Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏԵՐԿՐԻՑ՝ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ



Փոխգնդապետ Լ. Սաֆարյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվորների մեծ մասը ուսումնական կենտրոնում էր։ Նրանք դուրս էին եկել ճամբարային հավաքի՝ բնակլիմայական բարդ պայմաններում հղկելու մասնագիտական ունակությունները, իսկ հավաքն ավարտվելու էր մարտավարական զորավարժությամբ։
-Ուսումնական գործընթացին զուգահեռ՝ մեր ստորաբաժանումները, միմյանց փոխարինելով, մարտական հերթապահություն են կատարել առաջնագծում եւ օգնել զորամիավորման մյուս զորամասերի ստորաբաժանումներին,- ասաց հրամանատարի տեղակալ մայոր Ա. Հովհաննիսյանը։ -Միաժամանակ ինչպես ձմեռային-գարնանային, այնպես էլ ամառային-աշնանային ուսումնական փուլերի ընթացքում կազմակերպել ենք մասնագիտական զորավարժություն եւ մասնակցել զորամիավորման մյուս զորամասերի առանձին ստորաբաժանումների կազմերով անցկացվող մարզումներին եւ զորավարժություններին։ Այսինքն, օգտագործվել է յուրաքանչյուր առիթ՝ ստորաբաժանումները մարտավարամասնագիտական մարզումների ծավալն ավելացնելու, վարպետությունը բարձրացնելու եւ հնարավորությունները ստուգելու, ճշտելու համար։
Ուսումնական ծրագիրը կատարվել է ամբողջովին, սակայն զորամասի տարեկան գնահատականը կտրվի զորավարժությունից հետո։

Օպերատորները

Շարքային Վարդան Վարդանյանն Արարատի մարզի Ջրաշեն գյուղից է, բանակ է զորակոչվել այս տարվա գարնանը, մասնագիտությամբ օպերատոր է։
-Միշտ էլ հետաքրքրվել եմ համակարգչային տեխնիկայով։ Երբ նոր էի զորակոչվել, զորամասի սպաները զրուցեցին հետս, հետո ոչ այնքան բարդ առաջադրանքներ տվեցին։ Երբ համոզվեցին, որ կարող եմ կատարել պահանջվող աշխատանքը, նշանակեցին օպերատոր։ Կարճ ժամանակում փորձառու զինվորների եւ սպաների օգնությամբ ամեն ինչ սովորեցի եւ այժմ վստահ եմ, որ իմ ծառայությունից գոհ են,- ասաց Վարդանը։ Նշենք, որ նա արդեն իսկ երկու զորավարժությունների է մասնակցել, մարտական հերթապահություն է կատարել առաջնագծում։ Զորամասում գիտեն, որ դպրոցն ավարտելուց հետո նա մեկնել է Ռուսաստան եւ մեկ տարի ապրել այնտեղ աշխատող հորեղբոր հետ, իսկ երբ եկել է զինվորական պարտքը կատարելու ժամանակը, վերադարձել է հայրենիք ու զորակոչվել։
-Հորեղբորս գործը լավ էր, ես էլ կարող էի մնալ եւ փող վաստակել, սակայն եկա, որ պարտքս կատարեմ։ Եթե մնայի, կասեին՝ «փախել է բանակից», իսկ ես ո՛չ զինվորական ծառայությունից, ո՛չ էլ նույնիսկ պատերազմից վախեցողը չեմ,- ասաց զինվորը։
***
Շարքային Արամ Հովհաննիսյանը նույնպես օպերատոր է ու միաժամանակ սանհրահանգիչ։
-Սամարայի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետն եմ ավարտել, եւ դրա համար հիմնական աշխատանքին զուգահեռ սանհրահանգչի պարտականություններն եմ կատարում,- ասաց նա եւ շարունակեց,- ատամնաբույժի ծառայություն մեր զորամասը չունի, սակայն տղաներին օգնում եմ խորհուրդներ տալով։ -Վարդանի պես Արամն էլ է ՌԴ-ում ապրելու, աշխատելու հնարավորություն ունեցել, բայց եկել է Հայաստան, որպեսզի, իր խոսքով, ամենակարեւոր պարտականությունը կատարի՝ ծառայի ազգային բանակում։
***
Շարքային Էդգար Գեւորգյանն արդեն մեկուկես տարի ծառայած զինվոր է, նա նույնպես օպերատոր է։ Էդգարը տասնութ տարի ապրել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ու դարձյալ Հայաստան է եկել բանակ զորակոչվելու համար։
-Ես մի քանի ամսական եմ եղել, երբ ծնողներս այստեղ աշխատանք չունենալու պատճառով մեկնել են Տաշքենդ։ Ես էլ կարող էի այնտեղ սովորել, Ուզբեկստանի բանակում ծառայել, բայց… Երբեք չեմ մոռացել, որ հայ եմ, եւ իմ հայրենիքը Հայաստանն է, ու երբ չափահաս դարձա, որոշեցի վերադառնալ հայրենիք, իսկ այստեղ, բացի բարեկամներից, ոչ մեկին չէի ճանաչում, նույնիսկ ընկեր չունեի։ Բայց եկա։ Ընդունվեցի Անանիա Շիրակացու անվան համալսարանը եւ զորակոչվեցի։ Համոզված եմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել։ Զորացրվելուց հետո ուսումս կշարունակեմ ու կմնամ այստեղ։ Ես պետք է Հայաստանում ապրեմ։

Նորակոչիկները

Լեյտենանտ Է. Սարոյանը նորակոչիկների ուսումնական դասակի հրամանատարն է։ Երիտասարդ զինվորների մասին զրուցելիս՝ ասաց.
-Համալրումը դեռեւս շարունակվում է։ Մենք տղաների հետ աշխատում ենք նախատեսված ծրագրով։ Այնպես ենք անում, որ նրանք չլարվեն, չհուզվեն եւ անցումը քաղաքացիական կյանքից զինվորականի լինի սահուն։ Ասեմ, որ ոչ մի հիվանդ չունենք, եղանակն էլ լավ է, նույնիսկ գրիպով հիվանդներ չկան։
Զրույցը շարունակեցինք ծառայության առաջին քայլերն անող զինվորների հետ։
-Ես Պողոսյան Գեւորգն եմ, հրազդանցի, տասներեք օր է՝ այստեղ եմ, ամեն ինչ լավ է, ծնողներս գիտեն, որ այս զորամասում եմ, նրանց խնդրել եմ մինչեւ զինվորական երդումը չայցելեն զորամաս։
-Սուրեն Միքայելյան, Արմավիրի մարզի Արագած գյուղից. ամեն ինչ կարգին է։
-Արմեն Մովսիսյան, երեւանցի եմ, տասը օր առաջ եմ զորակոչվել։
-Վարդան Վարդանյան, Մասիսից, ես էլ եմ տասը օր առաջ եկել։
-Կարապետ Մարկոսյան. Էջմիածին, գյուղ Արաքս։ Այստեղ ինձ շատ լավ եմ զգում։
-Ռուբիկ Թեմուրյան, արդեն տասը տարի է՝ մեր ընտանիքն ապրում է Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան Վիդնո քաղաքում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո եկա Հայաստան, որպեսզի ծառայեմ ազգային բանակում։ Արդեն տասնվեց օր է՝ այստեղ եմ, ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ կարգին է։ Երեկ իմացա, որ մորաքրոջս տղան՝ Ավետիք Հարությունյանը, նույնպես զորակոչվել է Մոսկվայից ու դեկտեմբերի երեքին արդեն Սիսիանի զորամասում էր։ Շատ ուրախ եմ Ավոյի համար ու նրան բարի ծառայություն եմ մաղթում։ Ծնողներս էլ թող համբերեն, զինվորական ծառայությունս ավարտելուց հետո կորոշեմ՝ վերադառնա՞մ Ռուսաստան, թե՞ մնամ այստեղ։
Նորակոչիկներ էին նաեւ դիլիջանցիներ Արմեն Գալստյանը, երեւանցի Կարապետ Թեւոսյանը, Արթուր Մանուկյանը, Հրաչ Խաչատրյանը, Հակոբ Դրմոյանը, Վարդան Ասլանյանը եւ ուրիշներ։ Տղաներից շատերը մինչեւ զորակոչվելը զբաղվել են սպորտով։ Հակոբն ասաց, որ ֆուտբոլիստ է, Հ. Խաչատրյանն զբաղվել է բռնցքամարտով, Արթուր Մանուկյանը ուշու-սանդա մարզաձեւի՝ այս տարի Անթալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երրորդ տեղն է գրավել։ Կարեն Թեւոսյանը ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող է, իսկ Վարդան Ապրեսյանը այս տարի առաջին տեղն է գրավել քիքբոքսինգի՝ Բաթումիում տեղի ունեցած միջազգային առաջնությունում։
Նորակոչիկներն ասացին, որ ամեն օր զբաղվում են շարային ու ֆիզիկական պատրաստությամբ, սովորում են զինվորական կենցաղավարություն, կատարելագործում են երկրի ու բանակի օրհներգի իմացությունը, ծանոթանում են զինվորական կանոնագրքերի պահանջներին։ Նրանց հետ հանդիպումներ, զրույցներ են ունենում զորամասի հրամանատարը, նրա տեղակալները, ինչպես նաեւ զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը եւ առանձին ծառայությունների պետերը։
-Այլ կերպ ասած՝ արվում է ամեն ինչ, որ երիտասարդ զինվորները ոչ մի հոգս չունենան, հաղթահարեն ծառայության առաջին շրջանի դժվարությունները եւ, ձեռք բերելով զինվորական մասնագիտություններ, համալրեն զորամասի մարտական ստորաբաժանումները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #49 (864) 15.12.2010 – 22.12.2010, Ազգային բանակ


17/12/2010