Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՈՒ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ
ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՈՒ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՈՒ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄՍահման, առաջնագիծ… Մարտական հերթապահություն իրականացնող ուժեղ ու նվիրյալ դիրքապահ տղաների ծառայավայր՝ ամենաբարձր հենակետ այցելեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Գևորգ Ղարիբյանը:

-Սա իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է: Դիրքապահ զինվորների հետ հանդիպումն ինձ համար ոչ միայն ոգևորող, այլև պարտավորեցնող է,- ասում է չեմպիոնը;

Հակառակորդին այսքան մոտ, բարձրադիր ու մեկուսի այս դիրքում, սարերին ու լեռներին արդեն ընկերացած տղաներին էլ ո՞վ կարող էր ավելի ոգևորել, եթե ոչ Եվրոպայի առաջնությունում իր հակառակորդներին, որոնց թվում՝ ադրբեջանցի և թուրք ըմբիշներ, գետնած ըմբիշը:

-Գևորգ ջան, թուրքին ո՞նց հաղթեցիր, տեսնեիր, թե զորքը ոնց էր ցնծում: Տղերքի ձայնը ողջ տարածքն էր բռնել,- մինչ մարզիկի հետ ծանոթանալը՝ դիրքի ավագն է շտապում ու տալիս առաջին հարցը:

-Այդ գոտեմարտը ինձ համար սկզբունքային էր մի քանի առումով, և ես հաղթեցի: Եվ իմ հաղթանակում շատ մեծ է նաև ձեր ներդրումը, քանզի դուք այստեղ՝ սահմանին կանգնած ամեն օր  մեր երկրի խաղաղությունն եք ապահովում, իսկ մենք էլ պարտավոր էինք մեր «ռազմադաշտում» հաղթել ու եռագույնը բարձրացնել:

Այս տարվա փետրվարին Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Գևորգ Ղարիբյանը 60 կգ քաշային կարգում տեխնիկական հնարքով պարտության մատնեց թուրք  ըմբիշ Քերեմ Քամալին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Իսկ քառորդ եզրափակչում հայ մարզիկը բացահայտ առավելությամբ եւ ժամանակից շուտ հաղթանակի էր հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ: Իր հաղթանակը Գևորգը նվիրեց Հայկական բանակին:

-Երբ կանգնեցի պատվանդանին, հասկացա, որ իմ հաղթանակը ձերն է, տղե՛րք ջան,  դու՛ք եք այսօրվա մեր իրական  հերոսները,- դիրքապահներին դիմելով՝ ասաց մեր հերոսը:

Եվրոպայի չեմպիոնն իր մարզական հաղթանակներով Հայաստանի դրոշը Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներից բարձր պահելով է ոգեշնչում հայրենիքի խրամատներում մարտնչող մեր զինվորներին: Նա խոստացավ՝ հաջորդիվ բոլոր հաղթանակները նույնպես նվիրելու է նրանց: Իսկ թե՝ մենամարտի ժամանակ ինչպես էր իրեն պահում ադրբեջանցի ըմբիշը, հարցին ի պատասխան՝ Գևորգն ասաց.

-Ադրբեջանցի ըմբիշը վատ էր գոտեմարտում, մարզիկին անվայել սպորտային պահվածք ուներ ու պարբերաբար գլխով հարվածում էր, բայց ես տիրապետում էի ինձ ու  չտրվեցի նրա սադրանքներին: Գոտեմարտի ամբողջ ընթացքում միայն մի բան էի մտածում՝ ինչ գնով էլ լինի՝ հաղթել:

Մի քանի ժամ ընթացող ջերմ ու անմիջական զրույցից հետո, սահմանապահների խնդրանքով, հայ չեմպիոնը մարտական հենակետի ամենաանվտանգ հատվածում մենամարտի իր փորձն է  փոխանցում տղաներին, հաղթական հնարքներ ցույց տալիս,  նրանց  հետ ուժն է չափում, նաև… մենամարտում:

Սա Գևորգ Ղարիբյանի առաջին այցն է մարտական հենակետեր: Տղաների ուղեկցությամբ նա շրջում է դիրքում, ծանոթանում կառուցվածքին, իր դիտարկումն է անում,  ուսումնասիրում է հակառակորդի դիրքերն ու նշանառության տակ առնում հավանական շարժը:  Ասում է, որ այստեղ՝ հենակետում, հայրենիքի ուժն ու նրա հանդեպ սերն առավել ես զգում. «Ես շնորհակալ ու երախտապարտ եմ մեր զինուժին»:

Հայկական բանակի զինվորներն առանձնահատուկ նշանակություն են տալիս եռագույնը բարձրացրած մեր չեմպիոնի այցին:

-Հակառակորդը պետք է սա տեսնի ու հասկանա, որ իրենց միայն առաջնագծում չենք հաղթում, բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև մարզական ու մարտական, հաջողություններ ենք գրանցում ու համախմբված հաղթում ենք,- ասում է դիրքապահ Արմանը:

Ոգեշնչող ու անմոռանալի հանդիպման ավարտին Գևորգն ու դիրքապահները միմյանց հրաժեշտ են տալիս արդեն ընկերներ դարձած: Այս բաժանումը նորանոր հանդիպումներ է խոստանում. հայ չեմպիոնը նորից կայցելի մեր սահմանապահներին արդեն իր մարտական ընկերների հետ:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ