Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍՈՎԸ ՄԵՂՄԱՑԱՎ



ԱՄԵՐԻԿԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍՈՎԸ ՄԵՂՄԱՑԱՎ1919  թվականի  մարտի 12-ին Թիֆլիս մեկնեց Հայաստանի Խորհրդի նախագահ Ավ. Սահակյանը՝  դիմելու համար դաշնակից ներկայացուցիչներին՝ պարենի ու սերմացուի խնդրանքով:

Հայաստանի Խորհրդի ու կառավարության  դիմումները, ինչպես նաև արտասահմանում կատարված աշխատանքները, վերջապես, լսվեցին, և  օգնությունը շատ չուշացավ: Այս անգամ օգնության հասնողը Ամերիկան էր՝ Միացյալ Նահանգների պարենավորման դիկտատոր Հուվերը, Եվրոպայի  փրկիչը հետպատերազմյան սովից: Հուվերը  եղավ և Հայաստանի  ժողովրդի իրական փրկիչը: Ինչ և լինի մեր վերաբերումը դեպի Ամերիկայի քաղաքական դերը հայկական խնդրում, ամերիկյան մարդասիրական նպաստն  ու պարենը երբեք չենք մոռանա, չպե՛տք է մոռանանք:

Մայիսի քսանին Բաթում եկավ ամերիկյան առաջին նավը 125,000 փութ ալյուրով, մի շաբաթ անցած, հասավ ևս 600,000 փութ:

Ամերիկյան ալյուրի հասնելով՝ կամաց-կամաց սովը մեղմացավ, երկիրը սկսեց մտնել բնականոն հունի մեջ, և ժողովուրդն ու կառավարությունը կարողացան նվիրվել երկրի վերաշինության ու պետության կազմակերպման գործին…

 

1919թ. ընթացքում Հայաստանը Ամերիկայից ստացավ 1,295,243 փութ ալյուր, 256,758 փ. ցորեն, 125,000 փ. լոբի, 65,563 փ. բրինձ, 20,000 փ. կորեկ, 8,010 փ. եգիպտացորեն, 10,738 փ. վարսակ,  5,950,000 տուփ խտացրած կաթ, 12,000 փ. կակաո, 44,000 փ. շաքար, 5,000 փ. ճարպ, 1,500 փ. թեյ: Համաձայն կնքված պայմանի՝ 1920 թվի սկզբին էլ  գալու էր 2,170,000 փ. ալյուր: Ամերիկայից ստացվող  ալյուրից 238,449 փութ  ուղարկվեց Ախալքալաք: Ալյուրի մի մասն էլ գրավեց  վրաց կառավարությունը, իբրև  փոխադրության  վարձագին:

Սիմոն Վրացյան,  «Հայաստանի Հանրապետություն», Թեհրան, 1982թ.,  էջ  242-243:

Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Պատմության էջերից


23/04/2020