Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ



Նախքան ԶՀՀ լավագույն տասնյակը ներկայացնելը, պետք է նշել, որ ՀՕՊ այս միջոցն աշխարհում ամենախորհրդանշականն է եւ իր արդյունավետությամբ ու արժեքով զբաղեցնում է միջանկյալ տեղ զենիթային հրետանու և կործանիչ ավիացիայի միջև: ԶՀՀ-ներն ավելի պրակտիկ են, քան ինքնաթիռները: Փոքր են նրանց առաջին հակազդեցության ժամանակը և սպասարկման ծախսերը: Համեմատելով զենիթային հրետանու հետ` նրանք ավելի արդյունավետ են: ԶՀՀ ստեղծելու առաջին փորձերը եղել են դեռ անցած դարի 20-ական թվականներին, սակայն լուրջ փորձեր կատարվել են միայն ԵՀՊ-ի տարիներին: Փորձեր կատարվում էին միանգամից մի քանի պետություններում (ԽՍՀՄ, ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա): Սակայն այդ տարիների բոլոր համալիրները չունեցան այն արդյունավետությունը, որը պահանջվում էր: Դրա հիմնական պատճառը ռադիոէլեկտրոնիկայի զարգացման ցածր մակարդակն էր: Ճիշտ է, այդ համալիրները գրեթե չկիրառվեցին, սակայն ժամանակը ցույց տվեց նրանց ստեղծման անհրաժեշտությունը, ինչը առաջին հերթին պայմանավորված էր միջուկային ռումբերի գոյությամբ: Եթե նախկինում այս կամ այն պետության ՀՕՊ մակարդակի մասին կարելի էր խոսել հակառակորդի խփված և բաց թողնված ինքնաթիռների հարաբերությամբ, ապա հետպատերազմյան տարիներին բաց թողնված թեկուզ մեկ ինքնաթիռը կարող էր կաթվածահար անել մի ողջ պետություն: Հետևաբար, հարկավոր էր մի գերճշգրիտ զենք, որն անխտիր կխոցեր հակառակորդի օդային սահմանը խախտող ցանկացած ինքնաթիռ: Եվ հենց այդպիսի զենք կարող էր համարվել ԶՀՀ-ը, որը պիտի ստեղծվեր հրթիռային և ռադիոէլեկտրոնային համակարգերի համադրմամբ: Մեր օրերում արդեն կան նման ԶՀՀ-ներ: Ավելին` այսօր գիտությունն այնքան է զարգացել, որ ԶՀՀ-ը կարող են գերճշգրիտ հաշվարկների շնորհիվ, նույնիսկ տիեզերական բարձրություններում թիրախներ խոցել:

Ինչպես կործանիչների և ուղղաթիռների, այնպես էլ ԶՀՀ տասնյակը կազմելիս մենք առաջնորդվել ենք մի շարք կարևոր չափանիշներով: Այդ չափանիշներն են` ԶՀՀ բազմալիքությունը (միաժամանակ մի քանի թիրախ խոցելու ունակությունը), թիրախը որսալուց հետո հրթիռի արձակման արագությունը` հակազդեցությունը, ԶՀՀ և իր հրթիռների չափսերն ու քաշը, խոցման հեռավորությունն ու բարձրությունը: Կարևոր են նաև մարտական գործողությունների ժամանակ գրանցած տվյալները, ինչը առաջնային պայմաններից չէ:

Մեր ընկալմամբ` խորհրդային-ռուսական համալիրները լավագույնն են աշխարհում: Խորհրդային-Ռուսական մոտեցմամբ` ՀՕՊ կազմակերպման գործում մեծ տեղ է հատկացվում ԶՀՀ-ներին: Եվ եթե նրանք ունեն այդ տեսակի զենքերի ստեղծման լավ ավանդույթներ, դեռ չի նշանակում, թե տվյալ ոլորտում ռուսական ձեռքբերումներն անգերազանցելի են: Առաջին լիարժեք ԶՀՀ-ն աշխարհում ստեղծվել է ԱՄՆ-ում (առաջին կրովի ԶՀՀ-ը նույնպես): ԶՀՀ-ներով 30 և ավելի կմ բարձրության վրա նշանակետերի խոցումն առաջինն իրականացրել են ամերիկացիները, իսկ ռուսական ԶՀՀ-ները առայժմ այդ խնդիրը դժվարությամբ են լուծում: Առաջին բազմաալիք ԶՀՀ-ն ևս առաջինը ԱՄՆ-ում է ստեղծվել: Իրենց տվյալներով ռուսական համալիրները մինչ օրս հետ են մնում ամերիկյան համալիրներից, որոնց բաղկամասերը մի քանի անգամ մեծ են իրենց ամերիկյան համարժեքներից: “THAAD”-ը և “Standard SM-3”-ը, որպես ՀՀՊ ԶՀՀ, իրենց տվյալներով մի քանի անգամ գերազանցում են ռուսական “C-300”, “C-400”-ը: Միևնույն ժամանակ, ամերիկյան “THAAD” համալիրի հրթիռն ավելի թեթև է, իսկ բաղկամասերը ավելի քիչ ռուսականից: Ամենաերկարակյաց ԶՀՀ-ներն իրենց տեսակի մեջ աշխարհում մնում են ամերիկյան “HAWK” և “Patriot” ԶՀՀ-ները: Վերջինս, որը նոր սերնդի` բազմանշանակետ ԶՀՀ-ների առաջին ներկայացուցիչն է (ստեղծման աշխատանքները սկսվել են 1963թ., սպառազինության մեջ ընդունվել է 1982թ.) աշխարհում, համարվում է աշխարհի ամենաարդիականներից մեկը: Մինչ օրս “C-300” համալիրի ամենավերջին նմուշները կարող են միաժամանակ խոցել մինչև 6 նշանակետ՝ յուրաքանչյուրի վրա արձակելով երկուական հրթիռ: Իսկ “Patriot”-ը կարող է խոցել մինչև 8 նշանակետ՝ յուրաքանչյուրի վրա արձակելով երեքական հրթիռ: Բացառություն է կազմում “C-300 BM”-ը, որը, ըստ հայտնի տվյալների, կարող է միաժամանակ խոցել 24 նշանակետ, այն էլ լրացուցիչ կառավարման կետի շնորհիվ:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Ռազմական


09/11/2011