Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱ ԻՐ ԱՆՎԱՆ ԴԻՄԱՑ Է ԳՐԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱ ԻՐ ԱՆՎԱՆ ԴԻՄԱՑ Է ԳՐԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱ ԻՐ ԱՆՎԱՆ ԴԻՄԱՑ Է ԳՐԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸԲարձրահասակ, թիկնեղ, լուրջ ու խոհուն հայացքով երիտասարդ փոխգնդապետը զինվորականին վայել  զգաստ և առինքնող կեցվածքով լավ տպավորություն թողեց: Քիչ է ասել՝ լավ. նրա խոսքն ու գործը աներկբա վկայում են  ծառայության, ստանձնած առաքելության հանդեպ անսահման նվիրումի, կամքի ու ջանքի գործադրման մասին:

-Կատարյալ զինվորականի, ուսյալ, գրագետ սպայի մարմնացում է փոխգնդապետ Հարությունյանը,- ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Պողոսյանն ու թվարկում երիտասարդ սպայի շատ ու շատ այլ արժանիքները:

Տասնյակ գերատեսչական մեդալներն ու պատվոգրերը հաստատում են հրամանատարի ասածը: «Բարեխիղճ ծառայության, օրինակելի զինվորական կարգապահության, մասնագիտական բարձր պատրաստվածության ու մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, խելամիտ նախաձեռնողականության համար»,- կարդում ենք պատվոգրերում ու շնորհակալագրերում: Այս ամենին եթե ավելացնենք նաև ֆիզպատրաստության ոլորտում և առհասարակ սպորտում՝ շախմատ, սեղանի թենիս, ֆուտբոլ և այլ մարզաձևերում երիտասարդ, դեռ երեսունհինգը չբոլորած սպայի հաջողությունները, միանգամայն ամբողջական կդառնա նրա՝ որպես զինվորականի կատարյալ նկարագիրը:

-Ավարտական՝ տասներորդ դասարանում էի սովորում, երբ դպրոցի միջանցքում փակցրած մի հայտարարություն կարդացի՝ ռազմական բուհեր ընդունվելու մասին: Մեկ շաբաթ  ամեն օր դասի գնալիս, երկար դասամիջոցին և տուն վերադառնալիս, մոտենում ու կարդում էի այդ հայտարարությունը: Այնքան էի կարդացել, որ անգիր էի արել այդ հայտարարությունը,- ժպտում է:- Մի օր էլ ծնողներիս տեղեկացրի իմ որոշման մասին: Ինչպես ասում են՝ ընտանեկան խորհրդով ծանր ու թեթև արեցինք ու եկանք այն մտքին, որ եթե ես սրտանց ցանկանում եմ այդ ճանապարհով գնալ, ծնողներս դեմ չեն լինի: Ավելին՝ ինչով կարող են՝ կաջակցեն: Երբ ընդունելության քննությունները հանձնեցի և հավաքեցի 76 միավոր (առավելագույնը 80-ն էր), ինձ ասացին՝ եթե ցանկանում եմ, կարող եմ արտերկրի որևէ բուհում ուսանել: Ես ընտրեցի ՌԴ Ուլյանովսկ քաղաքի ռազմական կապի համալսարանը:

ՆԱ ԻՐ ԱՆՎԱՆ ԴԻՄԱՑ Է ԳՐԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸՈւսումը հինգ տարով էր, բայց ես ավարտեցի միայն չորրորդ կուրսը: Ընտանեկան պայմաններից ելնելով՝ վերադարձա և ավարտական հինգերորդը սովորեցի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կապի ֆակուլտետում:

-Առաջին կարգի կապավո՞ր եք,- ցույց տալով կրծքին ամրացված նշանը՝ հարցնում եմ փոխգնդապետին:

-Դեռ կուրսանտական տարիներից,- ժպտալով ասում է նա,- Ուլյանովսկում  շնորհեցին՝ երրորդ կուրսում: Ի դեպ, երեք անգամ քննություն հանձնեցի, ինչն այնքան էլ հեշտ չէր: Ուսանողի լեզվով ասած՝ ամբողջովին տքնանք ու տառապանք:

Ավիացիոն համալսարանն ավարտելուց հետո լեյտենանտ Հարությունյանը ծառայության է նշանակվում զորամասերից մեկում՝ որպես կապի դասակի հրամանատար: Ծառայության ութ տարիների ընթացքում բարեխիղճ ծառայության ու մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ նա հասնում է մինչև զորամասի կապի պետի պատասխանատու պաշտոնին: 2013 թվականին ճանաչվում է պաշտպանության բանակի լավագույն կապի պետ և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվում «Ղարաբաղյան Շարժում-25» ոսկեզօծ հուշամեդալով: Իր պարգևների մոտ մեկ տասնյակի հասնող գերատեսչական՝ «Ծովակալ Իսակով», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալների մասին խոստումնալից սպան հպարտությամբ է խոսում, հատկապես Հուշամեդալի մասին, քանի որ դրանով պարգևատրվել են միայն 25 հոգի:

-Այս հուշամեդալը բացառիկ է ամեն առումով, և ես նույնիսկ այն տուփից չեմ փորձել հանել,- ասում է փոխգնդապետը:

2014 թվականին մայոր Հովհաննես Հարությունյանը հանձնում է քննությունները և ընդունվում ՌԴ Սանկտ Պետերբուրգի Ռազմական կապի ակադեմիա: Ի դեպ, հատկացված միակ տեղն այդ տարվա շրջանավարտներից բաժին է հասնում հենց նրան:

-Կապի մասնագետների պատրաստման բացառիկ դարբնոց է Սանկտ Պետերբուրգի Ռազմական կապի ակադեմիան: Այնտեղ, առանց չափազանցության, ուսանելու են գալիս աշխարհի տասնյակ երկրներից և միայն լավագույնները:

Եվ նրա հիշողության մեջ շարժապատկերների նման իրար են հաջորդում ուսումնական տարիների ուրախ ու զվարթ, դրանց կողքին նաև դժվարին պահերը: Հովհաննեսն  անթաքույց հուզմունքով ու սիրով է հիշում ակադեմիայում իր հետ ուսանած ռուս և բելառուս, ուկրաինացի և մոլդովացի, ղազախ և ալժիրցի, կորեացի և չինացի ընկերներին:

-Սպայական համերաշխ կյանքը, ուսումնական դժվարին փորձությունները մեր կուրսի կոլեկտիվը դարձրին ավելի համախմբված,- հիշում է Հովհաննեսը:

Ակադեմիան ավարտելուց և մագիստրոսի գիտական աստիճան ստանալուց հետո մայոր Հովհաննես Հարությունյանին արդեն Հայրենիքում շնորհվում է նաև փոխգնդապետի զինվորական կոչում, և նա նշանակվում է կապի զորամասերից մեկի հրամանատար:

-2016 թվականին  պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանն իր մոտ հրավիրեց տարբեր մասնագիտությունների գծով ակադեմիական կրթություն ստացած հինգ տասնյակ սպաների և զրույցի ժամանակ հարցրեց, թե ակադեմիական կրթություն ստացածներիս մեջ ով է նշանակվել հրամանատարական պաշտոնի: Ես ձեռքս բարձրացրի, մի քայլ առաջ եկա ու ներկայացա: Նա շնորհավորեց ինձ ու ասաց. «Անվանական դաշույնի հետ այս 25 տարվա Հոբելյանական կոնյակը, ընդունված ավանդույթի համաձայն, քեզ եմ նվիրում»:

ՆԱ ԻՐ ԱՆՎԱՆ ԴԻՄԱՑ Է ԳՐԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸԱյսօր փոխգնդապետ Հովհաննես Հարությունյանը ծառայում է զինված ուժերի կապի զորամասերից մեկում՝ որպես հրամանատարի տեղակալ:

-Մեր զորամասը կապի լավագույն մասնագետների պատրաստման զորեղ դպրոց է, որի գործառույթների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է: Տարիների ընթացքում զինվորական այս կուռ ընտանիքում կամ, ինչպես մենք՝ կապավորներս ենք ասում, կապի հանգույցում, ծառայել և այսօր էլ շարունակում են ծառայել բացառիկ մասնագետներ, ոլորտի գիտակ արհեստավարժներ, որոնք սահմանված ժամկետներում կարող են կատարել ամենաբարդ առաջադրանքները: Մեր զորամասում օգտագործվող տեխնիկան գերժամանակակից է, թվայնացված և համապատասխանում է արդի գործող բոլոր չափանիշներին: Մեր կապը հուսալի է և լիարժեք պաշտպանված:  Անհամեստություն թող չթվա, եթե ասեմ, որ մենք հասել ենք զարգացման այնպիսի մակարդակի, ինչի մասին բազմիցս համագործակցության ամենատարբեր շրջանակներում հիացմունքով են արտահայտվել արտերկրի մեր գործընկերները,- ասում է փոխգնդապետ Հարությունյանը:

-Մտադիր եմ գիտելիքներս  կատարելագործել, բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն ստանալ: Նաև գիտական թեզ պաշտպանելու և տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար կրկին ընդունվել Սանկտ Պետերբուրգի Ս.Մ.Բուդյոննու անվան Ռազմական կապի ակադեմիա, ադյունկտուրա,-վերջում  ապագայի իր ծրագրերի շուրջ  է  մեզ հետ կիսվում զորամասի կապի պատասխանատուն:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ