Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՃՈՒՏՈՆ
ՃՈՒՏՈՆ

ՃՈՒՏՈՆ(Երվանդ Կարապետյան)

 

1996թ. Բերձորում ծանոթացա քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանի հետ: Արդեն ծերունի՝ փարթամ բեղ-մորուքով վարպետը բազալտե քարից արծիվ էր քանդակում: Այն դարձավ 4 տարի առաջ ազատագրված Բերձորի՝ Քաշաթաղի շրջկենտրոնի առաջին հուշակոթողը՝ նվիրված Արցախյան ազատամարտում զոհված հայոց քաջորդիներին: Արծիվ-հուշակոթողն այսօր կանգնած է Բերձորի մուտքի մոտ՝ մայրաքաղաք Ստեփանակերտից եկող ճանապարհի աջ կողմում:

…Հաջորդ տուֆակերտ խաչքարը, որը քանդակեց վարպետ Ռաֆիկը, նվիրված է Շուշիի ազատագրման համար մարտիրոսված քաջորդիներին: Ծերունի քանդակագործը վիշտ ուներ սրտում, հպարտությանը խառնված մեծ վիշտ: Կրտսեր որդին՝ Երվանդը, որը կրում էր պապի անունը, Շուշին ազատագրող ջոկատներից մեկի կազմում էր կռվում և մայիսի 8-ին զոհվեց քաղաքի մատույցներում: Շուշիի հաղթանակը մարմնավորող խաչքարը Բերձորի Արցախյան ազատամարտի քաջերին նվիրված հուշահամալիրի աստիճանավանդակի վերջում՝ մուտքի ձախ կողմում է: Որդու զոհվելու տեղում՝ Շուշիի հայտնի տանկից քիչ հեռու, մեկ այլ խաչքար է դրված, դարձյալ վարպետ Ռաֆիկի ձեռամբ քանդակված:

Երևանում՝ Նոր Նորքի 6-րդ զանգվածում է Երվանդենց շենքը, բակում հուշարձան կա: Հեղինակը դարձյալ վարպետ Ռաֆիկն է…

Վարպետն  արդեն մեզ հետ չէ, բայց նրա գործերը պատմում ու պատմելու են մեր ազատագրական կռվի մասին:

Երվանդը զոհվել է 24-ը չլրացած: Նա 1986-88թթ. ծառայել է խորհրդային բանակում: Դեկտեմբերյան երկրաշարժի օրերին աղետի գոտում էր, այնուհետև անդամագրվեց Հայոց ազատագրական ջոկատներին: Եղել է Մոնթեի ջոկատում, մասնակցել Մարտունու շրջանի ազատագրական մարտերին: Սիրում էր լինել ամենաթեժ կետերում: Շուշիի ազատագրական մարտում Երվանդը վերջին անգամ հերոսացավ…

Ութ հոգանոց ջոկատով տղաները փորձել են առաջանալ: Մարտիկներից մեկը վիրավորվել է:  Երվանդը մարտն իր վրա է վերցրել, որ տղաները կարողանան վիրավորին դուրս հանել, սակայն թշնամու նշանառուի արձակած գնդակը խոցել է հերոսին… Ընկերներին ասել էր. «Եթե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս»: Երվանդը հետմահու արժանացել է ՀՀ «Արիություն» մեդալի:

…Տարիներ առաջ Երևանում այցելեցի վարպետ Ռաֆիկի տուն, որտեղ հասակ էր առել Երվանդը: Մայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ բուժքույր, ենթասպա Ռոզա Ավետիսյանը, հիշեց. «Որդիս այնքան գաղտնապահ էր. միայն աչքերն էին մատնում ներքին անհանգստությունը: Պատերազմի առաջին օրերից երազում էր զենք ունենալ: Մանկան պես հրճվել էր, երբ առաջին անգամ զենքը ձեռքը վերցրեց»: Երվանդի ավագ եղբայրը՝ Մարգարը, նույնպես ազատամարտիկ էր, և Երվանդը` փոքրամարմին Ճուտոն, հետևեց եղբորը: 1992թ. «Հայրենասեր» ջոկատի կազմում էր: Ավաղ, չհասցրեց տեսնել Շուշիում բարձրացող Հայոց փառքի դրոշը…

«Եռաբլուրում» Երվանդի շիրիմին միշտ թարմ ծաղիկներ կան: Նրա շիրիմին պարբերաբար այցելում են նաև  Երևանի թիվ 163 դպրոցի սաները (Երվանդն այդ դպրոցն է ավարտել)՝ իրենց խոնարհումը  բերելով Հայրենիքի համար զոհված հերոսին…

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ