Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՉԱՎԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ...
ՉԱՎԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ…

ՉԱՎԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ...Սեյրան Մարգարյանը սովորում է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Նա ապրիլյան պատերազմի մասնակից է:

Հայ ամեն մի սերունդ երևի իր բաժին պատերազմն ունի, իր բաժին կռիվը:

Սեյրանի պապը՝ ավագ Սեյրան Մարգարյանը, 90-ականներին երկրապահ կամավորականների ջոկատի կազմում մասնակցել է Նոյեմբերյանի, Իջևանի, Սիսիանի սահմանային կռիվներին, ավելի ուշ միացել  «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակին,  մեկնել Արցախ և զոհվել Վաղուհասի համար մղվող մարտերից մեկի ժամանակ:

Սեյրանի հայրն էլ՝ Գագիկը, և՛ Արցախյանի, և՛ ապրիլյան պատերազմի մասնակից է: 17 տարեկան էր Գագիկը, երբ տնից թաքուն հեռացավ ու գնաց-միացավ ազատամարտիկ  հորը. շտապում էր, շատ էր շտապում, կարծում էր՝ պատերազմը կվերջանա, ինքը չի հասցնի կռվել թշնամու դեմ: Ինչ իմանար պատանի Գագիկը, որ 24 տարի հետո դարձյալ կգնա Արցախ՝ այս անգամ էլ որդու կողքին կանգնելու..

 

♦♦♦

 

Սեյրանենց տանը հաճախ էին հավաքվում պապի, հոր մարտական ընկերները: Նրանց խոսքուզրույցի առանցքում Արցախյան իրադարձություններն էին, պատերազմական օրերի դեպքերն ու դրվագները… Առանձնակի, անթաքույց ոգևորությամբ էին պատմում ազատամարտիկ տղաների  խիզախությունից…

Սեյրանը  սենյակի  մի անկյունում նստած՝ ակնդետ լսում էր  ասքանման պատմությունները ու չէր էլ պատկերացնի, որ ճակատագրի կամոք մի օր էլ ինքն է  հայտնվելու  կռիվների կիզակետում…

Ինստիտուտի առաջին կուրսն ավարտելուց հետո Սեյրանը զորակոչվեց բանակ:  Ծառայության մեկնարկը տրվեց ուսումնականից, այնուհետև տեղափոխվեց Թալիշի գումարտակ:

Ծառայավայրն աչքի էր ընկնում գեղեցիկ բնաշխարհով, մեկը մեկից շքեղ բնապատկերներով: Մինչ օրս էլ աչքի առջեւ Թարթառ գետի փիրուզագույնն է:

… Գարուն էր, բնության զարթոնք, ծառերը նոր-նոր էին ծաղկել, ապրիլ ամիսն էր, ապրիլ բառն ապրել է հիշեցնում, բայց…

«Մարտական հերթապահությունից իջել էինք մեր մշտական տեղակայման վայր: Հերթապահությունից եկածների համար «քուն» հրամանը սովորականից մեկ ժամ շուտ հնչեց: Հոգնած, ջարդված քուն մտանք,- հիշում է Սեյրանը,- ժամը երկուսի սահմաններում գումարտակի հրամանատար Արթուր Դարբինյանը մտավ զորանոց և «տագնապ» հրամանը տվեց: Հրետակոծության ձայներ էին լսվում՝ աստիճանաբար ավելի ուժգնանալով:

Րոպեներ անց արդեն ջոկ-ջոկ, դասակ-դասակ հանդերձավորված-զինված կազմուպատրաստ կանգնած էինք: Չորս կողմը կրակի տարափ էր»:

Լույսը բացվելուց հետո  նոր միայն կարողացան շարժվել մարտական դիրքեր, որտեղից անզեն աչքով երևում էին հակառակորդի տանկերն ու զինվորները:

«Պատերազմ է, տղե՛րք, դուխներդ չգցեք»,- ոգևորում էր հրամանատարը:

Գումարտակից առաջին վիրավորը իր հայրենակիցն էր՝ ալավերդցի Բախշիկ Հակոբյանը.  իր պապն  ու Բախշիկի պապը՝ մահապարտ Լադիկ Հակոբյանը, միասին էին կռվել Արցախյան պատերազմի ժամանակ, նույն օրն էլ զոհվել էին Վաղուհասում:

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Զուգադիպություն է, թե… Փորձեց  հեռու վանել չարագույժ միտքը:

Մտածելու, վերլուծելու, զուգադրելու  ժամանակ չկար: Մարտական առաջադրանք էր տրված, պետք էր կատարել: Ցավագին, տխուր լուրերը հաջորդում էին իրար. մարտական դիրքերը կյանքի գնով պաշտպանել ու զոհվել էին Արգիշտի Գաբոյանը, Հրաչ Գալստյանը, Գևորգը… Մերուժան Ստեփանյանը, Վիկտոր Յուզիխովիչը, Աղասի Ասատրյանը:  Անձնատուր չէին եղել, կռվել էին մինչեւ վերջին փամփուշտը… Կյանքն այդքան սիրող տղերքը իրենց կյանքը զոհել էին հայրենիքի համար…

«Պատերազմ է, տղե՚րք, դուխներդ տեղը, հաղթելու ենք»,- հրամանատարի ձա՞յնն էր ոգևորում, թե՞ ընկած տղերքի վրեժը…Կռվում էին ինքնամոռաց նվիրումով, աշխարհում ամեն ինչի մասին մոռացած: Մի անպատմելի, աննկարագրելի զորություն էր պատել կռվողներին..

ՉԱՎԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ...Մի քանի օր հետո տուն զանգեց: Պատկերացնում էր տնեցիների տագնապն ու անհանգստությունը: Մայրը տեղեկացրեց, որ հայրն արդեն առաջնագծում է: Իրարից ընդամենը մի քանի 100 մետր այն կողմ կռվում էին հայր ու որդի, ու  միայն հրադադարից մի տասն  օր հետո հանդիպեցին ավերակի վերածված Թալիշ գյուղում: Հիմա էլ հուզմունքով է հիշում այդ հանդիպումը…

Թեև հրադադարի շուրջ կողմերը փոխադարձ համաձայնության էին եկել, բայց դեռ շարունակվում էր հրետակոծությունը: Դիպուկահարներն էլ «աշխատում էին». պատերազմը չէր ավարտվել…

Իրենք կռվում էին 169 մարտական դիրքում՝ թշնամու տիրապետության տակ անցած, ապա հետ գրավված դիրքում: Դիրքի ավագը՝  Հովհաննես Պողոսյանը, ծանր  վիրավորվեց գլխից…   Ընկերներով մտովի արդեն հրաժեշտ էին տալիս պատգարակի վրա արյունաթաթախ պառկած ընկերոջը: Բառացիորեն օրեր առաջ՝ անցած հերթափոխին,  Զատիկը նշեցին: «Հովհաննեսը կանաչ խոտի մի խուրձ բերեց: Զատկի սեղանը ձևավորեցինք, որպեսզի մարտական հենակետում տոնը տոնի նման լիներ… Չէ՛, լինող բան չի… Հովհաննեսին բան չի լինի…

Ու ընկերս ապրեց…»:

 

♦♦♦

 

Պատերազմից հետո հաճախ  են հանդիպում բանակային ընկերներով: Միասին  տարբեր հարցեր են քննարկում, տարբեր ծրագրեր նախաձեռնում:

Սեպտեմբերի 15-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում մեծ մկրտություն էին կազմակերպել, մկրտվում էին ապրիլյան պատերազմի զոհված հերոսների հարազատները, իսկ կնքահայրերն էլ զոհված տղերքի մարտական ընկերներն էին, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները: Սեյրանը զոհված ընկերներից մեկի՝ Գևորգ Գևորգյանի երեք քույրերի կնքահայրն է:

Մարտական ընկերներով  նաև իրենց ծառայավայրերն են այցելել, բարձրացել  մարտական հենակետեր: Ժամանակի ընթացքում նկատելի փոփոխություններ են կատարվել, արդիական շնչով վերազինվել է առաջնագիծը: Հպարտացել, ուրախացել  են ամեն  նորով…

Սեյրանը պատերազմի մասնակից ընկերների հետ  շուտով Ալավերդիում քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար է կանգնեցնելու: Հուշակոթողը հառնելու է Ալավերդու «Հաղթանակի» հուշարձանի տարածքում, որտեղ Արցախյան պատերազմում զոհված ալավերդցիների պանթեոնն է:

Աշխարհում ոչինչ չի փոխվել, ամենուր չլուծված հակամարտության հետքերն են, իսկ մարդկանց սրտերում՝ չամոքվող, չսպիացող ցավը:

Իսկ բուհն ավարտելուց հետո Սեյրան Մարգարյանը որոշել է շարունակել ծառայությունը հայրենիքին:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ