրաստական փուլը: Մենք Խծաբերդում սպասում էինք: Սա մեր Թամրազյան Անահիտի հայրական գյուղն է: Ութ աղջիկներով՝ Գայանեն, երկու Մարգարիտաները, մեծ Անահիտը, Կարինեն, Վարդուհին, ես և Շամիրյան Ծովինարը, որ մայիսից միացավ մեր վաշտին, մնացինք նրա հորեղբոր տանը: Դիրքային ծառայություն էինք իրականացնում: Մի ամիս մարտագործողություններ չկային. կարծես, հանգստյան տուն էինք եկել:

Դիրքերում հերթափոխից հետո ետ եկանք Խծաբերդ: Այդ օրը Ավոյի զոհվելու ցավոտ լուրն առանք.…

Գյուղացիները մեզ շատ լավ էին նայում. ամեն օր ուտելիք էին բերում իրենց պարտեզների բարիքներից: Մի օր սպասում էինք մեքենային, որը մեզ մարտագործողության պետք է տաներ Ղազանչիի ուղղությամբ: Ուշանում էր: Գյուղամիջում ես ու Սարգսյան Մարգարիտան քայլում էինք: Նրբակազմ աղջիկ էր Մարգարիտան, բայց երբ զինվորական համազգեստով էր, մի քիչ խիստ քայլվածքով, կարճ կտրած մազերով ու զինվորական գլխարկը աչքերին քաշած՝ կողքից նայողին թվում էր՝ տղամարդ է: Տաք-տաք խոսում էր, մեկ էլ՝ մի գյուղացի կին մոտեցավ. «Մատաղ լինեմ ձեզ, դուք միշտ միասին եք գնում-գալիս. երևի ամուսիններ եք»: Մարգարիտան անսպասելիությունից է՛լ ավելի զայրացավ: Ես հազիվ զսպած ժպիտով նայեցի նրան, ու էլ չդիմացանք, բարձր ծիծաղեցինք: Իսկ այդ կինը մեր ծիծաղից շփոթված՝ փորձեց ուղղել իրեն. «Դե, ասում եմ, երևի քույր ու եղբայր եք, էլի՛»: Միշտ ձիգ, պարտաճանաչ, իսկական զինվորական էր Մարգարիտան: Իսկ խաղաղության մեջ՝ զգայուն, բարի, ռոմանտիկ, ազնիվ հոգի:

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ...Մարտակերտի Ղազանչի գյուղի ուղղությամբ ստորաբաժանման հետ գնացինք ես, Գայանեն ու Թարանյան Մարգարիտան: Գործողությունը ղեկավարում էր գումարտակի հրամանատար Վլադիմիր Ավագյանը: Վաշտի հրամանատար Շեկյան Ալվարոն էլ էր մասնակցում այս գործողությանը. Ղազանչին նրա հայրական գյուղն էր: Տղաները, երկու խմբի բաժանված, բարձրացել էին բարձունքը գրավելու:  Աղջիկներով ներքևում՝ 20-25 մետր հեռավորության վրա ճանապարհին սպասում էինք: Շատ չէր անցել, մեկ էլ կիսամթան մեջ զինվորականների ուրվապատկերներ երևացին. շտապով իջնում էին բարձունքից: Ձայն տվեցինք՝ «Ովքե՞ր եք». ոչ մի պատասխան: Հասկացանք, որ ադրբեջանցիներ են: Չէինք սպասում. շատ մոտ էին մեզ: Երևի գերի ընկնելու վտանգը ամենից սարսափելի հեռանկարն է այս դեպքում… Այդ պահին առաջին բանը, որ մտքներովս անցավ, դեպի մոտակա մոշի թփուտը մեզ նետելն էր: Մարգարիտան և Ծովինարն արագ ճեղքեցին թփուտը: Ես էլ փորձեցի անցնել, բայց փշերը ճանկռոտեցին. պատկերացրի, թե ինչպես եմ անցնելու դրա միջով ու վարանեցի: Հաջորդ պահին, քիչ հեռանալով, փռվեցի գետնին ու աչքերս փակեցի. շունչս պահած սպասում էի կրակահերթին: Քիչ անց, հասկացա, որ շուրջս ոչ ոք չկա. մի աչքս բացեցի, հետո մյուսը: Տեղից վեր կացա ու տեսա, որ հակառակորդի զինվորները արտի միջով արագ հեռանում են: Նրանք էլ մեզնից էին փախչում… Գրոհը հաջողած մեր տղաներն ու նրանց օգնության հասած աղջիկները կարգին անհանգստացել էին ինձ համար, բայց նույն ճանապարհին գտան՝ ողջ-առողջ իրենց սպասելիս: Այդ օրն էլ զոհեր, վիրավորներ չունեցանք: Ալվարոն Ղազանչին ազատագրելուց հետո հպարտությամբ ասում էր. «Ա՛յ, թե հայրս իմանա, որ իմ հայրենի գյուղն եմ ազատագրել…»:

Հրամանատարը՝ Վաչագան Իշխանյանը, եղբորս՝ Աշոտին պատմել էր այս դեպքը, իսկ նա տնեցիներին միայն ասել էր՝ «Բախտներն էդ օրը բերել է»:

Հաջորդը Մարտակերտի «Պուշկենյալ» բարձունքն էր. Սարգսյան Մարգարիտայի, Ծովինարի ու Կարինեի հետ էինք: Հերթապահում էինք բարձունքում: Երբեմն իջնում էինք թուրքերի լքած գյուղ՝ ուտելիք էինք հայթայթում, այգիներից լոբի, միրգ էինք հավաքում: Հերթափոխին գիշերում էինք հայկական Հոռաթաղ գյուղում, որը նույնպես ամայի էր: Դեպի դիրքեր տանող ճանապարհները ականապատ էին: Մեր տղաներից հինգ հոգի այդ ընթացքում ականի վրա պայթեցին: Չհասցրինք փրկել… Մի օր էլ Կարինեն ու Ծովինարը ուժգին հրետակոծության տակ ընկան. Ծովինարն այդ օրը ցնցակաթված ստացավ: «Պուշկենյալում» էինք, երբ ինձ տնից զանգեցին, ասացին՝ դեպք է պատահել: Ամեն տուն մի տղամարդ կորցնում էր կռիվներում… Քեռուս տղան էր զոհվել պատերազմում,  հորեղբորս տղան… Մտքովս չէր անցնի, որ այս անգամ եղբայրս՝ Աշոտն էր…  Վերադարձա Ստեփանակերտ:

1993թ. օգոստոս ամիսն էր: Որոշ ժամանակ տանն էի, ծնողներիս հետ, մարտական գործողությունների դեռ չէի գնում: Կարինեն, Թարանյան ու Սարգսյան Մարգարիտաները, Գայանեն և Թամրազյան Անահիտը «Պուշկենյալից» հետո գնացել էին մասնակցելու Կուբաթլուի ուղղությամբ Բաշարաթ գյուղի գրավման գործողությանը: Բաշարաթի՝ տարածքի վրա իշխող բարձունքի գրավման գործողությունը հիրավի բացառիկ էր: Շուշիի ամբողջ գունդը գիշերով հաջողել էր աննկատ տեղափոխվել թշնամու թիկունք ու լուսադեմին հարձակվել՝ անակնկալի բերելով ադրբեջանցիներին: Անառիկ դիրքերը գրավվեցին արագ ու առանց մի զոհի: Սակայն թշնամին չէր կարող հաշտվել այս կորստի հետ: Բարձունքի վրա հզոր հրետակոծություն սկսեցին: Մերոնք այնտեղ իսկական մսաղացի մեջ էին հայտնվել… Շուշիի գնդի լավագույն մարտիկներից շատերն այդ օրերին զոհվեցին՝ Դավիթը, Աշոտը, 17-ամյա Վիտալիկը… Ականները թափվում էին՝ միանգամից 6-8 կյանք խլելով… Կանանց մեր ջոկատից օգոստոսի 17-ին ծանր բեկորային վիրավորումներ ստացավ, գլխից ծանր վիրավորվեց Կարինեն, դրա հաջորդ օրը՝ Եվգենյան վիրավորվեց: Կարինեն այն պահին էր վիրավորվել, երբ ճիշտ ադրբեջանցիների աչքի առաջ, կրակների տակ, վիրակապում էր վիրավոր Արկադիային…

Կարինեն մեր ջոկատի մյուս բացառիկ խիզախ մարտիկն էր. նա զենքը ձեռքին՝ տղաների հետ հավասար կռիվ էր տալիս: Նրան ասում էինք՝ «Դու հո Ռեմբոն չե՞ս՝ առանց աջուձախ նայելու, գլուխդ տնկած առաջ ես գնում»: Նեղանում էր. «Ինչո՞ւ՝ հենց Ռեմբոն»: Բայց նրա մեջ իրոք բոլորովին վախ չկար, այլ միայն նվիրում: Այդ օրը՝ օգոստոսի 17-ին, ավարտվեց նրա մարտական ուղին…

Սարգսյան Մարգարիտան Կարինեին ուղղաթիռով հասցրեց Ստեփանակերտ: Կարինեի մոր, հարազատների հետ նրանց ուղղաթիռը դիմավորեցինք «Տատիկ-Պապիկի» մոտ: Կարինեին տեղափոխեցինք հոսպիտալ. սարսափելի ապրումների մեջ էինք, անդադար լալիս էինք: Իսկ Կարինեի մայրը մեզ հանգստացնում էր. «Մի՛ մտածեք, աղջիկնե՛ր ջան, կտեսնե՛ք, ամեն ինչ լավ է լինելու. երազումս տեսել եմ, որ լավանալու է Կարինես»: Բեկորային բազմակի վնասվածքներ, գլխի լուրջ վիրահատություն տարավ և ապրեց…Նրա մարմնում մինչև օրս էլ, մի քանի ծանր վիրահատություններից հետո, դեռ բեկորներ կան:

Կարինեն մոր հետ այսօր էլ ապրում է հայրենի Շուշիում:

…Երկու հարևաններս էին Սարգսյան ու Թարանյան Մարգարիտաները: Երբ հերթական գործողության գնալիս առավոտյան գալիս էին իմ ետևից, հայրիկս հերթով բոլորիս ճակատները համբուրում էր, օրհնում ու ասում. «Զգո՛ւյշ կմնաք, մատա՛ղ լինեմ ձեզ»: Ծնողներս մեր հետևից երբեք լաց չէին լինում. մայրս էլ, հայրս էլ միշտ ցամաք աչքով էին ճանապարհում: Եթե ընտրել ես այդ ուղին, պիտի գնաս…

Իսկ մեր Սարգսյան Մարգարիտայի մայրը աղջկան ճանապարհելիս միշտ լալիս էր… Մարգարիտան շատ լավ դիպուկահար էր: Դեռևս դպրոցում Ադրբեջանի մասշտաբով մրցույթներում կրակելուց միշտ առնվազն երկրորդ տեղն էր զբաղեցնում:

Մեր Մարգարիտը… Հիշում եմ, միշտ մեզ ասում էր. «Աղջիկնե՛ր ջան, երդվո՛ւմ եմ,  Աստված չանի, եթե ձեզնից մեկը հաշմանդամի սայլակին հայտնվի, մինչև կյանքիս վերջը կխնամեմ»: Կարինեին հոսպիտալում տեղավորելուց հետո Մարգարիտան անմիջապես էլի մարտի էր մեկնելու՝ էլի չարաբաստիկ Բաշարաթ: Ինձ խնդրեց. «Էնտեղ շատ ցուրտ է լինում. ինձ մի տաք շոր տուր»: Մեր տանը կոմոդը բացեցի, ու հենց առաջինը ձեռքս ընկան զոհված եղբորս՝ Աշոտի կիսագուլպաները… Շատ որոշակի զգացի, թե ինչպես ձեռքերիս հոսանք փոխանցվեց ու անցավ մարմնովս: Ծանր կանխազգացում ունեցա… Մարգարիտան ընտրեց մյուս եղբորս ժիլետներից մեկը՝ գորշ ու վրան սիրտ ասեղնագործված: Ասաց. «Ա՛յ, սա շատ հարմար է: Համ էլ սիրուն է»: Մի քանի օր հետո՝ 1993թ. օգոստոսի 23-ին, եղբորս մահվանից ճիշտ մեկ ամիս անց, լուր ստացանք, որ զոհվել է…

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ...Հերոսաբար մյուս մարտիկների հետ կռվել ու զոհվել էր մեր դիպուկահար Մարգարիտը… Տղամարդավայել՝ զենքը ձեռքին… Մի խրամատում միասին էին եղել աղջիկները, երբ կանչել էին հետախուզության գնալու: Մենակ էր գնացել. մյուսներին ասել էր. «Էս անգամ ոչ ոք հետս չգա: Միայն, պայուսակս թարմացրե՛ք, ինչ որ պետք է՝ դրեք»: Նրա հետ հետախուզության մեկնած 15 քաջերից այդ օրը միայն երեքը ողջ մնացին. առերեսվել էին բարձունքը գրոհող մոջահեդների հետ, անհավասար մարտի բռնվել…  Հետագայում աղջիկները միշտ մտածում էին, որ նա վատ կանխազգում էր ունեցել ու խնայել էր իրենց:

Բաշարաթից հետո աղջիկները ետ եկան,  մի քանի օր հանգստացան: Ես ու Գայանեն գնացինք Հորադիզի ուղղությամբ մեկնող ջոկատի հետ. ամսից ավելի հերթապահեցինք գյուղի դիրքերում: Այդ ընթացքում մի վիրավոր ունեցանք, որի կյանքը Գայանեի շնորհիվ փրկվեց: Վառելիք չկար, ամբողջ գյուղը իրար խառնեց, գտավ, ժամանակին մեքենայով հասցրեց հոսպիտալ, փրկեց 17-18 տարեկան տղայի կյանքը: Ֆեյսբուքում խմբային նկար էի դրել, տեսե՞լ եք: Մեզ սելֆի անող, առաջին պլանում երևացող մարդը հենց այդ տղան է. դեռ բոլորովին երեխա էր էն ժամանակ:

Գայանեն… Գայանե Առստամյանը մեր ջոկատի մյուս յուրօրինակ մարտիկն է:  Հաճախ էր դառնությամբ ասում՝ «Մեր ծնողներին շա՜տ ենք ցավ պատճառել…»: Սկզբում որպես կապավոր՝ մեկնել էր Բերդաձոր: Գյուղը շրջափակման մեջ էր, օմօնականները լցված էին. և այնտեղից հաջողում էր հստակ կապ ապահովել, տեղեկացնել, թե ինչ է կատարվում գյուղում: Այնքան լավ էր անում իր գործը, որ նրա համար օմօնականները գլխագին էին նշանակել:  Մերոնք կանանց մի խմբի հետ նրան մեքենա էին նստեցրել, մի փոքրիկ երեխայի էին դրել գիրկը, որ մոլորեցնեն օմօնականներին ու այսպես նրան մի կերպ դուրս էին բերել գյուղից:

Մեր ջոկատի մյուս մարտիկը՝ Վարդուհին, դեռևս 1988թ. շարժման ակտիվ մասնակիցներից էր: Անկախության ստորագրահավաքներն էր կազմակերպում: 1988-89թթ. տղաներին հավասար Փարուխ  գյուղի դիրքերն էր պահում: Հրամանատարի զոհվելուց հետո միացավ մեր ջոկատին: Միշտ առջևում, միշտ զենքը ձեռքին: Կանանց ջոկատի ստեղծման գաղափարը Գայանեինն էր: Գնացել էր Կոմանդոսի մոտ և հիմնավորել կանանց ջոկատ ստեղծելու անհրաժեշտությունը: Վարդուհու հետ սկսել էին ցուցակագրել ուսումնական կենտրոն դիմող աղջիկներին:

Այս բոլոր պատմություններից դեռ ուշքի չգալով՝ հարցնում եմ.

-Տիկի՛ն Անահիտ ջան, շուրջ երեսուն տարի է անցել այն օրերից: Ինչ-որ բան փոխվե՞լ է Ձեր, մյուս աղջիկների մեջ:

-Ոչի՛նչ: Աղջիկները նույն խենթուխելառ, իրար, իրենց հող ու ջրին շատ նվիրված մարդիկ են: Դուք պետք է տեսնեք, թե երբ հանդիպում ենք, հատկապես Անահիտն ու Գայանեն ի՜նչ եռանդով, ի՜նչ կրքով են խոսում Արցախի կարգավիճակի, ապագայի մասին: Կռիվը բոլորիս մեջ դեռ շարունակվում է:

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ...Ադրբեջանցիների հանդեպ ատելություն չեմ ունեցել ու չունեմ, բայց նրանց կողմից միշտ պետք է վտանգի սպասենք ու փայտը երբեք ձեռքներիցս վայր չդնենք: Հիմա արդեն մեր կանոնավոր բանակն ունենք. մեզ շատ պաշտպանված ենք զգում: Ապրիլյան դեպքերը ոչ թե 100, այլ 200 տոկոսով հաստատեցին, որ մենք մինչ այդ չենք պատկերացրել, թե մեր երիտասարդները որքան ամուր կարող են կանգնել ու ինչ մեծ սխրանքների են ընդունակ թշնամուն հակահարված տալիս: Զարմիկս՝ Գառնիկը, որ Արցախյան պատերազմում ոտնաթաթը կորցրած հաշմանդամ մարդ է, ապրիլյան քառօրյայի օրերին Մարտակերտի դիրքերից մեկն էր շտապել: Իր աշխատանքային ջրատար մեքենայով կրակի տակ ջուր էր հասցնում դիրքեր: Պատերազմում շատ բան տեսած մարդն այնպիսի՜ հպարտությամբ, հիացմունքով էր պատմում մեր 18-19 տարեկան զինվոր տղաների մասին…

♦♦♦

Աղջիկների ջոկատից այսօր բացակայում են երկու Մարգարիտաները՝ Սարգսյանը, որ հերոսաբար զոհվեց մարտադաշտում, և Թարանյան Մարգարիտան, որ այս տարվա փետրվարին, ոչ մի պահ չկորցներով հոգու լույսն ու ոգու արիությունը, մահացավ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո: Ի դեպ, վերջինս պատերազմի տարիներին, մարտագործողությունների ընդմիջումներին, օրագրային գրառումներ էր անում, որոնք վավերագրական կարևոր նյութ են պարունակում աղջիկների ջոկատի և այն ջոկատների հերոսական գործողությունների մասին, որոնց հետ նրանք մեկնում էին ճակատ: 2017թ. լույս է տեսել Արմինե Հայրապետյանի «Մարգարիտայի օրագիրը» վերնագրով հոդվածը, որում զետեղված են երիտասարդ հերոսուհու  հուշերից կարևոր մասունքներ:

Ջոկատի անդամներից մարտադաշտում ծանր վիրավորված Կարինե Դանիելյանն առաջին կարգի հաշմանդամ է, Եվգենյա Առստամյանը հաշմանդամության երկրորդ կարգ ունի:

Ջոկատի աղջիկներն իրենց սխրանքների համար շքանշանների են արժանացել: Մարգարիտա Թարանյանը, Գայանե Առստամյանը, Վարդուհի Գևորգյանն ու Մարգարիտ Սարգսյանը (հետմահու), արժանացել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Իսկ Կարինե Դանիելյանը, Եվգենյա Առստամյանը, Անահիտ Թամրազյանն ու Անահիտ Պետրոսյանը՝ «Արիության համար» մեդալի:

Հերոսական ջոկատն այսօր էլ իրար գլուխ հավաքվելու, հին օրերը հիշելու առիթը բաց չի թողնում: Տիկին Անահիտը երկու որդի ունի.

-Ես տղաներիս ոչ միայն Արցախյան, այլև ապրիլյան պատերազմի օրինակով եմ դաստիարակում: Ասել եմ՝ տեսե՛ք, ինչքան զոհեր տվեցինք, ի՜նչ տղաներ զոհվեցին հանուն նրա, որ մենք այսօր այստեղ՝ մեր հողում ապրենք ազատության ու խաղաղության մեջ: Ժամանակը որ գա, դո՛ւք պետք է գնաք ու ամուր պաշտպանեք մեր սահմանը, որպեսզի նրանց քույրերը, մայրերն ու զավակներն էլ հանգիստ ու խաղաղ ապրեն…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Անահիտ Պետրոսյանի անձնական արխիվից