Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ – 85



ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ - 85Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա:

 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

 

Երկու խոսք ընթերցողիս

 

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ - 85Ծնվել եմ Լոռի, 1935-ին: Այդ և հետագա քսան, անգամ երեսուն տարիների գյուղը մեր և հների միջև շատ ավելի Թումանյանի-Տոլստոյի-Քսենոփոնի ժամանակներին էր մոտ, քան մեր այսօրվան: Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… կարողություններիս ու տեղեկություններիս ցանկով էջը չլցնելու համար միանգամից ասեմ, առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության ու անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր՝ ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այս ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցըրել:

Ի դեպ, նման մի բան՝ հիշողության վթար և վերստեղծում, Հայոց մեր բոլոր տոհմերի ու հովիտների պես, նաև այդ բնակավայրն է ապրել. երբ հարյուր հիսուն տարի առաջ Օհանես, Հովհաննես Թովմասի Մաթևոսյան, Թումայի Օհանես անուն երիտասարդ հաղպատեցին հեռավոր այս ձորն իրեն գյուղատեղի է արել, նախկին ժողովուրդը քաշված է եղել շենացնելու պարսիկների Աղա-Մահմեդ-խանից ավերված Թիֆլիսն ու Վրաստանը կամ գուցե շահ Աբասի մեծ գաղթով է քշված եղել Իրանի խորքեր և կամ գուցե թուրքերից, արաբներից ու կովկասյան լեռնաբնակներից ասպատակված: Ո՛չ թեկուզ վայրենացած այգի, թեկուզ կորդ հերկատեղի, կորած ջրանցքի թումբ, ո՛չ էլ գետնաթաղ սանդ ու ջաղացքար,- խաչքարի իրենց հայ-քրիստոնյայի նախշուն կնիքից զատ հները ոչինչ չեն թողել գալիք ահնիձորցիներին, և սրանց առաջնեկն էլ իր պապերի Հաղպատից ոչինչ չի բերել իր հետ – մի զույգ ձեռք, մի ընկեր կին, անունը դնենք Նանի, ու մի հայոց լեզու:

Այդ անմռունչ մշակի ու անանուն աղջկա ծոռների գյուղն արդեն մաքուր խոտհարքների, լավ տաշած կալերի, ակունքը բացած աղբյուրների, երկու հարյուր աշակերտով զնգուն դպրոցի մի ողջ երկիր էր: Ահա այդ երկիրը, մեր նահապետների կապած այդ տապանը հարյուր հիսուն տարի տարուբերվեց կյանքի մակերևույթին, ապա աշխարհը մտավ կեցության նոր ոլորտ, և այդ գյուղը՝ այդ տապանը՝ մարդկության ու մարդկայնության այդ դարավոր կացարանը մեր զարմացած աչքերի առջև քայքայվեց ու խորտակվեց և կամ կերպափոխվեց, չգիտեմ:

Օհանեսի փորձն ուզում եմ կրկնել գրականության մեջ. ուզում եմ  նոր մի հովիտ փռել և բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով և կարծես թե հաջողում եմ. Ծմակուտ մի գյուղանուն, մի երկու բնակիչ ու կենդանի արդեն ունեմ: Շատերն իմ հիշողության գյուղից են գալիս, երբեմն էլ կարողանում եմ «զուտ ինձանից» ստեղծել, և այդ ամենը վերաբնակեցման տպավորություն է թողնում: Շատ կուզենայի, որ իմ հովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի, որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին, և վատերի համար իմ հովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում, և պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովիտ խուժելու միջոց չունենային, բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը:

…Ուզում եմ ճշմարիտ վերծանողը լինել նրա՛նց ճակատագրի, ովքեր անհատականություն են, բայց կորուստների ու նվաճումների ամփոփագիր են մտնում որպես անդեմ-անանուն-անցավ սոսկական միավոր, մեծ ողբերգություններում միայն համր ֆոն են և վատ գրողների անզոր գործերում ամբոխ են կնքվում: «Գլխատված երկրի հայ գյուղացին իր տունն իհարկե պետություն և իրեն էլ այդ պետության մշակի հետ նաև իշխանն էր դարձնելու. երկրի ազնվականությունն անցավ հայ շինականին, թշնամու առաջ հայոց պետականության փոխարեն հայի տունը կանգնեց» – Համո Սահյանի խոսքն է: Տարեգիրները իրենց ժամանակին երկրի գլխատման պատմությունը մատենագրել են, ես ջանում եմ վկայել իմ ժամանակի հայոց տան այդ ազնվականությունը:

 

ՀՐԱՆՏ  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

… Հրանտ Մաթևոսյանը  անդադրում հյուսում է մի մեծ պատմություն, էպիկական մի մեծ զրույց: Նրա բոլոր երկերը, միանալով իրար, դառնում են մի ասք՝ հողի, մաքառող մարդկանց. երկրի կենսական ջղերի ու բնության մասին, բոլորվում է մի խորունկ պատմություն՝ հայրենի եզերքի դիմադրության, ուժի ու հարատևության, դանդաղ, բայց մշտապես շարժվող հերոսների մասին, որոնք և՛ վերքեր են ստանում, և՛ դառնություններ քաշում, բայց կանգուն են ծառի պես: Ամեն տեսակ ցավերի ու կորուստների միջից գրողը լուսե հայացք է նետում և լույսի շող մարդկանց, մռայլվող հոգիներին, բեռնաձիերին, մութ ծմակուտներին, եղբայրանում մեծ բնության բոլոր արարածներին: Այս դրամատիկ անցքերի և լուսավոր մարդկանց հոգսի պատմությունը դառնում է մի յուրօրինակ օրհներգ մարդու ուժին և անհաղթահարելի հողին:

…Մեր լեռնային գետերը երբեմն կորչում են հարթ տեղերում, քարերի, խոչ ու խութերի  մեջ, թվում է՝ գետը չկա էլ, ծանծաղում է և ինչ-որ տեղ անհետանում: Բայց հանկարծ այդ մանրացած, ծանծաղած գետը,  ներքին բուռն հոսանք առած, հասնում է բարձր ժայռին, դառնում ջրվեժ՝ զարմանալի գեղեցիկ, ծիածանված, ուժեղ ու անհանգիստ: Եվ  այսպես շարունակվում է փոխակերպությունը: Այսպես են և Հրանտ Մաթևոսյանի  ոճն ու պատումը. դանդաղ է սկսվում պատմությունը, երբեմն, թվում է՝ կորչում է խոսքի ծանծաղուտում, մանրանում, բայց հենց այստեղ սկսվում է ներքին կուտակումը, հոգիների, մտքի ու հույզերի անդադրում շարժման հայտնագործությունը, ցավի ու սիրո երանգների հոսանքը, որը մի կետի մեջ արդեն բացվում է ներքին շիկացումով, հոգեբանական դրամայով, առանձնահատուկ բռնկումով:

… Հրանտ Մաթևոսյանը ամենից առաջ զգում է իր ժողովրդին, իր հերոսներին, իր եզերքը: Բոլոր նյարդերով: Դրա շնորհիվ  էլ նա երևան է գալիս որպես ուժեղ մտածող, արձակին տալիս  նաև իմացական ուժ, բնական պատկերներով մեծ մտածումների մեջ քաշում նաև ընթերցողին:

Ժողովուրդն, այսպես թե այնպես, նույնիսկ առաջին քայլերից զգում է ճշմարիտ գրողին: Չպետք է, իհարկե, պարզունակ դարձնել ժողովրդականության խնդիրը: Չի՛ կարելի ասել, թե ժողովուրդը հենց սկզբից ամբողջովին ընկալում է գրական  նոր երևույթների բարդ տարերքը: Իսկական արվեստը չի կարող սպառվել մի կամ մի քանի սերնդի կողմից, ժամանակի համար այն պահպանում է նորանոր շերտեր ու հմայքներ: Սակայն, նույն ժողովուրդը զարմանալի խորհուրդով անմիջապես զգում է իր մեջքից ծնված ու իր մեջքից գնացած տաղանդների նշանակությունը: Մեծ բնազդով զգում է գրողի շունչը, բարոյական կեցվածքը և ինչ-որ էական  կողմերով նաև ստեղծագործությունը, հայտնաբերում ճշմարտության  կենսական արժեքը, տեղ է բացում նրա համար…

Այսպիսի բախտ է վիճակված նաև Հրանտ Մաթևոսյանին..

      

ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ, հատվածներ  «Հայրենի եզերքի ասքը» հոդվածից

Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Հոգևոր-մշակութային


25/06/2020