Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՐՈՒՅՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԵՏ
ԶՐՈՒՅՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԵՏՄայիսի 22-ին լրացավ լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի 81-ամյակը: Ժողովրդի մեջ առավելապես ԿՈՄԱՆԴՈՍ պատվանունով հայտնի գեներալը 28 տարի առաջ հմտորեն ղեկավարում էր Հայոց մշակույթի հնամենի ոստան, իսկ 20-րդ դարավերջին մեր ոխերիմ հարևանների կողմից օձերի բույնի վերածված Շուշի քաղաքի ազատագրական գործողության մարտերը: Գործողությունը, որ կոչվում էր «Հարսանիք լեռներում», առանց դույզն-ինչ երկմտելու, կարելի է դասել հայոց ազատամարտի լավագույն մարտական գործողությունների շարքը:

 

-Ինչո՞ւ «Հարսանիք լեռներում»,- հարցնում եմ սիրված գեներալին:

-Ինչպես գիտեք, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Շուշին դարձել էր Ստեփանակերտն ու շրջակա հայկական գյուղերը հրետակոծելու, դրանք անընդհատ հարվածների տակ պահելու ռազմավարական լավագույն հենակետը,- ասում է գեներալն ու շարունակում:- Համակերպվել ստեղծված իրավիճակին նշանակում էր ստույգ կործանման դատապարտել ոչ միայն Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը, այլև Արցախն ամբողջությամբ, և, ինչու չէ, ամբողջ Հայաստանը, քանի որ ադրբեջանցիները լավ ախորժակ ունեն և անգրագետներին ու անտեղյակներին համոզում են, որ Հայաստանն ի սկզբանե իրենց տարածքն է, հայերն էլ՝ եկվոր:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ պաշտպանության պետական կոմիտեն որոշում ընդունեց լռեցնել Շուշիի կրակակետերը: Իսկ առանց քաղաքը գրավելու դա անհնար էր կամ հնարավոր՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ հնամենի եկեղեցին, քաղաքի մյուս հայկական ճարտարապետական հուշարձանները հիմնահատակ ավերելու թանկ գնով, քանի որ ադրբեջանցիները հեռագնա խորամանկությամբ հիմնական կրակակետերը տեղադրել էին հուշարձանների ներսում կամ դրանց հարակից տարածքներում: Միակ ճիշտ լուծումը քաղաքը գրոհով վերցնելն էր: Եվ ահա, ազատագրման գործողության մշակման աշխատանքային պահերից մեկի ժամանակ շտաբ մտավ Վազգեն Սարգսյանն ու հարցրեց. «Տղե՛րք, ի՞նչ բանի եք»: Զեկուցեցի, որ Շուշիի ազատագրման պլանի վրա ենք աշխատում: «Տղե՛րք, վախենամ՝ գլուխ չհանենք,- մտահոգ ասաց Վազգենը,- մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել…»:

-Որ վերցնենք, կամուսնանա՞ս,- հարցրի Վազգենին:

-Հա՛, կամուսնանա՛մ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,- ժպտալով պատասխանեց նա:

Քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա է, որոշվեց գործողությունն այդպես էլ կոչել՝ «Հարսանիք լեռներում»:

Վազգենի հարսանիքը Շուշիում, ցավոք, չկայացավ, բայց քաղաքի ազատագրումը հակառակորդից կրկնակի անգամ պակաս մարդուժով, զենք-զինամթերքով, փոքրաթիվ զոհերով, կոտրեց Ադրբեջանի ողնաշարը, հայերիս մեջ ամրապնդեց նույնիսկ անհավատալի պայմաններում հաղթելու կամքը, մեր զինվորն ու սպան վերջնականապես ձերբազատվեցին պապերից տխուր հիշատակ մնացած պարտվողի բարդույթից, իսկ վերջին 70 տարում հայաթափված քաղաքը վերստին իր գիրկն ընդունեց Շուշիի իսկական տերերին, նորից ղողանջեցին Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը, կյանքը մտավ բնականոն հուն, բացվեց Արցախը Հայաստանին միացնող ցամաքային ճանապարհը։

-Հիշո՞ւմ եք 1994թ. մայիսի 12-ը,- հարցնում եմ գեներալին:

Կոմանդոսը բազմանշանակ ժպիտով պատասխանում է.

-Մի՞թե այդպիսի օրերը մոռացվում են։ 26 տարի առաջ այս օրը մենք ստիպեցինք մեր դեմ սուր բարձրացրած հակառակորդին ծնկի իջնել։ Տեսնելով, որ մենք անպարտելի ենք, ու իրենց հիմար «չարաճճիությունները» կարող են ավարտվել Բաքվում, նրանք աղաչանք-պաղատանքներով դիմեցին Ելցինին, Նազարբաևին, ԱՊՀ մյուս պետությունների ղեկավարներին՝ հանդես գալու որպես հրադադարի միջնորդներ։ 1994 թվականի այդ օրը մենք ուժեղին հատուկ ներողամտությամբ ու մեծահոգաբար համաձայնեցինք դադարեցնել մարտական գործողությունները»։

-Դուք ճի՞շտ եք համարում այդ մեծահոգությունն ու համաձայնությունը,- հարցնում եմ։

-Որպես զինվորական, ես իրավունք չունեի, այսօր էլ չունեմ քննարկելու երկրի բարձրագույն ղեկավարության քաղաքական որոշումները, բայց՝ որպես մարդ, քաղաքացի, գործի կեսից հետ քաշվելը համարում եմ սխալ, որովհետև, նախ՝ մենք չէինք նախահարձակը, ադրբեջանցիներն իրենք էին սկսել պատերազմը։ Սկզբում մենք ո՛չ պատրաստ էինք պատերազմելու, ո՛չ էլ դրա ցանկությունն ունեինք։ Սկսե՞լ էին, թող պատրաստ լինեին վայելելու նաև պատերազմի դառը պտուղները։ Ինչի՞ վրա էին հույսները դրել՝ խորհրդային բանակի՞, իրենց ունեցած մեծաքանակ մարդուժի՞, զենք-զինամթերքի՞, թուրքական ու մահմեդական մյուս պետությունների օգնության ու Աֆղանստանում, Չեչնիայում, այսօր էլ Սիրիայում վայրենություններ գործած ու գործել շարունակող վայրենաբարո ավազակների՞։ Բայց չէ՞ որ պատերազմների պատմությունը սովորեցնում է, որ մի բան է սեփական հողը պաշտպանելը, մեկ այլ բան՝ ուրիշի ունեցածը խլել փորձելը։ Այդ ո՞ր զավթիչն է երկարատև հաջողություն ունեցել, որ իրենք ունենային։ Ինձ մնար, ես պատերազմը կշարունակեի բուն Ադրբեջանի հողում, որից հետո կքաշվեի այն սահմանները, որ մենք աներկբա հնարավորություն ունեինք պահելու։ Իսկ որ 1994 թվականին մենք դա կարող էինք, անկասկած է, քանի որ՝ կրած պարտությունները լիովին կազմալուծել էին ադրբեջանական՝ այդպես էլ չկայացած բանակը, իսկ Արցախի բանակն օր օրի ավելի էր հզորանում, ղարաբաղցիներն էլ, ինչպես միշտ, պատրաստ էին շարունակելու հաղթական կռիվները։ Բացի այդ, եթե մենք շարունակեինք մեր ազատագրական պայքարը, Ադրբեջանում ինքնորոշման հարց կբարձրացնեին երկրի բնակչության մեծամասնությունը կազմող ազգային փոքրամասնությունները՝ ավարները, թալիշները, լեզգիները, ուդիները… Մի խոսքով, Ադրբեջանը կդադարեր պետություն լինելուց և այսօր չէր հոխորտա ու նոր պատերազմներ չէր հրահրի։

-Արկադի Իվանիչ, հայտնի է, որ պատերազմի ոչ միայն սկզբում, այլև ամբողջ ընթացքում ադրբեջանցիները թե՛ թվակազմի և թե՛ զենքի ու զինամթերքի քանակով առավելություն ունեին։ Բայց մենք հաղթեցինք:

-Духом, духом,- ռուսերենով պատասխանում է գեներալն ու ավելացնում,- Հիշո՞ւմ ես` ի՞նչ էին ասում կռվողներն իրար՝ մեկին չորսը, ով խփվի, դավաճան է։ Այո՛, մեր մեկ զինվորը կռվում էր թշնամու չորսի դեմ ու հաղթում։ Հաղթում էինք, որովհետև մեր տունուտեղն էինք պահում, մեր հողը։

Ադրբեջանցիները իրականում տրամադրված չեն կռվելու, կռիվն այդ երկրի ոչ լեգիտիմ իշխանություններին է պետք, նրանք խաղում են իրենց ժողովրդի զգացմունքների հետ, իսկ զինվորը, եթե տատանվեց, ստիպողաբար կռվի գնաց, կլինի այնպես, ինչպես եղավ…

-Ուզում եք ասել՝ ճի՞շտ էր նրանց վերլուծաբան Էլմար Հուսեյնովը, որ ասում էր՝ քոչվորը չի կարող հող պաշտպանել։

-Միանգամայն, դրա համար էլ Ադրբեջանում եզակի ճշմարտախոս այդ տղան իր երկրի ծայրահեղ ազգայնականների կողմից սպանվեց։

-Պարոն գեներալ, այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է մերին, նրանք սկսել են զենք-զինամթերք արտադրել, նույնիսկ պատրաստվում են ուղղաթիռներ թողարկել և սեփական կարիքները բավարարելուց բացի, վաճառել։ Չե՞ք կարծում, որ վաղը, մյուս օրը նրանք ռևանշի կդիմեն ու մեզ կկանգնեցնեն փաստի առաջ։

-Բոլորովի՛ն,- կտրուկ պատասխանում է գեներալը,- Ադրբեջանն այդպես էլ բանակ չունեցավ, իրենք էլ դա լավ գիտեն։ Շատ փողը դեռ բանակ չէ, մանավանդ հայտնի է, թե այդ փողերն ինչպես են ծախսվում։ Նրանց գեներալները փաստացի էժան, բայց թղթի վրա թանկ ձևակերպումներով գնեցին ու իրենց մոտ տեղափոխեցին ուկրաինական բանակի դուրս գրած ամբողջ «տեխնիկան»։ Բերեմ միայն մեկ օրինակ՝ լրիվ նոր «ՄԻԳ» կործանիչները Ռուսաստանը վաճառում է 33 միլիոն դոլարով, իսկ մեր հարևան «խելոքները» տասնյակ տարիներ շահագործված, դուրս գրման ենթակա նույն ինքնաթիռները ուկրաինացիներից գնել էին 29 միլիոնով ու ձեռքը կրակն ընկել. բազում անգամ դրանք թռիչքն ավարտեցին օդում պայթելով։ Պատահական չէ, որ այս փաստերին հետամուտ նրանց օդուժի գլխավոր հրամանատար գեներալը գնդակահարվեց իր տան մոտ։ Բացի այդ, թե՛ հայր և թե՛ որդի Ալիևների հոխորտանքները միայն բլեֆ են, սեփական ժողովրդի աչքերին թոզ փչելու, միլիարդավոր նավթադոլարները լափելու միջոց։ Ադրբեջանցիները լավ են հասկանում, որ պատերազմի վերսկսումը կավարտվի Բաքվում։ Ինչ վերաբերում է ինձ, ես կասկած չունեմ… Մյուս պատճառը. ադրբեջանցիները սովոր են խմբային մարտի: Իրենք իրենց լավ են զգում, երբ շատ են, դիմացինը՝ թույլ ու փոքրաթիվ: Հենց որ դեմ են առնում զորեղ ուժի, խուճապի են մատնվում: Սա, ինչպես ասում են, շան սինդրոմ է: Երեխային էլ հասկանալի է, որ շունը վազում է հետևիցդ, քանի փախչում ես, բայց հետ է դառնում ու փախչում, երբ նրան հետապնդում ես: Ժամանակին ռուս խոշորագույն զորավար Սուվորովն ասում էր. «Դժվարը թուրքին փախչել պարտադրելն է: Հենց նա սկսեց փախչել, անհնար է բռնել…»:

-Պարոն գեներալ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարբեր ամբիոններից բազմիցս ասել և շարունակում է կրկնել, որ Ղարաբաղը երբեք անկախ չի լինելու:

-Ինչ ասեմ, խոսել Ալիևները սիրում են… Ավելին՝ նրանց ավագ եղբայր թուրքերն էլ են մեխանիկորեն դա կրկնում։ Դե, նրանց ախորժակը ժամանակին լիուլի բավարարվել է, պարզապես մոռացել են, որ հիմա 1915 թվականը չէ… Այդ խոսակցությունները հիմնականում ներքին սպառման, երկրի տիրոջ դեմքը պահպանելու համար են: Նման արտահայտությունները կարելի է համարել լոկ ինքնահաստատման նպատակով տեղեկատվական խաղեր: Ո՛չ ավելին: Գիտե՞ք, կա հասարակ դարձվածք՝ «Ցանկանալը վնաս չէ»: Տվյալ դեպքում այլ կերպ չես էլ ասի: Կարելի է թափահարել բռունցքները: Սակայն, եթե այնտեղ փոքր-ինչ ավելի վստահ լինեին, որ կարող են իրականացնել իրենց զավթողական արկածախնդրությունը, վաղուց արդեն հերթական պատերազմը սանձազերծած կլինեին: Հնարավոր է՝ նրանց ներուժը միշտ էլ ավելի մեծ է եղել ե՛ւ անձնակազմի, ե՛ւ տեխնիկայի, ե՛ւ սպառազինության առումով: Այդպես է եղել նաեւ 1992-94թթ. մարտական գործողությունների ժամանակ: Իսկ Ադրբեջանը շրջափակվա՞ծ էր Հայաստանի պես: Իսկ նավթ այն ժամանակ մի՞թե չունեին: Կամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այնտեղ մնացած ավելի քան 11 հազար վագոն սպառազինությունը քի՞չ էր: Սակայն այն ժամանակ Ադրբեջանն իր նպատակներին չկարողացավ հասնել: Չի կարողանա եւ հիմա ու նաև տեսանելի ապագայում՝ մանավանդ, որ ադրբեջանական բյուջեն լիուլի լցնող, ռազմական ծախսերն առանց դժվարության ֆինանսավորող նավթի գներն անկում են ապրել: Վկան՝ ադրբեջանցիների հրահրած 2016 թ. ապրիլի չորսօրյա սադրանքը: Ադրբեջանցիները տարիներ շարունակ նախապատրաստվել էին այդ գործողություններին, սպայական անձնակազմեր էին վարժեցրել Թուրքիայում, նրանցից զենք-զինամթերք էին ձեռք բերել, Իսրայելից էլ՝ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Ներգրավված էին թուրքական ու ԻԳԻԼ-ի զինվորներ ու սպաներ: Եվ ի՞նչ: Այս անգամ արդեն Արցախի կանոնավոր բանակի մարտիկների կողմից հուժկու հակահարված ստանալուց, բազմաթիվ զոհեր տալուց հետո, ինչպես միշտ, ընկրկեցին ու…նորից վազեցին օգնություն խնդրելու: Նորից Ռուսաստանի միջնորդությամբ մենք մեծահոգաբար ներեցինք՝ չցանկանալով անմեղ երիտասարդների արյուն հեղել:

-ԵՍ ՉԵՄ ԶԼԱՆՈՒՄ ԿՐԿՆԵԼ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՐԱՀՐՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԲԱՔՎՈՒՄ,-զրույցն այսպես է եզրափակում հաղթանակած զորավարը:

 

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռազմական պատմաբան-վերլուծաբան