Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԸ ԲԺԻՇԿՆ Է
ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԸ ԲԺԻՇԿՆ Է

ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԸ ԲԺԻՇԿՆ ԷԶրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Գայանե Հովհաննիսյանի հետ

 

-Տիկին Հովհաննիսյան, Դուք պաշտպանության համակարգում ամենաբարձր պաշտոն զբաղեցրած կին զինվորականն եք. եղել եք ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը: Դրանից առաջ ծառայել եք Արցախում, ղեկավարել եք ՊՆ կենտրոնական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքը: Զարմանալի է, որ չլինելով վարակաբան՝ ծանր օրերին հայտնվեցիք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ վերակենդանացման ծառայությունը ղեկավարելու համար:

-Ես ռազմական բժիշկ եմ: Թեև արդեն զորացրվել եմ զինված ուժերից, բայց իմ հոգեբանությամբ, հավատամքով, բժշկի իմ վարքականոնով շարունակում եմ լինել ռազմական բժիշկ: Մի հայտնի խոսք կա. երբ որևէ տեղից ծուխ է դուրս գալիս, բոլորը փախչում են հակառակ ուղղությամբ, իսկ ռազմական բժիշկը վազում է դեպի ծուխը:

-Դուք զինված ուժերից զորացրվելուց հետո աշխատանքի անցաք «Իզմիրլյան» կենտրոնում: Իսկ ինչպե՞ս համալրեցիք Covid-19-ի դեմ պայքարող բժիշկների շարքը: Ե՛վ Հայաստանում, և՛ արտերկրում եղել են վարակաբան բժիշկներ, որոնք հրաժարվել են աշխատանքից՝ հասկանալով վտանգի ահագնությունը: Ասել են, որ իրենք ծեր ծնողներ ունեն, անչափահաս երեխաներ… Նրանց մարդկայնորեն կարելի է հասկանալ: Իսկ Դուք ինքնակամ մտաք վտանգի գոտի:

-Ես հիմա բարձրագոչ բառեր չեմ ասելու, որովհետև դրանք իրականում չկան: Ձեր հարցը մեկ և շատ պրոզայիկ պատասխան ունի. ես բժիշկ եմ ու պիտի լինեմ այնտեղ, որտեղ իմ կարիքը կա: Իհարկե, երբ առողջապահության նախարարությունից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը ղեկավարելու առաջարկ ստացա, կարող էի մերժել, բայց մեկ վայրկյան անգամ չեմ երկմտել:

-Իսկ Ձեր ընտանի՞քը: Դուք անչափահաս երեխաներ ունեք:

-Ամուսինս մտահոգ էր, բայց չընդդիմացավ: Նա բժիշկ է և գիտի, թե ինչ է մասնագիտական պարտքը: Մենք բոլոր դժվարությունները միասին ենք հաղթահարում:

Ապրիլյան պատերազմի օրերին ամուսինս գործից հետո գալիս էր կենտրոնական հոսպիտալ և օգնում էր, ինչով կարող էր: Իսկ երեխաներս շատ սառնասիրտ են, երբ խոսքը վերաբերում է իմ աշխատանքին: Տղաս նույնիսկ ասաց. «Կզարմանայի, եթե դու անմասն մնայիր վիրուսի դեմ պայքարից»:

-Ես հիշում եմ՝ ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո քանի-քանի զինվոր, զինվորի ծնող է պատմել Ձեր մասին մեր զրույցների ժամանակ, նկարագրել այն նվիրումն ու սերը, որով խնամել եք վիրավոր զինվորներին, ինչ անձնվիրությամբ եք պայքարել նրանց կյանքի համար, գիշերներ եք լուսացրել նրանց մահճակալի մոտ: Տղաներից մեկը արցունքն աչքերին հիշում էր, թե ինչ ուրախություն եք ապրել, ինչպես եք արտասվել, երբ ինքը դուրս է եկել կոմայից… Տիկին Հովհաննիսյան, ապրիլյան պատերազմի ժամանա՞կ էր դժվար, թե՞ հիմա:

-Հիմա ավելի դժվար է բժիշկների համար: Որովհետև հիմա ֆիզիկական ծանրաբեռնվածությանը միանում է հոգեբանական լարվածությունը: Եթե դու շփվում ես կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ, պետք է լիովին կտրված լինես ընտանիքից ու հարազատներից՝ նրանց վարակից պաշտպանելու համար: Աշխարհում քիչ չէ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը, ցավոք, կան նաև զոհեր: Այսինքն՝ կա նաև այդ վտանգը: Դու աշխատում ես այնպիսի հիվանդների հետ, որոնք մեկուսացած են, չեն կարող վայելել իրենց հարազատների խնամքը, միաժամանակ, գիտեն վարակի բացառիկ վտանգավորությունը և ծանր հոգեկան ապրումների մեջ են: Բժիշկը միակ մարդն է, որ շփվում է նրանց հետ: Դու հիվանդասենյակ ես մտնում մի արտահագուստով, որը անմիջապես շեշտում է քո ու հիվանդի միջև եղած անջրպետը: Հիվանդը չի տեսնում քո դեմքը: Միակ բանը, որ նա կարող է տեսնել, քո աչքերն են: Ու քո ձայնը միակ բանն է, որ նա լսում է: Դու պիտի կարողանաս առավելագույն կարեկցանք, սեր, հույս, պայքարելու կամք փոխանցել նրան: Իսկ վերակենդանացման բաժանմունքում, բնականաբար, ծանր հիվանդներն են: Ու, բնական է, որ հիվանդանոցում հոգեբանների խումբ է աշխատում:

-Շատ տպավորիչ նկարագրեցիք, վախեցնող…

-Ավելի լավ, գուցե սա դառնա ազդակ, որ մարդիկ ավելի լրջորեն վերաբերվեն այս համավարակին, անվերապահ պահպանեն անվտանգության կանոնները: Սա մի փորձություն է, որը պատուհասել է ամբողջ աշխարհը, և քո անվտանգությունը կախված է ոչ միայն քո, այլեւ քո շրջապատի մարդկանց պատասխանատվության զգացումից ու զգոնությունից: Այսինքն՝ վարակվելով, դու միայն քեզ ու քո ընտանիքը չես վնասելու, այլ բազմաթիվ մարդկանց, ովքեր այդ ընթացքում կշփվեն քեզ հետ: Նրանց մեջ կարող են լինել հիվանդներ, ծերեր և կարող են մահանալ; Այսինքն՝ քո անփութությունը կարող է ուրիշների մահվան պատճառ դառնալ: Covid-19-ով վարակված մարդիկ հաճախ որևէ ախտանշան չեն ունենում, հաղթահարում են հիվանդությունը՝ իրենք էլ չիմանալով, որ վարակված են եղել կորոնավիրուսով ու ապաքինվել են, բայց այդ ընթացքում կարող են վարակել տասնյակ մարդկանց, նրանք էլ՝ ուրիշների: Այսինքն՝ յուրաքանչյուրս մեզ ու դիմացինին պետք է դիտարկենք որպես հավանական վարակակրի: Մենք պետք է միասին հաղթահարենք այս վարակը, պետք է օգնենք, ընդառաջենք ու պաշտպանենք իրար: Մարդու կյանքից թանկ ոչինչ չկա:

-Գիտեք՝ ի՞նչ եմ մտածում. շատ ծանր գնով, բայց բժշկի սասանված հեղինակությունը միանգամից վերականգնվեց: Բժիշկը դարձավ մեր երկրի ամենակարևոր մարդը: Բոլորս հասկացանք, որ մեր բժիշկները անձնվեր են: Կորոնավիրուսը հաղթահարած մարդիկ պատմում էին բժիշկների տիտանական աշխատանքի մասին: Ասում էին՝ չգիտենք էլ, թե ոնց ենք վարձահատույց լինելու սեփական կյանքը վտանգած և մեզ բուժած բժիշկներին:

-Ես կասեմ: Վարձահատույց լինելու ամենալավ ձևը կլինի այն, որ յուրաքանչյուրն իր վարքով, իր կենսակերպով նվազեցնի վարակվողների թիվը: Եթե կա ամենաչնչին հնարավորությունը տանը մնալու, դուրս մի՛ եկեք: Բացառե՛ք հավաքները: Մի՛ խմբվեք: Պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը, դիմակ կրելու կանոնները: Խնայե՛ք ծերերի ու քրոնիկ հիվանդություն ունեցողների կյանքը: Խնայե՛ք բժիշկների կյանքը:

-Տիկին Հովհաննիսյան, ի՞նչ է փոխվել այն օրից, երբ Covid-19-ը առաջին անգամ հայտնվեց մարդու կյանքում: Բժիշկները հասցրե՞լ են ինչ-որ չափով ճանաչել նրան և հակազդման միջոցներ մշակել:

-Ինչ-որ չափով՝ այո՛: Մենք տեղեկություններ ենք կուտակել Covid-19-ի մասին, գիտենք նրա ախտանիշները, ծանոթ ենք զարգացումներին: Գիտենք, թե որ դեղերը կարող են մեղմել հիվանդության ընթացքի ծանրությունը: Այս տեղեկությունները օգնում են, բացի այդ, մենք ունենք այս հիվանդության բուժման մեր համեստ փորձը, ինչի արդյունք են բազմաթիվ բուժված հիվանդները:

-Հայաստանը հասե՞լ է վարակի տարածման պիկին:

-Դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև և՛ հայտնաբերման մեխանիզմներն են ակտիվանում, և՛ վարակվածների թիվն է աճում:

Մարդկանց մի մասը սարսափում է վարակից, մյուս մասը չափազանց լավատես է: Այս ծայրահեղությունների մեջ ես՝ որպես բժիշկ, նախապատվությունը տալիս եմ առաջինին, որովհետև մեծ զգոնությունը, չափազանց զգուշավորությունը միայն օգուտ կբերի:

-Իսկ ինչպիսի՞ն է բժիշկների տրամադրությունը, երբ վարակվածների թիվը վերջին օրերին անցնում է հարյուրից:

-Խուճապ չկա: Մեր բժիշկները հավաքել են ամբողջ ուժերը ու պայքարելու են մինչև վերջ: Սա պատերազմ է, որի զինվորը բժիշկն է: Նա միշտ մնալու է առաջնագծում ու չի նահանջելու:

 

Գայանե Պողոսյան

Լուս.՝ Ասատուր Եսայանց

armeniasputnik.am