Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՖաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ռազմիկները՝ զինվորից

մինչև մարշալ, իրենց անուններն անմահացրին անվեհեր

մարտիկների չխամրող փառքով:

ՄԱՐՇԱԼ Գ. ԺՈՒԿՈՎ

ԻՎԱՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ) ՔՐԻՍՏԱՓՈՐԻ (ԽԱՉԱՏՈՒՐԻ) ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1897թ. դեկտեմբերի 2-ին Ելիզավետպոլում (Գանձակ, այժմ Գյանջա, Ադրբեջան), Չարդախլուից (Հյուսիսային Ղարաբաղ, Շամխորի շրջան, Ադրբեջան) վերաբնակված երկաթուղային բանվոր Խաչատուր Կարապետի Բաղրամյանի ընտանիքում:

Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը խորհրդային զորապետ է, Խորհրդային Միության մարշալ:

Նախակրթվել է հայկական եկեղեցական-ծխական դպրոցում: Ավարտել է Թիֆլիսի երկաթուղային (1912թ.) եւ տեխնիկական (1915թ.) ուսումնարանները: Իբրեւ հմուտ տեխնիկ 1915թ. աշխատել է Ելիզավետպոլի երկաթուղում:

Կամովին մտել է Ռուսական կայսերական բանակ եւ գործուղվել է Ախալցխա:

1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում հայկական 1-ին հատուկ հեծելագնդի սպա էր: Հայկական բանակի ու աշխարհազորի հերոսական հաղթանակով ավարտված Սարդարապատի բախտորոշ ճակատամարտում եղել է հեծելավաշտի հրամանատար: Մարտական հետախուզություն իրականացնելիս վիրավորվել է: 1920թ. հայ-թուրքական նոր պատերազմի սկզբին ռազմաճակատ է գործուղվել որպես սրակիր հեծելադասակի հրամանատար: 1922թ. եղել է Հայկական 1-ին հեծելագնդի գնդացրային էսկադրոնի, 1923-1931թթ. Հայկական հրաձգային դիվիզիայի հեծելազորային գնդի հրամանատար:

1925թ. Լենինգրադում ավարտել է ԲԳԿՀ-ի բարձրագույն հեծելազորային դպրոցը, 1931թ. բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները (Մոսկվայում), 1934թ. Մ.Վ.Ֆրունզեի անվան ԲԳՀԲ-ի ռազմական ակադեմիան, 1938թ. Գլխավոր շտաբի ակադեմիան:

Մեծ հայրենականի 1-ին օրը գնդապետ Հ.Ք.Բաղրամյանը նշանակվել է հարավարեւմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ-օպերատիվ բաժնի պետ:

1942թ. հուլիսից եղել է Արեւմտյան ռազմաճակատի 16-րդ բանակի, 1943թ. նոյեմբերից՝ Մերձբալթյան 1-ին ռազմաճակատի զորքերի հրամանատարը:

1944թ. հուլիսի 29-ին բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:

1945թ. Բելոռուսական 3-րդ ռազմաճակատի զորքերի հրամանատարն էր:

Հետպատերազմյան ժամանակամիջոցում Հ.Ք.Բաղրամյանն զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1945-1954թթ. եղել է Մերձբալթյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատար, 1954-1955թթ.՝ ՊՆ գլխավոր տեսուչ, իսկ 1955-1956թթ.՝ ԽՄՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ: 1955թ. նրան շնորհվել է Խորհրդային Միության մարշալի կոչում:

1956-1958թթ. Հ.Ք.Բաղրամյանը եղել է Կ.Ե.Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիայի պետը, 1958-1968թթ.՝ ԽՄՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ-զինված ուժերի թիկունքի պետ:

1977թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը պարգեւատրվել է հերոսի «Ոսկե աստղ» 2-րդ մեդալով: Պարգեւատրվել է նաեւ Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի 3, Սուվորովի 1-ին աստիճանի 2 շքանշաններով եւ մեդալներով:

Ապրել է Մոսկվայում: Մահացել է 1982թ. սեպտեմբերի 21-ին: Հանգչում է Մոսկվայում, Կարմիր հրապարակի Կրեմլի պատի մոտ:

Հերոս զորապետի անունը հավերժացնում են Երեւանում ու Ստեփանակերտում կանգնեցված նրա հուշարձանները, Մոսկվայում իր տան հուշատախտակը, նրա ազգանվամբ ՌԴ մայրաքաղաքի, Օրյոլի, Կալինինգրադի, Վիտեբսկի, Դոնի Ռոստովի, Պյատիգորսկի փողոցները, Երեւանի ու Էջմիածնի Մարշալ Բաղրամյան պողոտաները: