Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱԳԱՎԱՐԱԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՑԱԾ ԿԴՆԻ ԶԵՆՔԵՐԸ



ԹԱԳԱՎԱՐԱԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՑԱԾ ԿԴՆԻ ԶԵՆՔԵՐԸՄի պահ ես մոռանում եմ, որ ռազմական բժշկի հետ եմ հանդիպելու: Մեկի, որը ծառայել է սահմանային զորամասերում, դիվերսիոն հարձակումներ է տեսել, դիպուկահարի գնդակից խոցված զինվորների է փրկել մահվան ճիրաններից: Ես հիշում եմ, թե ինչպես էին տեսախցիկի առաջ արտասվում թագավարակի դեմ պայքարող արտասահմանցի բժիշկները, ու ինքս ինձ գոտեպնդելով՝ տրամադրվում եմ գալիք զրույցին: Մինչդեռ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի զինվորական բաժանմունքի վարիչ Աշոտ Պապիկյանը պայծառ ժպտում է: Երիտասարդ տղամարդ է, առնական դիմագծերով, ինչ-որ ամուր ու ինքնավստահ շեշտ կա հայացքի մեջ:

-Գիտեք՝ ո՞ւմ եք նման,- ասում եմ:

-Ո՞ւմ,- հարցնում է զարմացած:

-Մարտ առանց կանոնների մարզաձևի մարզիկ լինեք ասես:

Բժիշկը ծիծաղում է բարձրաձայն:

-Ես գիտեմ, որ թագավարակի դեմ պայքարում մկանների ուժն այնքան էլ կարևոր չէ, բայց խոշոր ու մկանուտ բժիշկը միշտ էլ վստահություն է ներշնչում,- փորձում եմ բացատրել խանդավառությունս:

-Մարտ առանց կանոնների՞,- բժիշկը կիտում է հոնքերը,- էդ է, որ կա: Covid-19-ը ոչ մի կանոնի չի ենթարկվում: Ու երբ չգիտես, թե երբ է սկսվում ու ավարտվում օրը, երբ, լավագույն դեպքում, մի քանի ժամ ես քնում ու զրկված ես տարրական հարմարավետությունից, հոգուդ ամրության չափ կարևորվում է նաև ֆիզիկական ուժդ: …Պիտի կարողանաս ոտքի վրա մնալ, որ օգնես հիվանդին: Հիմա կարևորը ոտքի վրա մնալն է:

-Ինչպե՞ս եք, բժի՛շկ,- հարցնում եմ ցածրաձայն՝ բժիշկ բառի մեջ դնելով ամբողջ երախտագիտությունս: Ես բժիշկ բառը արտաբերում եմ այնպիսի հուզմունքով, ինչպես հերոս էի կոչում ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հողը պաշտպանած քաջերին:

-Լավ եմ,- ասում է, հետո անսպասելի ավելացնում:- Մի՛ վախեցեք, Covid-19-ը ավելի շուտ կպարտվի, քան մենք կհոգնենք: Նա առաջինը ցած կդնի զենքերը:

-Պատերա՞զմ է:

-Պատերազմ է,- պատասխանում է բժիշկը հանգիստ,- Covid-19-ը կատաղի թշնամի է, չար ու անկանխատեսելի: Վատն այն է, որ մենք ոչինչ չգիտենք նրա մասին: Նա եկել է անհայտությունից, աշխարհի բժիշկները փորձում են տեղեկություններ հայթայթել այդ թշնամու մասին, որ նրան դարձնեն կառավարելի:

-Բժիշկները ի՞նչ զենքերով են պայքարում նրա դեմ, եթե չգիտեն՝ ի՞նչ ներուժ ունի, ինչի՞ է ընդունակ:

-Նվիրումով…Երբ ուժերն անհավասար են, դու ստիպված ես մարտադաշտ նետել ամբողջ զինանոցդ: Այդպես մենք ազատագրեցինք Արցախը, այդպես էր ապրիլյան պատերազմի ժամանակ, այդպես է հիմա: Ու այդ զենքերից ամենաուժեղը նվիրումն է: Ես չեմ ուզում բարձրագոչ բառեր ասել: Բայց սա է ճշմարտությունը…

Ես գիտեմ, որ Covid-19-ի դեմ պայքարող բժիշկները տուն չեն գնում, որովհետև ամեն պահի կարող են վարակակիր դառնալ:Նրանք ապրում են հյուրանոցում՝ տնից, հարազատներից կտրված:

-Ե՞րբ եք վերջին անգամ տեսել Ձեր հարազատներին,- հարցնում եմ:

-Ավելի քան 40 օր է՝ չեմ տեսել երեխաներիս, հորս, կնոջս,- ասում է Աշոտ Պապիկյանը:- Տղամարդ բժիշկները՝ դեռ ոչինչ, ես կանանց մասին եմ մտածում: Շատերը անչափահաս, խնամքի կարոտ երեխաներ ունեն, բայց զրկված են նրանց տեսնելու հնարավորությունից: Այդ կանայք բացառիկ հարգանքի են արժանի…

Ես ինչ-որ բան պիտի ասեմ, կարևոր մի բան, որը ոչ թե գլխիս, այլ հոգու մեջ է ծնվում:

-Երբ Covid-19-ը պարտվի, դուք դուրս կգաք հիվանդանոցից, ինչպես քաջերն են իջնում սահմանից հաղթանակած: Ու մենք ձեզ կդիմավորենք զինվորական պատիվներով, անսահման սիրով …

Ես հազիվ եմ զսպում արցունքներս: Բժիշկը նայում է տարակուսած: Ու հանկարծ ասում է.

-Հիշո՞ւմ եք, որ եկել էիք սանհրահանգիչների դպրոց: Միասին շրջեցինք դասասենյակներով…

Ես հասկանում եմ՝ բժիշկն ուզում է փոխել զրույցի թեման, մի պահ մոռանալ թագավարակը, վերադառնալ հին ու բարի օրերին…

-Երևի Դուք էլ Ձեր բազմաթիվ կոլեգաների նման մանկուց եք երազել բժիշկ դառնալ,- ասում եմ: Բժշկի կարծր հայացքը փափկում է:

-Վաղուց մանկություն բառը չէի լսել,- նա կկոցում է աչքերը, ասես՝ ուզում է ինչ-որ բան մտաբերել,- դպրոցական տարիներին ես կարգապահ էի, պարտաճանաչ ու պատասխանատու: Եվ ուզում էի զինվորական համազգեստ կրել, ուսադիրներ…Բայց մի օր հայրս ասաց՝ ռազմական բժիշկ դարձիր: Իսկ հորս ցանկությունները չէին քննարկվում: Ես դպրոցն ավարտեցի գերազանցությամբ ու բարձր միավորներով ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը:

Հանկարծ դուռը թակում են: Բուժքույրը մտնում է ներս: Բժիշկը մեկեն վերադառնում է ներկա, ասես՝ մոռանում է ինձ: Նա մտահոգ լսում է բուժքրոջը, որը մանրամասն ինչ-որ բան է բացատրում: Հիվանդի մասին է: Բժիշկը հարցեր է տալիս, հետո հանձնարարություններ՝ դեղերի անուններով ու բժշկական տերմիններով համեմված: Բուժքույրը գնում է: Աշոտ Պապիկյանը շոշափում է ճակատը՝ հայացքը անորոշ կետի հառած:

-Վիճակը վա՞տ է,- հարցնում եմ:

-Կապրի,- ասում է բժիշկը,- այսօր նաև նոր ապաքինվածների ենք դուրս գրել:

-Ես մտածում եմ, որ Covid-19-ի դեմ այս պատերազմը Ձեզ համար ավելի հեշտ կլինի, քան քաղաքացիական բժիշկների: Որովհետև Դուք ծառայել եք սահմանային զորամասերում, վիրավոր զինվորների եք բուժել…

-21 տարի ծառայել եմ բանակում: Մարտական հերթապահություն կատարող զորամասերում բուժկետի պետ եմ եղել, հետո՝ բուժծառայության պետ: Մի բան կա, որով հպարտանում եմ. եթե առաջնագծում խոցված զինվորը թեկուզ սրտի վերջին զարկով, վերջին շնչում հասել է ինձ, փրկվել է: Ես զինվոր չեմ կորցրել: Սա մեծ բարեբախտություն է ռազմական բժշկի համար:

-Կարելի է ասել՝ Ձեր մանկության երազանքն իրականացել է՝ համազգեստը կա, ուսադիրները կան, կարգապահությունն ու կարգուկանոնն էլ Ձեր առօրյայի անբաժան մասն են:

-Մի բան խոստովանե՞մ: Ես երազում էի վիրաբույժ դառնալ: Ձգձգված. տևական, մանրակրկիտ պայքարը հարիր չէ իմ բնույթին: Ես բախում եմ սիրում, մարտ, որտեղ կա՛մ կհաղթեմ, կա՛մ կպարտվեմ…Վիրաբույժի աշխատանքը ճակատամարտերի շարան է: Դա հենց այն է, ինչ պետք էր ինձ…

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի զինվորական բաժանմունքի վարիչ նշանակվեցի, երբ Covid-19-ը արդեն շրջում էր Չինաստանում: Ես կարգապահություն էի հաստատում բաժանմունքում, ստիպում էի, որ զինվորներս ամեն օր սափրվեն, շարվեն ձիգ ու ուղիղ, որովհետև հիվանդ զինվորը չի դադարում զինվոր լինել: …Ես մտածում էի, որ Covid-19-ի դեմ պայքարը ճակատամարտի կնմանվի, թափով մի քանի անգամ կխփենք, ու նա կնահանջի: Բայց այդպես չեղավ: Սա տևական պատերազմ է՝ ճիշտ մարտավարության պահանջով ու բազում «ճակատամարտերով»:

-Մենք՝ ժողովուրդը, այդ պատերազմի մի թևն ենք, չէ՞:

-Թիկունքը երբեք այնքան կարևոր չի եղել, որքան հիմա:

Բժշկի դեմքը լարվում է: Ասում է՝ խնդրելու պես:

-Որ հիվանդները շատ շատանան, մեր ուժերը կարող են սպառվել: Եվ ես միայն մի պահանջ-հորդոր ունեմ՝ մնացեք տանը, որ մենք էլ կարողանանք տուն գնալ…

Բուժքույրը նորից մտնում է ներս: Բժիշկը լսում է նրան ու արագ ոտքի է կանգնում:

-Ես պիտի գնամ հիվանդի մոտ:

-Բարի ծառայություն, բժի՛շկ,- ասում եմ:

Բժիշկը դուրս է գալիս սենյակից:

-Անփորձանք եղեք,- գոռում եմ ես նրա հետևից:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

armeniasputnik.am

Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/04/2020