Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՓՈՐՁՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԸ
ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՓՈՐՁՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԸ

ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՓՈՐՁՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԸՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ամառային եւ ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են ճամբարային հավաքների, դաշտային ելքերի ուսումնական կենտրոններում կամ զորամասերի հրաձգարանների համապատասխան տարածքներում: Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում բարձրացվում է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ամրապնդվում են զինծառայողների բարոյամարտական հատկանիշները և ֆիզիկական պատրաստվածությունը, զինվորական պարտքի կատարման գիտակցումը:

Օրերս այդպիսի ճամբարային հավաք անցկացրին նաև հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրետանային ստորաբաժանումները: Նախանշված օրը անձնակազմը «Ուսումնական տագնապ» ազդանշանից հետո ամբողջ կազմով դուրս եկավ զորամասի մշտական տեղակայման վայրից, ամրակցված ռազմական տեխնիկայով ռազմերթ կատարեց դեպի սահմանված շրջան: Տեղում արագ բացազատվեց ճամբարային ավանը՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով` բնակելի հատված, ուսումնական կետեր, հավաքակայան, դաշտային խոհանոց և այլն: Առօրյան կազմակերպվեց օրվա կարգացուցակի համաձայն` շեշտը դնելով գործնական պարապմունքների վրա:

ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՓՈՐՁՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԸՀավաքի առաջին շաբաթվա ընթացքում անցկացվեցին առանձին հաշվարկների մասնագիտական, ապա նաև հրետանային դասակների ու մարտկոցների ներդաշնակման պարապմունքներ: Ինչպես նշեցին պատասխանատուները՝  նպատակը դաշտային պայմաններում ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն էր։ Ընդ որում, տեսական ու գործնական պարապմունքները զարգացնում են ոչ միայն ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի, այլև տարբեր օղակների հրամանատարների ունակությունները մարտական գործողությունների և կրակի կառավարման հարցերում:

Իհարկե, այդ ամենին նախորդել է լայնածավալ աշխատանքը զորամասում: Զորամասում առկա են տարբեր տիպի հրետանային միջոցներ, որոնք կարող են ոչնչացնել հակառակորդի կրակակետերը, կենդանի ուժն ու տեխնիկան տարբեր հեռավորության վրա: Ուսումնական փուլի ընթացքում դրանք սպասարկող անձնակազմի հետ անցկացվել են տարաբնույթ տեսական և գործնական մասնագիտական պարապմունքներ, որոնց արդյունավետությունն ստուգելուն էր միտված դաշտային վարժանքը:

ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՓՈՐՁՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԸՀայտնի է, որ հրետանին տարբեր ստորաբաժանումների համագործակցությամբ օգտագործվող զենք է, և անհրաժեշտ է մշտապես կատարելագործել հաշվարկների յուրաքանչյուր անդամի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, զարգացնել նաև ոչ հրետանային օղակների հետ ներդաշնակումը: Ճամբարային հավաքի անցկացման վայրում առկա ուսումնական բազան, կրակադաշտը ինչպես զինվորների, այնպես էլ սպաների հմտությունները կատարելագործելու հնարավորություն էին տալիս:

 

♦♦♦

 

Ուսումնական կետերից մեկում անձնակազմը տեխնիկան մարտական դրության բերելու հրաման ստացավ: Պարապմունքն անցկացնում էր մարտկոցի հրամանատարի ՊԺԿ, ավագ լեյտենանտ Ավետիք Մկրտչյանը: Վայրկյաններ անց հաշվարկները հերթով զեկուցեցին մարտին պատրաստ լինելու մասին: Հրետանային հետախույզները հրամանատարական կետ փոխանցեցին նշանակետի տվյալները: Կրակի կառավարման կետում մշակելուց հետո դրանք փոխանցվեցին հաշվարկներին: Առաջին կրակը հիմնական հրանոթինն է, ստուգվում է նշանառությունը: Այնուհետև խոցման արդյունքները ստանալուց հետո ուղղվում են հաշվարկված տվյալները և նորից փոխանցվում հաշվարկներին: Վայրկյաններ անց մարտկոցի հրանոթները կրակային փունջ են ուղարկում նշանակետի ուղղությամբ: Ու միանգամից դիտակետից ստացվում են նոր տվյալներ, և անձնակազմն անցնում է հաջորդ խնդրի կատարմանը:

ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՓՈՐՁՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԸԴ-30 հրանոթների մարտկոցն է: Այս հրանոթները կրակի ճշգրտության և արդյունավետության համար անվանում են հրետանու դիպուկահար: Նկատեցի, որ հաշվարկներից մեկը շատ ավելի արագ կատարեց առաջադրանքը: Հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերգեյ Մեսրոպյան, նշանառու, շարքային Մանուկ Աղեկյան, հաշվարկի համար, շարքային Հայկ Աղեկյան, վարորդ-հաշվարկի համար, շարքային Վահե Չիբուխչյան. նրանց հմուտ գործողությունների շնորհիվ մարտկոցը գերազանց արդյունքներ է գրանցում:

Գործնական վարժանքների համար նախատեսված մյուս կետերում ևս ակտիվ պարապմունքներ էին: Հետևեցինք նաև 120 մմ-անոց ականանետային մարտկոցի պարապմունքին: Մարտկոցի հրամանատար, կապիտան Հակոբ Գրիգորյանի ղեկավարությամբ հաշվարկները կատարում էին մարտի բերում, մարտի ավարտ գործողությունները, կրակի կառավարման հաշվարկները: Զգացվում էր՝ նրանց ամեն մի որոշում հիմնված է փորձի և գիտելիքի վրա, ինչը միանշանակ ձեռք են բերում նաև նմանատիպ վարժանքների ժամանակ:

Հատկանշական է, որ ուսումնական կետերում պարապմունքները չէին տարանջատվում միմյանցից: Սպայակազմը հատուկ ուշադրություն էր դարձնում հրետանային տարբեր ստորաբաժանումների, նաև՝ նույն ստորաբաժանման տարբեր օղակների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Ղեկավարման դասակի ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՓՈՐՁՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔԸհետախույզները հայտնաբերում էին պայմանական հակառակորդի նշանակետերը, որոշում տեղագրական տվյալները, հաշվարկողները ճշտում էին կոորդինատները, անցկացնում քարտեզի վրա, ապա տվյալները փոխանցում կրակային հաշվարկներին: Արդեն այդ տվյալներն ստանալուց հետո յուրաքանչյուր մարտական միավոր պայմանական կրակ էր վարում, որի ճշտությունն ու արդյունավետությունն ստուգում էր հրամանատարական կազմը:

Հրետանային ստորաբաժանումների արդյունքները ամփոփվելու են մարտական հրաձգությամբ զորավարժության ժամանակ: Սակայն, արդեն պարզ է, որ նման հավաքները հրետանավորների մասնագիտական գիտելիքները բարձրացնելու լավագույն խթան են, սեփական ունակությունները զարգացնելու և ինքնակատարելագործվելու միջոց: Գործնական պարապմունքների ընթացքում ոչ միայն ամրապնդվում են ուսումնական փուլի ժամանակ անձնակազմի ստացած տեսական գիտելիքները, այլև ի հայտ են գալիս յուրաքանչյուր զինծառայողի ուժեղ և թույլ կողմերը, նաև՝ առկա թերություններն ու բացթողումները վերացնելու եղանակները: Փաստացի, այս ճամբարային հավաքի արդյունքների ամփոփումից հետո կպլանավորվի հաջորդ ուսումնական փուլում հրետանային ստորաբաժանումների աշխատանքը:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ