Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՊատմել պատերազմի մասին ճշմարտությունը. հիշողության և փառքի տարում Ռուսաստանի պաշտպանության նախարարության թանգարանների աշխատակիցները սա համարում են իրենց առաքելությունը:

Եվ պաշտպանական գերատեսչության սանկտ-պետերբուրգյան թանգարանները ևս ջանում են իրենց արժանի ներդրումն ունենալ Մեծ հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումներում: Թեմատիկ ցուցադրությունները նպատակաուղղված ներկայացնում են Հայրենական մեծ պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը՝ ի ցույց դնելով ճակատայինների և թիկունքի աշխատավորների հերոսության ամբողջ խորությունը:

Երեք թանգարաններից յուրաքանչյուրում նախապատրաստված են եզակի նախագծեր, հետաքրքիր մտահղացումներ: Դրանցից մի քանիսն արդեն իրագործվել են, զգալի մասն էլ առաջիկայում  կիրականանա:

Ինչպես հայտնեց Պետրոս Մեծի անվան Կենտրոնական ռազմածովային թանգարանի տնօրեն Ռուսլան Նեխայը՝ Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսներից շատերն արդեն բաց են: Փետրվարի սկզբից այցելուները ծանոթանում են ՌՈՍՖՈՏՈ-ի հետ համատեղ ներկայացված ցուցահանդեսին, որը նվիրված է 1941-1945թթ. ռազմաճակատային ֆոտոթղթակիցներ Յուրի Պյասեցկու, Եվգենի Խալդեյի, Դավիդ Տրախտենբերգի, Բորիս Ուտկինի աշխատանքներին:

Քչերը գիտեն, որ բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու հայրը՝ Ալեքսանդր Իվանովիչ Բրոդսկին, ծառայել է որպես ռազմական ֆոտոթղթակից երեք պատերազմների ժամանակ՝ Խորհրդա-ֆիննական, Հայրենական մեծ պատերազմի և Խորհրդա-ճապոնական: Ծառայությունն ավարտել է առաջին կարգի կապիտանի կոչումով, որից հետո նշանակվել է Կենտրոնական ռազմածովային թանգարանի ֆոտոլաբորատորիայի վարիչ: Ապրիլի 16-ին թանգարանում բացվել  է նրա ռազմաճակատային գործերի ֆոտոցուցահանդեսը:

Առանձնահատուկ ուշադրություն է գրավում Կենտրոնական ռազմածովային թանգարանի հավաքածուի՝ «Նկարիչները պատերազմում» ցուցադրությունը: Այս գործերը նախկինում երբևէ չեն ցուցադրվել. սրանք ականատեսների վկայություններ են, որոնք եղել են ռազմաճակատում և տեսածն արտացոլել իրենց կտավներում:

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԿենտրոնական ռազմածովային թանգարանի՝ Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված  կարևորագույն իրադարձություններից մեկը «Ծովը և նավատորմը» խորագրով 7-րդ գիտաժողովն է, որն անվանվել է «Հաղթանակի ընթացքը. ռազմածովային նավատորմը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ»: Գիտաժողովի ժամանակ ելույթ են ունենալու ոչ միայն  մեր հայրենակիցները, այլև արտասահմանյան հյուրեր:

Հրետանու, ինժեներական և կապի զորքերի ռազմապատմական թանգարանում ևս հոբելյանական տարվա շրջանակներում կանցկացվեն թեմատիկ ցուցահանդեսներ և միջոցառումներ: «Մեծ հաղթանակի 75-ամյակի նախապատրաստական աշխատանքներն սկսվեցին ճիշտ ժամանակին, և մի շարք նախագծեր արդեն կյանքի են կոչվել,- իրենց ծրագրերի մասին պատմում է թանգարանի տնօրեն Վալերի Կռիլովը: -Մասնավորապես, հունվարին բացվել է «Պատերազմի մանկական դեմքերը» ցուցահանդեսը, որը բաղկացած է 100 լուսանկարից: Դրանցից մի քանիսի առաջ այցելուներից շատերը երկար կանգնում և դիտում են արցունքով լի աչքերով…»:

Առաջիկայում թանգարանի տարածքում կցուցադրվեն հրետանային զենքերի նմուշներ: Դրանք կարևոր դեր են խաղացել եվրոպական մի շարք մայրաքաղաքների՝ Վարշավայի, Բուդապեշտի, Վիեննայի, Պրահայի, Բեռլինի ազատագրման ժամանակ: Այդ զենքերի հաշվարկների հրամանատարներից շատերն իրենց սխրագործությունների համար արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման: Այսպես, N 7520 152 մմ հաուբիցի հաշվարկը ղեկավարել է գվարդիայի սերժանտ Նիկոլայ Վասիլչենկոն: 1945թ. ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը հրետանավորներն աչքի են ընկել Բեռլինի գրավման ժամանակ՝ ուղիղ նշանառությամբ ոչնչացնելով հիտլերականների մի մեծ խումբ: Դրա համար հաշվարկի հրամանատարն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Թանգարանում բացվել է նաև «Մեծ հաղթանակի զենքերը» ցուցահանդեսը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից երկրների զենքերի հարուստ հավաքածուով: Ամենամեծ հատվածը նվիրված է Կարմիր բանակին, բայց կան նաև հակահիտլերյան կոալիցիայի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի զինանոցի նմուշներ: Հավաքածուի նմուշները հիմնականում հրաձգային զենքեր են: Թանգարանի ֆոնդի ներկայացված հրացանները, ատրճանակները, ինքնաձիգները, գնդացիրները, հրանետները թույլ են տալիս համոզվելու, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը իրավամբ համարվում է նաև զինագործ-կոնստրուկտորների պատերազմ:

Առաջիկայում նախատեսված է «Պատերազմի ճանապարհներով. ռազմաճակատային նկարիչների գեղանկարչությունն ու գրաֆիկան» ցուցահանդեսի բացումը: Բոլոր նմուշները թանգարանի հավաքածուից են: Ապրիլին այցելուներին ներկայացվել է «Եվրոպայի ազատագրումը» ֆոտոցուցահանդեսը, որը ներառում է ավելի քան հարյուր նկար: Մայիսին՝ Հաղթանակի օրվա նախօրեին, կբացվի ևս մի ցուցահանդես՝ «1945-ի Բեռլինը» խորագրով: Ֆոտոթղթակիցների լուսանկարները կպատմեն բեռլինյան ռազմագործողության և գագաթնակետի՝ Ռայխստագի գրոհի մասին:

Ռազմաբժշկական թանգարանը պատմականորեն կապված է Հայրենական մեծ պատերազմի հետ. այն բացվել է 1942 թվականի նոյեմբերին: Հաղթանակի 75-ամյակի թեմատիկ շրջանակներում իրականացվում է նաև «Բեռլինից Սախալին» նախագիծը:

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ«Հաղթանակի հոբելյանի կապակցությամբ մենք որոշեցինք վերստեղծել մի շարք թանգարաններ,- պատմում է թանգարանի տնօրեն Անատոլի Բուդկոն:- Հաղթանակի օրվա կապակցությամբ կբացվի «Կարմիր բանակի բուժծառայության» թանգարանը: Դա այն թանգարանն է, որտեղ պատերազմի տարիներին Մոսկվայում սկսվել է մեր ֆոնդերի ձևավորումը: Ստեղծում ենք նաև «Տեղական պատերազմները և զինված կոնֆլիկտները  XX-XXI դարերում» թանգարանը:

Ռազմաբժշկական թանգարանը ցուցադրում է  անցյալի իրական պատկերը, նաև՝ թե պատերազմի տարիներին մեր բանակը ինչպես էր պայքարում նացիզմի դեմ, ազատագրում Եվրոպան «շագանակագույն ժանտախտից»: Դեռ փետրվարի 27-ին բացվել է նաև «Նացիզմի զոհերի հիշատակի» թանգարանը: Ցուցադրության մեջ տեղ են գտել գերմանաֆաշիստական զավթիչների և նրանց հանցակիցների, ինչպես նաև Նյուրնբերգյան դատավարության վերաբերյալ  նյութերը: Այստեղ ներկայացված են նաև նրանք, ովքեր խորհրդային զինվորների հետ պայքարել են ֆաշիստների դեմ՝ «Նորմանդիա Նեման» ֆրանսիացի օդաչուների գունդը, ամերիկացի  Ջոզեֆ Բայերլին…

Թանգարանում ձևավորվել է նաև ծրագրերի մի ամբողջ համալիր, որը նախատեսված է մանկական և դպրոցական լսարանի համար՝ աճող սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու նպատակով: Թանգարանային ծրագրերի նոր ձևաչափի մեջ կլինեն նաև «Հասնել մինչև Բեռլին» ռազմապատմական քվեսթը, «Շրջափակված եղևնին» և «Պատերազմից խանձված մանկություն» ծրագրերը:

Ինչպես նշում է ռազմական թանգարանների ղեկավարությունը՝ Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակի թեման կշարունակի մնալ հիմնականը նաև հոբելյանից հետո.  այցելուներին հասու կլինեն նոր ծրագրերը, որոնք ստեղծում են թանգարանային գործի նվիրյալները:

ՕԼԵԳ ՊՈՉԻՆՅՈՒԿ

Լուսանկարները՝ հեղինակի

Սանկտ Պետերբուրգ

Խորագիր՝ #19 (1339) 13.05.2020 - 19.05.2020, Հոգևոր-մշակութային


14/05/2020