Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտու տարբեր հատվածներում տեղակայված զորամասերի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում առավելապես լեռնային, սարերով ու ձորերով կտրտված, անտառապատ բարդ տեղանքում: Սահմանի որոշ տեղամասերում եղանակային պայմանների հետ կապված նույնիսկ տեղաշարժվելն է բարդ, սակայն մեր տղաները  սովոր են դժվարություններ հաղթահարել: Նրանք ամեն օր զսպում են հակառակորդին, ապահովում մեր սահմանամերձ բնակավայրերի խաղաղ ու անվտանգ առօրյան:

Այդպիսի զորամասերից մեկում ենք: Սահմանի բավական մեծ, բարդ ու պատասխանատու հատվածում արդեն տևական ժամանակ է՝ մարտական հերթապահությանը ներգրավվում են միայն զորամասի պայմանագրային զինծառայողները: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սեդրակ Պողոսյանը ներկայացնում է առաջնագծում տիրող իրավիճակը, խոսում ծառայության որակի բարելավմանը նպաստող միջոցառումների մասին:

-Զորամասի պատասխանատվության գոտում սահմանային իրավիճակը հանգիստ է: Ճիշտ է, երբեմն հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, առավելապես մարտական հենակետերի ուղղությամբ է կրակ վարում, բայց անհրաժեշտության դեպքում պատասխան կրակով լռեցնում ենք կրակակետերը: Վերջին անգամ նախորդ գիշեր հակառակորդը անկանոն կրակեց: Այդուհանդերձ, նման դեպքերը շատ չեն՝ գնալով նվազում են: Դա պայմանավորված է և՛ առաջնագծում մեր զինծառայողների անվտանգությունն ապահովող աշխատանքներով, և՛ անձնակազմի մարտունակության բարձրացմամբ:

Դիրքերում ամեն օր իրականացվում են ինժեներական աշխատանքներ, կահավորման առումով զգալի առաջընթաց ունենք: Հենակետերի ավելի քան 80 տոկոսը ապահովված է մշտական էլեկտրաէներգիայով, առկա են տեսադիտարկման սարքեր, որոնք առաջնագծի ամբողջ երկայնքով ապահովում են պատշաճ հսկողություն: Ըստ անհրաժեշտության կատարվում են ինժեներական կահավորման լրացուցիչ մեծածավալ աշխատանքներ: Նպատակը մեկն է՝ առավել անվտանգ ու ապահով դարձնել մարտական հերթապահություն կատարողի ծառայության պայմանները: Այդ աշխատանքները տարբեր միջոցառումներ են ներառում՝ պաշտպանիչ պատերի, հաղորդակցման լրացուցիչ ուղիների, թաքստոցների կառուցում և այլն: Նաև հիմնում ենք  նոր հենակետեր՝ հաշվի առնելով հատկապես տվյալ տեղանքում մարտական խնդիրների կատարման առանձնահատկությունները, տարբեր զինատեսակների կիրառման հնարավորությունը և արդյունավետությունը: Վերջերս այդպիսի մի նոր հենակետ կառուցվեց՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի, և այդտեղից կարող ենք արդյունավետ մարտ վարել հակառակորդի մի քանի հենակետի դեմ:

Մեր պահպանության տեղամասում սահմանամերձ գյուղերը դիտարկվում են հակառակորդի կողմից: Հիմա հողագործական աշխատանքների եռուն շրջանն է: Ուստի, դիտարկումն ավելի ենք ուժեղացնում, որ գյուղացիները կարողանան հանգիստ իրենց գործն անել, հող մշակել: Նրանց խաղաղ կյանքը մեր ծառայության ամենամեծ գնահատականն է:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…Մեր առօրյա աշխատանքները հիմնականում միտված են կարևորագույն խնդրի՝ մարտական հերթապահության անթերի ու անխափան իրագործմանը: Քանի որ մարտական հերթապահության են մեկնում բացառապես պայմանագրայինները, հնարավորություն ենք ստացել առավել խորացված կարգով կազմակերպել ժամկետայինների մարտական ուսուցումը, կենտրոնանալ նրանց կրակային, մասնագիտական պատրաստության վրա: Անձնակազմի ռազմական ունակությունների կատարելագործումն առաջնահերթություն է. չէ՞ որ անհրաժեշտության դեպքում նաև ժամկետայիններն են մեկնելու առաջնագիծ՝ մարտական խնդիր կատարելու: Հարկ եղած դեպքում, օրինակ՝ հակագրոհի ժամանակ, մեր առաջնային եզրը վերականգնելը կամ հարձակողական գործողություններ վարելը հենց ժամկետայիններին է վստահվելու:

Անձնակազմի պատրաստվածությունը մշտապես կատարելագործվում է, կապ չունի՝ պայմանագրային, թե ժամկետային: Մարտական հաշվարկների հետ անցկացվում են տարբեր իրավիճակներում մարտական գործողություններ վարելու գործնական հմտություններ զարգացնելուն միտված պարապմունքներ: Օրերս զորային հրաձգարանում անցկացրել ենք ցուցադրական վաշտային զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Ներգրավված ստորաբաժանումների գործողությունները համահունչ են եղել իրենց մարտական խնդիրների կատարմանը: Մի դրվագ նշեմ. սցենարի համաձայն՝ իրականացվեց հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման փորձ, և մեր դիրքապահները հետ շպրտեցին հակառակորդին: Տեսնելով, որ չի կարողանում հասնել նպատակին՝ հակառակորդը նաև իր դիվերսանտներին փրկելու համար գրոհի նետեց զրահատեխնիկա: Հետագա մանրամասները չնշեմ, միայն ասեմ, որ զորավարժության ընթացքում կրակի կառավարման և ստորաբաժանումների ղեկավարման առումով կատարեցինք որոշակի նորամուծություններ: Հեռակա տեղամասերում կրակի կառավարումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Գործողությունների նոր, առավել արդյունավետ կարգ ենք մշակել նաև զրահատեխնիկան խոցող նռնականետորդների խմբերի համար:

Զորավարժությունը անձնակազմի ուսուցման ամենաարդյունավետ մեթոդներից է: Արդյունքները վերլուծելով և համադրելով՝ պարզ է դառնում, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք, և օրեցօր ավելի են կատարելագործվում մեր զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Նման գործնական վարժանքների կարևորությունն անգնահատելի է. տարեցտարի մեր սպառազինությունն արդիականանում է, համապատասխանեցվում տվյալ տեղանքում մեր խնդիրները լուծելուն, նոր տեխնիկա ենք ստանում, նոր զենք, հետևաբար, ավելացվում են նաև կապակցված հաստիքներ: Այնպես որ, մասնագիտական պատրաստվածության գործընթացն անընդհատ է:

Մեր անձնակազմը պատրաստ է կատարելու առաջադրված խնդիրները…:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ