Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՍԵՐԳԵՅ ԱՎԴԵՅԻ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1918թ. մայիսի 28-ին Պրոլետարսկայա ստանիցայում (Ռոստովի մարզ, Ռուսաստան), բանվորի ընտանիքում:

Սերգեյ Ավդեյի Բուռնազյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, օդաչու, ավագ լեյտենանտ:

Ծնողների հետ տեղափոխվել է Խերսոն, այնուհետեւ՝ 1931թ. Երեւան: Ավարտել է Ա.Ս.Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, աերոակումբի օդաչուական դպրոցը:

1937թ. Ս.Բուռնազյանն ընդունվել է ավիաակումբ: Ուսումնառությունից հետո գործուղվել է Խերսոնի կործանիչ ավիացիայի ռազմական դպրոց: Ավարտելով այն՝ դարձել է օդաչու: Իբրեւ հրահանգող օդաչու աշխատել է նույն կրթօջախում:

1938թ. եղել է Կարմիր բանակում:

1940թ. ավարտել է ՕՍՕԱՎԻԱՔԻՄ-ի Խերսոնի ավիացիոն դպրոցը եւ որպես հրահանգող օդաչու ծառայել է նույն հաստատությունում:

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից եղել է ռազմաճակատում՝ կարճ ժամանակում արժանանալով խիզախ օդաչուի փառքին:

1942թ. լինելով գործող բանակում՝ այդ տարվա հունվար-հոկտեմբերին ՀՕՊ 102-րդ կործանիչ ավիացիոն դիվիզիայի 629-րդ կործանիչ ավիացիոն գնդի կազմում Ի-16 ինքնաթիռով մասնակցել է Ստալինգրադի օդային պաշտպանությանը, թշնամու հարվածամիջոցներից պաշտպանել դեպի քաղաք տանող երկաթուղու միջկայարանային ուղեմասերն ու բուն կայարանները: Չորս ամսում՝ 1942թ. հունիս-հոկտեմբերին, Բուռնազյանն անցկացրել է 23 օդամարտ՝ անձամբ խփելով թշնամու 5 օդանավ, եւս 2-ը՝ խմբի կազմում:

1942թ. հոկտեմբերին լեյտենանտ Բուռնազյանը նշանակվել է Հարավարեւմտյան ռազմաճակատի 17-րդ օդային բանակի 288-րդ կործանիչ ավիացիոն դիվիզիայի 866-րդ կործանիչ ավիացիոն գնդի էսկադրիլիայի հրամանատար: Նրա էսկադրիլիայի օդաչուները կատարել են 815 մարտական թռիչք, 65 օդամարտում կործանել թշնամական 62 ինքնաթիռ: Հրամանատարն ինքը անցկացրած 63 մարտում Յակ-7 ինքնաթիռով խփել է ֆաշիստական 17 օդանավ: Իսկ ռազմաճակատում եղած միայն մեկուկես տարում ավագ լեյտենանտ Բուռնազյանը կատարել է 224 մարտական թռիչք, որոնցից 86-ում անձամբ խփել է ֆաշիստական 22 ինքնաթիռ, երկուսն էլ՝ խմբի կազմում:

1944թ. ապրիլի 15-ին, երբ ավիագնդի օդաչուները փոխադրագնացքով գնում էին թիկունք՝ նոր ինքնաթիռներ ստանալու, էշելոնը ենթարկվել է թշնամու ավիահարձակմանը, եւ Սերգեյ Բուռնազյանը զոհվել է:

1944թ. օգոստոսի 2-ին ավագ լեյտենանտ Սերգեյ Ավդեյի Բուռնազյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ:

Պարգեւատրվել է նաեւ Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով ու մեդալներով:

Խիզախ բազեի մարմինը հողին է հանձնվել Բորիսոգլեբսկ քաղաքում (Վորոնեժի մարզ, Ռուսաստան):

Ս.Ա.Բուռնազյանի անունն է կրում Հայաստանի Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի դպրոցը: