Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆՈՒՐ

Ավագ սերժանտ Դավիթ Մեսրոպյանը եւ եֆրեյտոր Նարեկ Շահինյանը ծառայում են նույն զորամասում, մոտոհրաձգային վաշտի կազմում: Հետեւակի մարտական մեքենայի անձնակազմերից մեկն են, Դավիթը ՀՄՄ-2-ի ջոկի հրամանատար է, Նարեկը` նշանառու-օպերատոր: Ծառայության ընթացքում լիարժեք տիրապետել են իրենց զինվորական մասնագիտությանը, գերազանց շահագործում եւ կիրառում են հատկացված զինատեսակը` հստակ գիտակցելով իրենց բաժին պատասխանատվությունն ու առաքելությունը: Դա առավել ցայտուն արտահայտվել է վերջերս Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի տարածաշրջանի Չեբարկուլ բնակավայրում կայացած՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ զորախմբի «Համագործակցություն-2010» զորավարժության ժամանակ, որին տղաները մասնակցում էին հայկական զինված ուժերի մոտոհրաձգային վաշտի կազմում: Հայ զինծառայողների ընդհանուր հաջողության մեջ (մեր վաշտն արժանացել է բարձր գնահատանքի եւ պարգեւատրվել գլխավոր` «Լավագույն վաշտ կրակային պատրաստությունից» գավաթով) նրանք էլ իրենց մեծ ներդրումն են ունեցել, հմտորեն կատարել են բոլոր առաջադրանքները: Հատկապես աչքի են ընկել եզրափակիչ փուլում, երբ կոնկրետ մարտական իրավիճակում անհրաժեշտ էր ճիշտ կողմնորոշվել, որոշել առաջնային եւ երկրորդական թիրախները, խոցել դրանք` փոխգործակցելով ստորաբաժանման մյուս օղակների հետ: Նրանց հրամանատարները նշում են, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ երկուսն էլ պարտաճանաչ, բարեխիղճ զինվորներ են, առօրյա ծառայության, մասնագիտական պարապմունքների, գործնական վարժանքների ժամանակ ապացուցել են, որ ունակ են կատարելու ցանկացած բարդության խնդիր: Այսպիսի գնահատականներ լսելուց հետո հանդիպեցինք Դավիթի եւ Նարեկի հետ: Երկուսն էլ մոտեցան ձիգ, շարային կեցվածքով, երկուսի համազգեստին էլ շողշողում էին ժամկետային զինծառայողների համար նախատեսված բոլոր երեք պարգեւները` «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանները:
-Ծնվել եմ Մասիս քաղաքում 1990թ.,- ներկայացավ Դավիթը,-սովորել եմ Մասիսի թիվ 1 դպրոցում, երկար տարիներ զբաղվել եմ սպորտով՝ ֆուտբոլով: Սովորում էի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում» ֆակուլտետի երկրորդ կուրսում, երբ ընկերներիցս շատերը զորակոչման ծանուցագիր ստացան, ես էլ որոշեցի չսպասել մինչեւ ուսումնառության ավարտը, օգտվեցի տարկետման իրավունքից ու սեփական դիմումի համաձայն՝ մեկնեցի բանակ, որ ընկերներիս հետ ծառայեմ: Չեմ զղջում որոշմանս համար, քանի որ բանակն ինձ շատ բան տվեց, ինչն անպայման պետք կգա քաղաքացիական կյանքում` ավելի ինքնուրույն եմ դարձել, կազմակերպված, ավելի վստահ եմ սեփական ուժերիս հանդեպ: Ինչքան էլ նախկինում նվիրված էի ընկերներիս, այժմ, առավել քան երբեւէ, գնահատում եմ կոլեկտիվ աշխատանքը, միասնաբար գործելու եւ արդյունքի հասնելու բերկրանքը: Զորամասում նման պահեր շատ են եղել, հուսով եմ, հետագայում էլ նույն զգացումները կունենամ:
Իր ծառայական հաջողությունները Դավիթը մեծապես կապում է ծնողներից ստացած խորհուրդների, դաստիարակության հետ: Հայրը փայտամշակման արտադրամասում արտադրության պետ է, մայրը Մասիսի թիվ 3 մանկապարտեզի վարիչն է: Նրանք են սովորելու, կարդալու մեծ սեր փոխանցել իրեն: Շատ է սիրում Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Շիրազի ստեղծագործությունները, նաեւ դրանց ընթերցումն է իր մեջ ձեւավորել ծնողների, հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը, սահմանել հայրենասիրության իրական չափանիշներ:
Նարեկը Վայքի Զառիթափ գյուղից է, միջնակարգն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: Նա պատմեց զորավարժությանը իրենց մասնակցության մասին` նշելով, որ դրա փորձն արդեն ունեին. անցած տարի երկուսն էլ մասնակցել են Ղազախստանում անցկացված նմանատիպ զորավարժության եւ բարձր արդյունքներ ցույց տվել, ինչպես եւ հայկական ողջ զորախումբը: Այս տարի իրենց ստորաբաժանումը կատարել է սցենարով նախատեսված պաշտպանական եւ հարձակողական բնույթի խնդիրներ` հստակ իրագործելով հայկական ստորաբաժանմանը տրված առաջադրանքները: Ամենահետաքրքիրը տեղի է ունեցել մարտական հրաձգության ժամանակ. տղաներն իրենց ՀՄՄ-2-ով ժամանակից շուտ խոցել են բոլոր հատկացված թիրախները, ընդ որում՝ յուրաքանչյուր թիրախին կրակելով մեկ անգամ, ապա անցել են այլ պետության զինծառայողներից բաղկացած մյուս ստորաբաժանման չխոցված թիրախներին, նույն հաջողությամբ խոցել մի քանիսը եւ միայն վերադաս հրամանատարության կարգադրությունից հետո դադարեցրել կրակը: Այդ պահին միջամտեց Դավիթը` նշելով, որ Նարեկը՝ որպես նշանառու, գերազանց կատարեց իր խնդիրը:
-Այդ օրը շատ ուրախ էինք, այլ պետությունների ներկայացուցիչների առջեւ ներկայացանք որպես հմուտ եւ մարտունակ զինվորներ, պարզերես արեցինք մեր հրամանատարներին` եւս մեկ անգամ փաստելով՝ պատահական չէ, որ մեր զինծառայողները բարձրակարգ մասնագետների համարում ունեն,-նշեց Նարեկը:
Տղաները խնդրեցին նշել նաեւ իրենց անձնակազմի մյուս անդամի` մեխանիկ-վարորդ Արման Մատիլյանի անունը: Նա հավաքակայանում էր, տեխնիկայի շահագործման հետ կապված անհետաձգելի աշխատանքներ էր կատարում եւ չկարողացավ ներկա գտնվել մեր զրույցին: Արմանը վերջին պահին է ընդգրկվել Ռուսաստանի Դաշնություն մեկնողների կազմում, փոխարինել է անձնակազմի հիմնական անդամին, որը հիվանդության պատճառով չի կարողացել մասնակցել զորավարժությանը, Դավիթի ու Նարեկի հետ միասին գերազանց է կատարել իր առաջադրանքը։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան