Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ ԼԵԳԵՆԴԸ
ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ ԼԵԳԵՆԴԸ

ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ ԼԵԳԵՆԴԸ1990-ականներին ծանր իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի և սահմանադրական ճանապարհով իր ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հայտ ներկայացրած Արցախի բնակչության համար:

Հակամարտությունն ի սկզբանե ցույց տվեց, որ խորհրդային իշխանությունները կամք ու ցանկություն չունեն լուծելու կուտակված ազգային հարցերը: Սակայն Սումգայիթում, Բաքվում բնակվող հայերի կազմակերպված ջարդերը, Երեւանում ու Արցախում պարետային ժամ մտցնելը, խորհրդային բանակի օգնությամբ ադրբեջանցիների հարձակումները հայկական սահմանային բնակավայրերի վրա ոչ միայն չընկճեցին հայ ժողովրդին, այլեւ ավելի ամրապնդեցին նրա անկախության ու ազատության ձգտման կամքը: Ինքնաբուխ կերպով ամենուր ստեղծվեցին կամավորական ջոկատներ, որոնց  գործողությունները ոչ միշտ էին արդյունավետ: Նրանք չունեին զենք, զինամթերք, համապատասխան մարտական պատրաստություն, համազգեստ, ջոկատների միջև բացակայում էր փոխգործակցությունը: Միաժամանակ, այդ ջոկատներից ոչ բոլորն էին սատարում համաժողովրդական շարժման միջոցով իշխանության եկած քաղաքական նոր ուժին, և առկա էր հանրապետությունում քաոսային իրավիճակ ստեղծվելու վտանգը: Դեպքերի նման զարգացումը կանխելու, ներքին կարգ ու կանոնն ամրապնդելու, Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակչության անվտանգությունն առավել կազմակերպված դարձնելու նպատակով երիտասարդ իշխանությունը որոշեց հանրապետության տարածքում առկա ջոկատները միավորել մեկ զորամասի կազմում, մեկ հրամանատարության ենթակայությամբ: Եվ քանի որ ԽՍՀՄ ղեկավարները կտրականապես դեմ էին զինվորական որևէ կառույցի ստեղծմանը, որոշվեց գունդն ստեղծել ներքին գործերի նախարարության կազմում՝ ներքին կարգ ու կանոն ապահովելու հիմնավորմամբ:

Միավորվեցին մայրաքաղաքի և հանրապետության շրջանների մոտ երեք տասնյակ վաշտեր, առանձին կամավորական ջոկատներ: Հրամանատար նշանակվեց գնդապետ Սերգեյ Առաքելյանը: 1990թ. սեպտեմբերի 20-ին հանրապետական հավաքակայանում, որտեղ տեղակայվել էր գունդը, տեղի ունեցավ երդման առաջին արարողությունը:

Հատուկ գնդի ստեղծումը հոգեբանական կարևոր նշանակություն ունեցավ ժողովրդի համար: Մարդիկ տեսան, որ ստեղծվել է մի ուժ, որին կարող են ապավինել, այն ուժը, որ պատրաստ է պաշտպանելու իրեն ադրբեջանական հրոսակախմբերի և խորհրդային բանակի հարձակումներից ու հալածանքներից: Մինչդեռ Հատուկ գնդի ստեղծումով պաշտպանության խնդիրները միանգամից չլուծվեցին: Հակամարտությունը գնալով խորանում էր: Ադրբեջանում տեղակայված ԽՍՀՄ զորամասերը բացահայտորեն զինում, օգնում էին ադրբեջանցիներին՝ Արցախի, Շահումյանի և հարակից բնակավայրերի հայ բնակչությանը ստիպելով հեռանալ իրենց պատմական հայրենիքից: Այդ ծրագիրը ձախողելու համար 1991թ. Գունդը մեկնեց Շահումյան՝ իր վրա վերցնելով դիմակայության հիմնական ծանրությունը:

Նույն տարվա մայիս ամսին Արցախի  պաշտպանական ուժերին հաջողվեց ազատագրել ԼՂՀ-ն և Լաչինի միջանցքով ցամաքային կապ հաստատել Հայաստանի հետ: Ցավոք, հաջողության ոգևորությունը երկար չտևեց: Կիրովաբադի խորհրդային (արդեն ռուսական) զորամասը, կիրառելով մեծաքանակ զրահատեխնիկա, ծանր հրետանի և ինքնաթիռներ, ներխուժեց Շահումյան ու Մարտակերտ: Հատուկ գնդի ստորաբաժանումները և կամավորական մյուս ջոկատները հարկադրված էին բնակչության հետ նահանջել՝ ապահովելու վերջիններիս անվտանգությունը: Այդ ժամանակ զոհվեց գնդի երկրորդ հրամանատարը՝ Վլադիմիր Կարապետյանը: Գնդի մարտիկների ընտրությամբ հրամանատար նշանակվեց Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը:

1993թ. մարտի վերջին ԼՂՀ պաշտպանության բանակը և Հայաստանի կամավորական ջոկատները  ոչնչացրին  Քարվաճառի  ադրբեջանական կրակակետերը: Զարգացնելով հաջողությունը՝ նույն տարվա ամռան և աշնան ամիսներին հայկական զինուժը մեկը մյուսի հետևից ոչնչացրեց Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի կրակակետերը և փախուստի մատնեց բարոյալքված թշնամուն. ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավարևելյան ուղղության անվտանգության գոտին: Այս գործողություններում, անշուշտ, չափազանց մեծ էր նաև Հատուկ գնդի ստորաբաժանումների դերը:

1993թ. վերջին, երբ, թվում էր՝ պատերազմը հասել է տրամաբանական ավարտին, Ադրբեջանի նախագահի պաշտոնին հայտնված Հեյդար Ալիևը դիմեց հերթական արկածախնդրությանը: Վերակազմավորելով քայքայված բանակի մնացորդները եւ հավաքագրելով մեծաթիվ օտարազգի վարձկանների՝ նա փորձեց բոլոր ուղղություններով հանկարծակի գրոհի միջոցով հասնել հաղթանակի: Առավել ծանր իրավիճակ ստեղծվեց Քարվաճառում: Տիրելով գերիշխող բարձունքներին՝ ոգևորված թշնամին ձգտում էր ոչ միայն հաստատվել կիրճում, այլև, ճեղքելով հայկական պաշտպանությունը, դուրս գալ Լաչին, Ղուբաթլի, այնտեղից էլ՝ Արաքսի հովիտ: Դեկտեմբերի վերջին Հատուկ գունդը տեղափոխվեց Քարվաճառ և զբաղեցնելով պաշտպանական դիրքեր, խափանեց թշնամու առաջխաղացումը:

Գնդի մարտիկների հետ թշնամուն դիմակայում էին այլ զորամասերի ստորաբաժանումներ, կամավորական ջոկատներ: 1994թ. գարնանը մեր զորքերը կրկին ազատագրեցին հայոց հինավուրց այդ տարածքը և նպաստավոր դիրքեր գրավեցին լեռնային բարձունքներում:

Չափազանց մեծ ու կարևոր է Հատուկ գնդի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի, հայկական Երրորդ Հանրապետության պատմության, հայկական բանակի ստեղծման, Արցախյան պատերազմում տարած հաղթանակի գործում: Շուրջ երկու տարի ադրբեջանցիներին տանջում էր իրենց իսկ խոսքով՝ «հայկական էքսպեդիցիոն կորպուսի» ներկայությունը Արցախում: Մինչ գնդի մարտիկները կռվում, պաշտպանում էին ժողովրդին, թիկունքում դրվում էին ազգային բանակի ստեղծման հիմքերը, անցկացվում էր զորակոչ, ստեղծվում էին կանոնավոր ստորաբաժանումներ: Հիմնականում ստեղծվում էին Հատուկ գնդի տարածքային վաշտերի հիման վրա: Հրադադարի հաստատումից հետո էլ գնդի անդամների մեծ մասը շարունակեց ծառայությունը ազգային բանակում՝ զբաղեցնելով ենթասպայական, սպայական տարբեր պաշտոններ: Շատերը նշանակվեցին զորամասերի հրամանատարներ, ազգային բանակում զբաղեցրին առանցքային պաշտոններ: Այսօր էլ հանրակրթական դպրոցներում կարելի է հանդիպել գնդի վետերաններից շատերին, որոնք իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանցում նախազորակոչային տարիքի պատանիներին՝ Հայոց բանակի ապագա զինվորներին:

 

Հատուկ գունդը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Վաշտի հրամանատար Ջիվան Աբրահամյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում, հարյուրավորները պարգևատրվել են կառավարական, գերատեսչական մեդալներով: Այնքան մեծ էր գնդի հեղինակությունը, որ Հայրենական մեծ պատերազմում փառահեղ ուղի անցած Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի ցանկությամբ և հորդորով նրան տրվեց Թամանյան դիվիզիայի անունը:

 

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ