Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՌՈՒԲԵՆ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ԲԱՂԻՐՈՎ (ԲԱՂԻՐՅԱՆ)

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1908թ. հունիսի 17-ին Շուշիում (Լեռնային Ղարաբաղ), բանվորի ընտանիքում:

Ռուբեն Քրիստափորի Բաղիրովը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, լեյտենանտ:

Ավարտել է թերի միջնակարգ դպրոցը:

Աշխատել է Աշխաբադում, եղել է կոմունալ-բնակարանաշինության շինարարության աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի նախագահ:

1943թ. զորակոչվել է Կարմիր բանակ: 1944թ. ավարտել է Աշխաբադի ռազմահետեւակային ուսումնարանի արագացված դասընթացը: Նույն տարվա հունիսից կրտսեր լեյտենանտ Բաղիրովը մասնակցել է գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերին: Աչքի է ընկել Աջափնյա Ուկրաինան եւ Լեհաստանն ազատագրելիս, Արեւմտյան Բուկը, Սանը, Վիսլան գետանցելիս:

…1944թ. հուլիսի 18-ին լեյտենանտ Բաղիրովի դասակը Քրիստինոպոլ քաղաքի (այժմ՝ Չերվոնոգրադ, Լվովի մարզ) շրջանում գաղտնաբար թափանցեց հակառակորդի թիկունք եւ նրանից խլեց  Արեւմտյան Բուգի վրա գցված երկաթուղային կամուրջը: Ետ մղելով թշնամու հակահարձակումները՝ դասակը ոչնչացրեց գրեթե մեկ վաշտաչափ հիտլերականների, ինչպես նաեւ 6 ականանետ ու մի հրանոթ: Դասակի հրամանատարն անձամբ ոչնչացրեց կամուրջը պայթեցնելու նպատակով պաշտպանագիծն անցած 6 ֆաշիստի: Նա հայտնաբերեց ու վնասազերծեց նաեւ վաղօրոք տեղադրված ականառումբերը: Դասակի գործողությունների շնորհիվ տանկային զորամասերը Արեւմտյան Բուգ գետն անցան կամրջով՝ առավել արագ: Վերահսկելով կամուրջը եւ ամրանալով բլրալանջին՝ Բաղիրովի մարտիկներն իրենց գնդացրային կրակով ապահովեցին տանկերի հետեւից կամրջով գետի ափն անցնող հրաձգային ստորաբաժանումների անվտանգ մոտեցումն ու երթը:

Նույն դասակն աչքի ընկավ նաեւ Սանի գետանցման ժամանակ: Հուլիսի 24-ի գիշերը մարտիկները թշնամու կրակի տակ հաղթահարեցին գետը: Սրընթաց նետվելով առաջ՝ նրանք կտրեցին-անցան ափից 800 մետր անդին եւ պլացդարմը պահեցին մինչեւ գնդի հիմնական ուժերի մոտենալը: Հրամանատարն անձամբ ոչնչացրեց հակառակորդի 12 զինվորի ու սպայի:

Անվեհեր սպան խիզախություն դրսեւորեց նաեւ հետագա հարձակողական մարտերում: Դրանցից մեկում նա մի օր ուղղակի «մամլեց» հիտլերականների խմբին՝ կարճատեւ մարտում ոչնչացնելով 40 զինվորի եւ գերեվարելով 32 հոգու:

Շարունակելով հարձակումը՝ Ուկրաինական 1-ին ռազմաճակատի զորքերը Սանդոմիր քաղաքի շրջանում հասան Վիսլա գետին: 1944թ. օգոստոսի 1-ին Սանդոմիրի պլացդարմում ծավալված մարտերում լեյտենանտ Բաղիրովը վերստին աչքի ընկավ: Միայն Կաշիցա քաղաքի համար կռվում նրա մարտիկները ոչնչացրին ավելի քան 60 ֆաշիստի, ինքը՝ մի քանի հոգու եւ թշնամու տանկ խփեց:

1944թ. սեպտեմբերի 23-ին լեյտենանտ Ռուբեն Քրիստափորի Բաղիրովին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:

Պարգեւատրվել է նաեւ Կարմիր դրոշի շքանշանով ու մեդալներով:

Պատերազմից հետո Բաղիրովը շարունակել է զինծառայությունը եւ զորացրվել է 1945թ. վերջին: Ապրել ու աշխատել է Աշխաբադում, այնուհետեւ՝ Ստավրոպոլի երկրամասում՝ Պյատիգորսկում:

Մահացել է 1978թ. փետրվարի 20-ին:

 

Խորագիր՝ #17 (1337) 29.04.2020 - 5.05.2020, Պատմության էջերից


30/04/2020