Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԻՐՔԻ ԱՎԱԳԸ
ԴԻՐՔԻ ԱՎԱԳԸ

ԴԻՐՔԻ ԱՎԱԳԸԱվագ սերժանտ Մերուժան Ահարոնյան: Դիրքի ավագ է բարդ ու պատասխանատու տեղամասերից մեկում: Շուրջ երեք տարի է՝ պայմանագրային ծառայող է: Դիրքում անցկացրած կարճ ժամանակահատվածում հետեւեցինք նրա ղեկավարած անձնակազմի վարժ ու հստակ գործողություններին, պարզ դարձավ, որ դիրքը հուսալի ձեռքերում է, սահմանի տվյալ տեղամասը հուսալի պաշտպանված է:

Մարտական հերթապահության պատշաճ կազմակերպման գործում մեծագույն դեր ունեն հենակետի, դիրքի պատասխանատուները: Հենց նրանց մարտավարամասնագիտական պատրաստության աստիճանից է կախված ծառայության հաջող կազմակերպման ընթացքը: Պատասխանատուների պատրաստվածության մասին անմիջական կարծիքը ձևավորվում է առաջին իսկ հանդիպումից` զեկույցից: Զինծառայողի պարզ ու հասկանալի խոսքը, կոկիկ տեսքն ու ձիգ կեցվածքն արդեն իսկ որոշակի կարծիք է ձևավորում տվյալ հատվածում մարտական հերթապահության իրականացման մասին: Մերուժանը զորամասի հրամանատարի տեղակալին մանրամասն ու հստակ զեկուցում է սահմանային իրավիճակը, ներկայացնում առկա խնդիրները:

Կարճատև զրույցից հետո հրամանատարի տեղակալը հայտարարում է ուսումնական տագնապ. պայմանական հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ է տեղի ունեցել, ապա նաև՝ բացահայտ հարձակում:

-Դի՛րք, մարտի՛,- լսվում է ավագի հրամանը: Վայրկյաններ անց հենակետի զինանոցը դատարկվում է. յուրաքանչյուրն իրեն ամրակցված զենքով շտապում է դեպի սահմանված կետը, զբաղեցնում համապատասխան խրամաբջիջը: Սահմանված ժամանակից ավելի շուտ դիրքի ավագը զեկուցում է, որ անձնակազմն անցել է հենակետի շրջանաձև պաշտպանության և պատրաստ է կատարելու առաջադրված խնդիրը: Արդյունքը գոհացուցիչ էր, բայց միայն այդքանը բավարար չէր. հրամանատարի տեղակալը շրջում է խրամատում, զրուցում կրակակետերում կանգնած զինվորների հետ, ստուգում նրանց մասնագիտական իմացության աստիճանը: Արդյունքը դարձյալ գոհացուցիչ էր:

Մերուժանի հետ շրջում ենք խրամուղիով: Մանրամասն ներկայացնում է կատարված ինժեներական աշխատանքները, դիրքապահների անվտանգ ծառայությունն ապահովող միջոցառումները: Պահպանելով անվտանգության համապատասխան կանոնները՝ ցույց է տալիս հակառակորդի մոտակա հենակետերը, հարձակման հավանական ուղղությունները, ապա նշում է՝ նրանց յուրաքանչյուր գործողություն մեր տեղանքում դատապարտված է ձախողման, որովհետև մեր դիտարկման ու խոցման հնարավորությունները շատ մեծ են: Հակառակորդի ոչ մի շարժ մեր աչքից չի վրիպում:

Ինժեներական առումով դիրքը լավ է կահավորված՝ հաստ, ամուր պաշտպանիչ պատեր, ապահով խրամաբջիջներ և այլն, սակայն դիրքի մարտունակության հիմնական գրավականներից մեկը ավագ սերժանտը համարում է նաև դիրքապահների գերազանց պատրաստվածությունն ու համերաշխ ծառայությունը:

-Դիտորդը պարտավոր է իմանալ իր մարտական խնդիրը, տեղանքի ուրվագիծը, դրանցով պետք է առաջնորդվի հրաման կատարելիս: Զենքին տիրապետելու, հեռահարության, մարտավարատեխնիկական տվյալների իմացության մասին էլ չեմ խոսում: Բազում այլ գիտելիքներ են հարկավոր, որոնք իրական մարտի ժամանակ շատ են պետք գալիս: Այդ ամենին մեր զինծառայողները տիրապետում են: Հենց այդ պատճառով ենք մենք գերիշխող դիրքում, դրա շնորհիվ է մեր գյուղացին վստահ գնում իր հողակտորում աշխատանքներ կատարելու,- նշում է Մերուժանը:

Ու հենց ինքն է ամեն կրակակետում մանրամասն ներկայացնում դիտորդի կողմնորոշիչները, կրակի վարման տեղամասերը և այլն:

Տավուշի մարզից է Մերուժանը, լավ ծանոթ է սահմանամերձ բնակավայրերում մարդկանց ապրելակերպին, քաջ գիտակցում է այդ բնակավայրերը պաշտպանելու, նաև զարգացնելու անհրաժեշտությունը:

ԴԻՐՔԻ ԱՎԱԳԸ-Պայմանագրային ծառայությունը մի քանի պատճառով եմ ընտրել: Իհարկե, գյուղի պայմաններում լավ վարձատրվող, հետաքրքիր աշխատանք է, բայց կա ավելի կարևոր մի բան՝ երկիրը մենք ենք պահում, ու դա անասելի վեհ զգացում է: Հայրենասիրության ջիղը բոլորի մոտ էլ կա: Դիրքում հայրենասիրությունը համընդհանուր զգացում է: Մի քանի հարյուր մետրի վրա մեզանից մեկի հարազատ գյուղն է, քիչ այն կողմ՝ մյուսինը… Բայց մեզ համար, սահմանի ցանկացած կետում հերթապահող զինծառայողի համար տարբերություն չկա՝ շրջակա մեր գյուղերն ենք պաշտպանում, թե հեռու քաղաքները:

Դիրքի անձնակազմից շատերը Մերուժանից տարիքով մեծ են, նաև ավելի շուտ են անցել պայմանագրային ծառայության: Բայց դա չի խանգարում ծառայության արդյունավետ կազմակերպմանը:

-Ծառայությունն ինքնին շատ հետաքրքիր գործընթաց է՝ իր դժվարություններով ու բարդություններով հանդերձ: Այս պատասխանատու իրավիճակում ես՝ որպես դիրքի ավագ, պարտավոր եմ բոլորի հետ գտնել ընդհանրություններ, ճիշտ կազմակերպել գործընթացը: Մանկավարժության և հոգեբանության բաժնում ուսանելն էլ է օգնել ինձ ճիշտ փոխհարաբերություններ ստեղծելու ծառայակիցների հետ: Բացի այդ, հայտնի փաստ է՝ դժվարությունը մտերմացնում է, այստեղ բազմիցս եմ համոզվել այդ խոսքերի ճշմարտացիության մեջ:

Ծառայության ընթացքում բոլորն իրենց դիրքերում են, հրամանները կատարվում են անխոս: Ամեն դեպքում, մենք հավասար ենք՝ որպես հայրենիքի պաշտպաններ: Տարիքով մեծը կազմակերպվածության խորհուրդներ է տալիս. նրա փորձն ավելի շատ է: Երիտասարդն էլ առանձնանում է իր եռանդով, սովորելու, զարգանալու ձգտումով: Ծառայությունից դուրս էլ կապը պահում ենք, հանդիպում ենք: Այնպես որ՝ մեր դիրքն ընտանիք է:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ