Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՐԾԻՎ-19»-Ը ՀՍԿՈՒՄ Է
«ԱՐԾԻՎ-19»-Ը ՀՍԿՈՒՄ Է

«ԱՐԾԻՎ-19»-Ը ՀՍԿՈՒՄ Է1993թ. մայիսի ութն էր: Նոր էի վերադարձել ճակատային գծից: Զենքը հանձնեցի հրամանատարիս և որոշեցի գնալ Շուշի՝ ներկա լինելու քաղաքի ազատագրմանը նվիրված տոնախմբությանը: Օրեր առաջ էինք ազատագրել Քաշաթաղի ներկայիս շրջանի հյուսիսային տարածքը և տեղափոխվել հարավ, այսպես կոչվող «Կոբրա» դիրքեր՝ ներկայիս Քաշաթաղի շրջանի Մելիքահող-Մեղվաձոր գյուղերի մոտակայք: Նշված գյուղերում մեր ջոկատների թիկունքային բազաներն էին: Լաչին-Բերձորից մոտ 15 կմ հարավ էր ճակատային գիծը, որը գրեթե մեկ տարի պահպանվում էր, իսկ թշնամին դեռ դիմադրում էր: Փորձեցի մեքենա կանգնեցնել, որ Շուշի հասնեմ: Բերձորի ներկայիս Խաղաղության հրապարակում զինվորներ կային: Նրանցից մեկը, նկատելով լուսանկարչական ապարատս, խնդրեց լուսանկարել. Էջմիածնի շրջանի «Արծիվ-19» ջոկատի ազատամարտիկներն էին: Հրամանատար Գառնիկ Գառնիկյանի հետ սպասում էին իրենց մեքենային, որպեսզի պարեն տանեն առաջնագիծ: Տեղեկանալով, որ լրագրող եմ, առաջարկեցին իրենց հետ առաջնագիծ գնալ, ջոկատի մասին գրել…

Մեքենայի թափքում զրուցում ենք: Ջոկատը, որն ստեղծվել է 1989 թվականին, մասնակցել է սահմանամերձ տարբեր շրջանների պաշտպանական մարտերին: Անցած ամռանը Վահան գյուղի սահմանապահ ուղեկալը պաշտպանելիս զոհվել էր Արամը, և այժմ ջոկատը կոչվում է Արամի անունով: Տիգրանն ու Գուրգենը վերջերս կամավոր Մարտակերտ են գնացել… Կռիվներից մեկի ժամանակ երկուսն էլ զոհվել էին:

Մութն արդեն թանձրանում էր, երբ տեղ հասանք: Անձրևը երկրորդ օրն էր՝ չէր դադարում: Կավահողը դժվարացնում էր քայլելը: Բարձրացանք դիրքեր: Դիմացը՝ անտառապատ բլրի վրա, թշնամու դիրքերն են, իսկ թիկունքում Կոռնիձորի լույսերն են կայծկլտում: Զեկուցում են հրամանատարին՝ օրն անցել է փոխհրաձգությամբ ու հրթիռակոծությամբ: Գետնափոր բլինդաժում հանգստանում են մյուսները՝ սպասելով իրենց ժամին: Այստեղ էլ է ցեխ: Վառարանի շուրջը մի կերպ տեղավորվել, թեյ ենք խմում: Տղաները երգում են: Թվում է՝ դժվարությունները նրանց համար չեն:

«ԱՐԾԻՎ-19»-Ը ՀՍԿՈՒՄ ԷՄանուկ Գրիգորյանն ու Մամիկոն Հակոբյանը սրախոսություններով կարճում են ժամանակը: Մամիկոնը շատ կռիվների է մասնակցել, վախ չունի՝ ասում է Գեղամ Սահակյանը՝ Քեռին: Ամենատարեցը ջոկատում 56-ամյա Ղևոնդն է, ամենակրտսերը՝ 16-ամյա Ղուկասն ու ազգությամբ եզդի Ալոյան Ալիխանը, որն այդ օրը հիվանդ էր, ջերմում էր, հազում. առավոտյան հազիվ համոզեցին ցած իջնել և դիմել բժշկի: Ստեփանյան Գուրգենը, որի 18-ը դեռ չի լրացել, արդեն երկու տարի է, ինչ ջոկատի կազմում է: Ջոկատում շատ են նաեւ այսպես կոչված «դասալիքները», որոնք տարբեր զորամասերից հեռացել են, եկել միացել Գառնիկի ջոկատին: Հրամանատարը գոհ է նրանցից: «Բոլորի անուններն էլ թող իմանան մեր հայրենակիցները, թող իմանան նաև, որ նրանք դասալիք չեն, այլ եկել են հայրենիքը պաշտպանելու: Ես շնորհակալություն կհայտնեմ նրանց ծնողներին: Օրինակ՝ Էջմիածնից Ռուբիկ Ղազարյանը և Ակնալիճից  Բալիկյան Հարությունը դիմել են իրենց զորամասերի հրամանատարությանը՝ խնդրելով ուղարկել ճակատ: Մերժել են, և նրանք միացել են մեզ,-ասում է հրամանատարը:

Հորդառատ անձրևի պատճառով գիշերը բլինդաժի առաստաղը փլվեց: Բարեբախտաբար, ոչ ոք չտուժեց: Մառախլապատ առավոտը բացվեց թշնամու տանկի արձակած արկի պայթյունով: Հողը ցնցվեց: Անձրևը մաղում էր ու մաղում: Ցերեկվա լույսով երեւում էր, թե ինչքան հողային աշխատանք են կատարել տղաները՝ խրամատ ու դիտակետ, բլինդաժ կառուցել:

Ճակատային դիրքից կաղալով մեզ մոտեցավ Սամվել Գևորգյանը: «Վերքը դեռ չի լավացել, բայց չի ուզում բուժման գնալ»,- ասաց հրամանատարը: Սամվելի հետ էր նաև գյումրեցի Աշոտ Մանուկյանը, որը երկրաշարժի ժամանակ կորցրել է կնոջն ու աղջկան: «Մինչեւ հիմա տուն չունի, հույս էլ չկա: Մի՞թե այդպես ճիշտ է»,- վրդովված ասացին Աշոտի ընկերները: Քիչ անց մի քանի անգամ կրկին հողը ցնցվեց արկերի պայթյունից…

«ԱՐԾԻՎ-19»-Ը ՀՍԿՈՒՄ ԷԼուսանկարվեցին տղերքը, բարձրացավ տրամադրությունները: Վստահ են. շուտով կճեղքեն թշնամու պաշտպանությունն ու կանցնեն առաջ՝ դեպի Արաքս: Ամիսներ անց այդպես էլ եղավ. ազատագրվեց Արցախի և Մայր հայրենիքի միջև եղած հարավային անջրպետը՝ Հակարի, Ողջի գետերի  ավազանը, և հասանք Մայր Արաքսին…

Հրաժեշտ տվեցի նոր ծանոթներիս, և հրամանատարի ու հիվանդ ազատամարտիկների հետ իջանք Մելիքահող… Այդ տարի ևս մի քանի անգամ հանդիպեցի Գառնիկին ու իր տղաներին: Մի անգամ էլ  ինձ և «Ուրբաթ»-ի խմբագիր Սամվել Խաչատրյանին ջոկատով հրավիրեցին Ակնալիճ, որտեղից էր Գառնիկը՝ 8 քույրերի միակ եղբայրը: Այստեղ սկսել էր պայմանագրային զորամաս գործել՝ Գառնիկի հրամանատարությամբ:

…1997թ. փետրվարին Արմավիրից վերադառնում էի Երևան, որոշեցի հանդիպել Գառնիկին: Քիչ էր մնացել, որ հասնեի նրանց տուն, չգիտեմ ինչու՝ մտքովս անցավ որևէ մեկին հարցնեմ Գառնիկի մասին: Զինվորական հագուստով մի պատանի էր անցնում ճանապարհով. «Հորքուրիս ամուսինն էր Գառնիկ Գառնիկյանը,- ասաց պատանին:- Զոհվել է Հորադիզում՝ 1994-ի գարնանը: Փորձել էր ականի վրա կանգնած մարտական ընկերոջը փրկել, սակայն պայթյունը երկուսի կյանքն էլ խլել էր…»:

Զ. ԸՌՔՈՅԱՆ