Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՊԱՏԺԻՉ» ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
«ՊԱՏԺԻՉ» ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

«ՊԱՏԺԻՉ» ՀԵՆԱԿԵՏՈՒՄՀյուսիսարևելյան սահմանագոտու պահպանության տեղամասերից մեկում ենք: Գնում ենք մարտական հենակետ՝ տեղում ծանոթանալու մեր պայմանագրայինների ծառայության պայմաններին: Զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Ա.Հակոբյանի հետ ճանապարհին զրուցում ենք առաջնագծում կատարվող աշխատանքների, սահմանային իրավիճակի, անձնակազմի պատրաստվածության մակարդակի, մարտական հերթապահության հետ կապված այլ թեմաների շուրջ: Փոխգնդապետը վստահեցնում է՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի գերխնդիրը անձնակազմի պատրաստվածության, մասնագիտական հմտությունների կատարելագործումն է: Ցանկացած միջոցառում միտված է այդ նպատակի ապահովմանը՝ զենք մաքրելուց մինչև զորավարժության անցկացում: Մարտունակության բարձրացմանը զուգահեռ կարևորվում է նաև յուրաքանչյուր մարտական միավորի՝ զինվորի, ընդհանուր ստորաբաժանման անվտանգ ու ապահով ծառայության կազմակերպումը:

Քիչ անց արդեն փոս-ճանապարհով ենք շարժվում, որն ամբողջությամբ անվտանգ է դարձնում մեր դիրքապահների տեղաշարժը հակառակորդի համար տեսանելի հատվածներում: Առաջնագծի ինժեներական կահավորման կատարելագործման գործընթացն անընդհատ է: Ըստ անհրաժեշտության՝ կատարվում են մեծածավալ աշխատանքներ: Նպատակը մեկն է՝ առավել անվտանգ ու ապահով դարձնել մարտական հերթապահություն կատարող զինվորի ծառայության պայմանները: Այդ աշխատանքները տարբեր միջոցառումներ են ներառում՝ պաշտպանիչ պատերի, հաղորդակցման լրացուցիչ ուղիների,  թաքստոցների կառուցում և այլն: Հիմնվում են նոր հենակետեր՝ հաշվի առնելով հատկապես տվյալ տեղանքում մարտական խնդիրների կատարման առանձնահատկությունները, տարբեր զինատեսակների կիրառման հնարավորությունը և արդյունավետությունը:

Այդպիսի մի հենակետում ենք: Վերջերս է շահագործվել: Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով ցավալի կորուստներ ունեցանք:

«ՊԱՏԺԻՉ» ՀԵՆԱԿԵՏՈՒՄՆոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Առավել նպաստավոր դիրքից հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է: Հերթապահող անձնակազմն ամբողջությամբ վերահսկում է ճանապարհները, ենթակառուցվածքներն ու հարձակման հավանական ուղղությունները: Անհրաժեշտության դեպքում կարող է օգնել մեր մյուս հենակետերին: Այդ ուղղությունը անվերահսկելի չի եղել. քիչ ավելի հետ հին դիրքն է: Պարզապես այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաև կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլևս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ: Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»:

Խոցման հնարավորությունների հետ մեկտեղ հենակետը կառուցելիս չեն մոռացել նաև պաշտպանության մասին: Բոլոր կրակակետերը հուսալիորեն քողարկված են, մի քանի պաշտպանիչ շերտ ունեն: Խրամուղիներն անվտանգ են, կահավորված թաքստոցներով, արգելափակոցներով և այլն: Դիրքապահներից պահանջվում է միայն լինել զգոն և չխախտել անվտանգության կանոնները: Նախատեսվում է զորամասի մյուս հենակետերը ևս աստիճանաբար լրակահավորել նույն կերպ՝ է՛լ ավելի ամրապնդելով մեր զինծառայողների անվտանգությունն ու ավելացնելով հակառակորդին դիտարկելու ու խոցելու հնարավորությունները:

«Պատժիչ» հենակետն ապահովում է սահմանի տվյալ հատվածի անվտանգությունը: Կարող է կանխել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը, կասեցնել լայնածավալ հարձակումը, ինքնուրույն մարտ վարել մինչև հիմնական օգնական ուժերի հասնելն ու կենտրոնանալը: Տեսադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս հետևելու և վերահսկելու հակառակորդի տեղաշարժը մարտավարական մեծ խորության վրա: Այդուհանդերձ, նույնիսկ ժամանակակից ամենախիստ չափանիշներին համապատասխան կառուցված հենակետի գործունեությունը չի կարող լիարժեք լինել առանց գրագետ պատրաստված, պատասխանատու անձնակազմի: Դիրքի ավագն է ավագ սերժանտ Մերուժան Ահարոնյանը: Նրա հետ շրջում ենք տարածքում, համոզվում, որ ծառայությունը կազմակերպված է ըստ օրվա կարգացուցակի: Ամենուրեք մաքրություն է, կարգուկանոն է տիրում: Զգացվում է հոգատար ձեռքի առկայությունը. զինծառայողները տանտիրոջ պես են «վերաբերվում» հենակետին:

«ՊԱՏԺԻՉ» ՀԵՆԱԿԵՏՈՒՄԴիրքի ավագի հրամանով անձնակազմը կատարում է ուսումնական «Տագնապ» ազդանշանով նախատեսված գործողությունները, անցնում շրջանաձև պաշտպանության: Յուրաքանչյուրը հստակ գիտի իր անելիքը, գործում է վարժ և հստակ: Եվս մեկ անգամ ճշտվում են կրակի վարման տեղամասերը, կողմնորոշիչները: Անձնակազմը հրահանգավորվում է անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ: Բոլոր գործողություններին հետևում է մայոր Հակոբյանը: Նա լրացուցիչ հրահանգներ է տալիս, նաև անձնակազմի հետ քննարկում ծառայողական բնույթի տարբեր հարցեր:

Մտնում ենք խրամուղի: Առաջին դիտակետում կրտսեր սերժանտ Ռուբեն Բադալյանն էր: Ժամկետային ծառայությունն անցկացրել է Մատաղիսի զորամասում: Այնպես որ, մարտական հերթապահության առանձնահատկությունների մասին շատ բան գիտի: Մանրամասն ներկայացնում է առաջնագծի տվյալ հատվածը, կրակի վարման իր ուղղությունները: Պինդ, մկանուտ ձեռքերով ամուր բռնել է ինքնաձիգը՝ ամեն պահի պատրաստ այն կիրառելու: Ռուբենի եղբայրն էլ է պայմանագրային զինծառայող, երկուսով նույն գումարտակում են:

Մյուս խրամաբջիջում կանգնած դիտորդի հետ ենք զրուցում, ներկայանում է՝ գնդացրորդի օգնական, շարքային Ալիկ Բադալյան: Հարցնում եմ՝ Ռուբենի եղբա՞յրն է: Ժպտում են. հարազատ եղբայրը չէ, բայց այստեղ հիմնականում նույն տարածաշրջանի բնակիչներ են, և ազգանունների համընկնումներ հաճախ են լինում:

Ծանոթանում ենք դիրքի «վետերանի» հետ: Վարշամ Անդրեասյանը արդեն տասնյոթ տարի պայմանագրային ծառայող է. դիրքապահի պարտականությունները հինգ մատի պես գիտի: Իր տարիների փորձով միշտ թևութիկունք է երիտասարդներին:

Հնաբնակներից մյուսի՝ Իսրո Աթոյանի հրավերով հարմարավետ կացարանում սուրճ ենք խմում, զրուցում հիմնականում ծառայության, դիրքապահ տղաներին հուզող հարցերի շուրջ: Ջերմ, իրոք ընտանեկան միջավայրում զրույցը համեմվում է կատակներով, հետաքրքիր պատմություններով: Տղաներից մեկը ժպտալով ասում է՝ մեր Վահեի մասին գրեք, նշանված է, շուտով ամուսնանալու է: Համավարակային իրավիճակը խառնել է ծրագրերը, ամուսնությունը մի քիչ հետ գցել: Բայց, ոչինչ, դիմանում է: Ապա լուրջ-լուրջ ավելացնում է.

-Բոլորս էլ համավարակի հետ կապված որոշակի դժվարությունների առաջ ենք կանգնել, սակայն, իմացե՛ք, դիրքերում մենք միշտ մեր տեղում ենք, այստեղ ոչինչ չի փոխվել: Ծառայում ենք առաջվա պես և ավելի մեծ հնարավորություններով ու եռանդով:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ