Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԱԿԱՆ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ՝ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ



Անհայտ փաստեր հայտնի մարդկանց մասին

Իսկական հետախույզը նա է, ում բոլորովին էլ չես կասկածում։ Պարզվում է` որոշ գրողներ հավասարապես տիրապետել են ե՛ւ գրելու, ե՛ւ… լրտեսելու տաղանդին։ Այսինքն՝ նրանք համատեղել են լրտեսի (հետախույզի) մասնագիտությունը գրողի մասնագիտության հետ։ Գուցե ինչ-որ տեղ տրամաբանական է բացատրությունը. «Ես փնտրում եմ նոր թեմաներ եւ դրա համար էլ քիթս խցկում եմ ուր պատահի»։

Նման «համատեղողների» շարքում առաջիններից մեկը անգլիացի խոշոր արձակագիր, հրապարակախոս, հանրահայտ «Ռոբինզոն Կրուզոյի» հեղինակ ԴԱՆԻԵԼ ԴԵՖՈՆ է։ Նա բրիտանական գաղտնի ծառայությունների խոշորագույն պրոֆեսիոնալներից էր։ Պատերազմների, յակոբինյան դավադրությունների եւ ապստամբությունների խառնակ ժամանակներն էին, երբ Դեֆոն վտանգում էր կյանքը՝ համագործակցելով քաղաքական գաղտնի ծառայությունների հետ։ Թեեւ պետք է խոստովանել, որ Դեֆոն արկածախնդիր անձնավորություն էր եւ մշտապես ձգտում էր ամեն կերպ հարստանալ։ Եվ հենց այդ պատճառով էլ զբաղվում էր ամենաանսպասելի զբաղմունքներով։ Նա համարվում է անգլիական առաջին հակահետախույզներից մեկը։ Նրա շնորհիվ ժամանակին ստեղծվեց լրտես-իրազեկիչների տեղեկատվական-լրտեսական հսկայական ցանց։ Եվ որքան պերճախոս էր Դանիել Դեֆոյի գրիչը ստեղծագործական երկունքի մեջ, դրան հակառակ չկա մի տող, որ կվկայի նրա հետախուզական գործունեության մասին։ Հենց այս գաղտնապահությունն էլ եւս մեկ անգամ փաստում է, որ նա իսկական գաղտնի գործակալի մարմնացում էր։

ՊԻԵՌ ՕԳՅՈՒՍՏԵՆ ԿԱՐՈՆ ԴԸ ԲՈՄԱՐՇԵ –Ժամագործ, գյուտարար, երաժիշտ, քաղաքագետ, զինավաճառ, հեղափոխական եւ… լրտես։ Պարզվում է, որ «Սեւիլյան սափրիչի», «Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգությունների հանրահայտ հեղինակը կյանքի մեծ մասը նվիրել է ոչ թե դրամատուրգիային, այլ սիրային արկածներին, առեւտրին, մենամարտերին, բանսարկությանն ու խարդավանքին։ Այսինքն՝ եղել այնքան հրապարակային անձ, որ կասկածել նրան գաղտնի մեքենայությունների, լրտեսության մեջ, պարզապես անհնար է։ Բայց իզուր, որպես լրտես` Բոմարշեն եղել է բավական հաջողակ. նրա հետախուզական աշխատանքի արդյունքը, գործելաոճն այսօր էլ օգտագործում են հատուկ ծառայությունները (օրինակ՝ նա է պրակտիկայում ներդրել ֆիկտիվ ձեռնարկությունների բացումը)։

Բոմարշեն ամուսնացավ իրենից մեծ եւ հարուստ կնոջ հետ, որի փողերով էլ գնեց ազնվականի տիտղոս եւ դարձավ թագավորական պահեստանոցի վերահսկիչը։ Ժամանակի ընթացքում իր ճկուն խելքի եւ ճարպկության շնորհիվ դարձավ Լյուդովիկոս 15-րդ թագավորի ամենավստահելի անձանցից մեկը։ Հենց նրան էր թագավորը տալիս պետական կարեւորության հանձնարարություններ։ Նա բազմիցս ուղեւորվում էր Անգլիա, այնտեղ գտնում այն անձանց, որոնց ձեռքում Ֆրանսիայի հեղինակությունը վարկաբեկող, Ֆրանսիայի անվտանգությանն սպառնացող փաստաթղթեր կային, եւ հաջողությամբ կատարում էր առաջադրանքները։

20-րդ դարի հայտնի հետախույզ-գրողներից է անգլիացի ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄԸ։ Կարճ հասակի (152 սմ) պատճառով ճանաչվելով զինվորական ծառայության համար ոչ պիտանի` որպես վարորդ աշխատանքի անցավ Կարմիր խաչում։ 1915թ. նրան նկատեց SIS-ի (Secret Intelligens Service) մի սպա եւ աշխատանք առաջարկեց։ Մոեմը փայլուն տիրապետում էր ֆրանսերենին եւ գերմաներենին, բացի այդ, նա իր լրտեսական աշխատանքը քողարկում էր գրական գործունեությամբ։ Մոեմը մեկ տարի անցկացրեց Շվեյցարիայում, որտեղ հետեւում էր Գերմանիայի օգտին լրտեսողներին։ Նա կապ էր պահպանում տարբեր գաղտնի գործակալությունների աշխատակիցների հետ, պարբերաբար մանրամասն հաշվետվություններ էր ուղարկում SIS-ին եւ միաժամանակ ստեղծագործում էր։

1917թ. հուլիսի 18-ին Մոեմը ստացավ 21 հազար դոլար (հսկայական գումար այն ժամանակների համար) եւ ամերիկացի լրագրող Ջոն Սոմերվիլ անվամբ ուղեւորվեց Ռուսաստան։ Այստեղ նա կապ պետք է հաստատեր հակախորհրդային տարրերի հետ, աջակցեր նրանց։ Մոեմը որպես գրող թափանցեց Պետրոգրադի գրական խմբակներ, որտեղ այն ժամանակ ամբողջ բարձրաշխարհիկ ազնվականությունն էր հավաքվում։ Նրանց շարքերում էր նաեւ ռուսական բուրժուական քաղաքական գործիչ Կերենսկին, ում հետ էլ սերտ կապեր հաստատեց։ Սակայն շուտով իրադրությունը կտրուկ փոխվեց։ Նոյեմբերի 7-ին Կերենսկու ժամանակավոր կառավարությունը տապալվեց, եւ բոլշեւիկներն իշխանությունը վերցրին։ Թեեւ Մոեմի առաքելությունը ձախողվեց, այնուամենայնիվ, նա գոհ էր արդյունքից. բավական նյութ էր հավաքվել իր գրական հերոսի՝ Էշենդենի համար (որի նախատիպը հենց հեղինակն է)։

Սոմերսեթ Մոեմը համարվում է լրտեսական իրապատում վեպերի առաջին հեղինակը։

Մոեմի գրվածքներն այնքան ճշմարտացի եւ իրական էին պատկերում հետախուզական օպերատիվ գործողությունները, որ հեղինակն ստիպված եղավ այրել դրանցից 14-ը։ Եվ դա եղավ այն բանից հետո, երբ Ու. Չերչիլը, ծանոթանալով ձեռագրերին, հայտարարեց. «Սըր, Դուք խախտում եք պետական գաղտնիքների ակտը»։

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ. 1940թ. նա տուն գնեց Հավանայից ոչ հեռու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածն էր, եւ նախկին զինվորականը որոշեց իր համեստ ավանդը ներդնել ֆաշիստների դեմ պայքարում։

Նա դիմեց Կուբայում Ամերիկայի դեսպանին առաջարկով` ստեղծել հետախուզական ցանց, որի իրագործումը ինքն իր վրա էր վերցնում: Թեեւ Հեմինգուեյը հռչակված էր բռնկուն խառնվածքով եւ արկածներ որոնողի համբավ էր վայելում, այնուհանդերձ դեսպանը ոչ միայն ընդառաջեց, այլ անգամ խոստացավ ամեն ամիս ամերիկյան հետախուզության ֆոնդից 500 դոլար տրամադրել: Խումբը գործեց 1941-1943թթ.:

ԿՀՎ տնօրեն Էդվարդ Գուվերը, որը չափազանց խստապահանջ ու մոլի կանոնապաշտ անձնավորություն էր եւ բացահայտ չէր ողջունում Հեմինգուեյի հետախուզական գործունեությունը, 1943թ. Կուբա ուղարկեց ԿՀՎ-ի պրոֆեսիոնալներին, որոնք Հեմինգուեյի կարիքն այլեւս չունեին։ Գրողը հետո կխոստովանի, որ այդ աշխատանքը իրեն հարուստ հումք տվեց «Ծերունին եւ ծովը» պատմվածքի համար, հենց որի համար էլ նա տարիներ անց արժանացավ Նոբելյան մրցանակի։

«Լրտեսներ. ՊԱԿ-ի թռիչքն ու անկումը Ամերիկայում» գրքում հանդիպում ենք մի զարմանալի փաստի. Հեմինգուեյը հաշվառված էր խորհրդային գործակալների ցուցակում` «Արգո» կոդային անվամբ…

Անգլիացի գրող, դետեկտիվների հեղինակ ԳՐԵՀԵՄ ԳՐԻՆԸ տկար առողջության պատճառով չկարողացավ մասնակցել Երկրորդ համաշխարհայինին։ Այդժամ որոշեց, որ միայն զենքով չէ, որ պատերազմում կռվում են, ուրիշ մեթոդներ եւս կան, օրինակ` լրտեսությունը։ Նա լրտեսների սերնդից էր. նրա պապի եղբայրը Մեծ Բրիտանիայի ռազմածովային հետախուզական ծառայության հիմնադիրն է համարվում։ Նրա եղբայրը լրտես էր Ճապոնիայում, քույրը ծառայում էր ՄԻ-6-ում։ Գրեհեմի ստեղծագործություններից շատերը նորաթուխ հետախույզների համար լավագույն ուսումնական ձեռնարկ կարող են լինել։

ՎՈԼՏԵՐ, ՔԻՊԼԻՆԳ, ՋՈՆԱԹԱՆ ՍՎԻՎԹ, ՋՈՆ ԼԵ ԿԱՌԵ, ԷՆԴՐՅՈՒ ՄԱՐՎԵԼ… Ահա եւ ոչ լրիվ ցուցակն այն գրողների, որոնք այս կամ այն կերպ համագործակցել են հետախուզական- լրտեսական գործակալությունների հետ։ Գեղեցիկ սեռը եւս հետ չէր մնում. հայտնիներից կարելի է նշել՝ Ստալինյան եռակի մրցանակակիր ՎԱՆԴԱ ՎԱՍԻԼԵՎՍԿԱՅԱ, խորհրդային շրջանի նշանավոր մանկագիր ԶՈՅԱ ՎՈՍԿՐԵՍԵՆՍԿԱՅԱ…

Հետախուզությունը եւ գրականությունը քայլել են ձեռք ձեռքի տված, և առանց վարանելու կարելի է ասել, որ դրանից շահել են ե՛ւ գրականությունը, ե՛ւ հետախուզությունը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Պատմության էջերից


09/11/2011