Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ
ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ

Գ. Քո Տեր Աստծու անունը զուր տեղը չարտասանես:

Աստծու անունը սուրբ եւ նվիրական է, ինչպես ուսուցանում է Տերունական աղոթքը. եւ ոչ միայն այն արտասանելիս, այլ անգամ մտաբերելիս պետք է մեծագույն երկյուղ ունենալ։ Աստծու այս պատվիրանի դեմ են գործում նրանք, ովքեր խոսքով, մտքով եւ գործով արտահայտում են ոչ ուղղափառ, կեղծ, հերետիկոսական, հայհոյական կամ ծաղրական կարծիքներ եւ տեսակետներ Ամենասուրբ Երրորդության, Նրա սուրբ պատվիրանների, Եկեղեցու խորհուրդների եւ արարողությունների մասին, պարսավում են սուրբ Աստվածածնին եւ աստվածահաճո սրբերին։ Ովքեր մոգություն, կախարդություն եւ գուշակություն են անում եւ, իբրեւ թե Աստծուց եւ սրբերից հայտնություններ եւ պատգամներ ստացած, մոլորեցնում անտեղյակ մարդկանց, ճշմարիտ ուղուց շեղում եւ կործանում։ Ովքեր Տիրոջ անունով երդվում են՝ ամբողջ հոգով եւ զորությամբ ծառայել Աստծուն, Եկեղեցուն եւ հայրենիքին, սակայն ծառայում են իրենց շահերին եւ հոգեկորույս հաճույքներին։ Ովքեր եկեղեցի են գնում ո՛չ Աստծու եւ ո՛չ էլ իրենց հոգու փրկության, այլ մարդկանց աչքում աստվածապաշտ եւ առաքինի երեւալու համար։ Ովքեր առանց երկյուղի եւ ուշադրության աղոթում են, մասնակցում խորհրդակատարությունների եւ արարողությունների. այս մասին է ասում Ինքը` Քրիստոս. «Ոչ ամեն ոք, որ ասում է Ինձ՝ Տե՛ր, Տե՛ր, կմտնի երկնքի արքայություն, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է»։ (Մատթ. Է 21)։ Ովքեր խոսում են Աստծուց, սակայն իրենց կյանքում հեռու են հոգեւորից. այսպիսիները հաճախ գայթակղության եւ Տիրոջ անունը հայհոյելու պատճառ են դառնում, որոնց մասին զգուշացնում է Տերը (Մատթ. ԺԸ 6-9)։ Պետք է նկատի ունենալ, որ ամեն ոք չի կարող խոսել Տիրոջ անունից, այլ միայն նրանք, ովքեր կոչված են Աստծու խոսքի սպասավորության եւ ունեն հոգեւորը մարդկանց սրտին հասցնելու շնորհը։ Ուրեմն հոգեւոր խոսակցության մեջ մտնելուց առաջ մարդ պետք է աղոթքով քննի իրեն եւ տեսնի, թե ունի՞ արդյոք առաջնորդություն Տիրոջից, որպեսզի իր խոսքը գայթակղության առիթ չդառնա, եւ իր պատճառով հավատքը չծաղրվի։

Պետք է ջանանք հեռու մնալ այսպիսի մեղքերից եւ ամենից առաջ փնտրենք Աստծու կամքը, Տիրոջ անունը երկյուղով հիշատակենք եւ առանց հարկի չգործածենք, հավատքով ապրենք եւ հեռու մնանք կեղծիքից. չերդվենք եւ դիմացինից երդում չպահանջենք՝ ըստ Տերունական հրահանգի՝ «Ես ձեզ ասում եմ՝ ամենեւին չերդվել, այլ ձեր խոսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ, որովհետեւ դրանից ավելին չարից է» (Մատթ. Ե 34, 37)։