Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՊԱՆԴԻ ՆԱՀԱՆԳԸ
ՍՊԱՆԴԻ ՆԱՀԱՆԳԸ

ՍՊԱՆԴԻ ՆԱՀԱՆԳԸԼԵՍԼԻ ԴԵՎԻՍ

 

Հատվածներ Լեսլի Դևիսի՝ Խարբերդի  նախկին ամերիկյան հյուպատոսի հաշվետվությունից

 

…1915-ի ամբողջ ամռան ընթացքում, մերթընդմերթ, Խարբերդ էին հասնում տարագիրների նորանոր քարավաններ, որոնք հաճախ կազմված էին լինում մի քանի հազար հոգուց: Առաջիններից մեկը, որը տեղ հասավ  հուլիսին, կանգ առավ քաղաքի ծայրամասի ընդարձակ  դաշտավայրում, բարկ արևի տակ: Բոլորը ցնցոտիներով էին, ոմանք գրեթե մերկ: Գաղթականները  հյուծված էին, տանջված, հիվանդ, կեղտոտ, ամբողջովին ոջլոտ, ավելի շատ վայրի գազանի, քան մարդկային էակների էին նման: Շաբաթներ շարունակ նրանց հոտի պես քշել էին, գրեթե չէին սնել, մեծ մասը, բացի մերկությունը  ծածկող քուրջերից, ոչինչ չուներ: Երբ  իշխանությունների  հատկացրած խղճուկ ուտելիքը բաշխվեց, պահապաններն ստիպված եղան թշվառ սովալլուկներին մահակներով հետ վանել: Նրանց մեջ տղամարդ քիչ կար, մեծ մասին դեռևս Խարբերդ հասնելուց առաջ քրդերը կոտորել էին:  Կին ու երեխա  էլ էր շատ սպանվել, ոմանք հիվանդություններից ու անտանելի տանջանքներից էին ճանապարհին մահացել:  Չնչին մասն էր Խարբերդ  հասել, նրանք էլ շուտով մահացան: Հենց որևէ այցելու էր մտնում ճամբար, մայրերը մեկնում էին զավակներին, խնդրում տանել, տիրություն անել…

…Խարբերդ հասած քարավանները մի քանի օր մնում, հետո ստիպված էին լինում անհայտ ուղղությամբ  շարունակել ճանապարհը: Ու ամեն  անգամ, երբ հեռանում էին, բազմաթիվ բռնագաղթվածներ մնում էին տեղում, որովհետև մյուսների հետ ճամփա ընկնելու համար չափազանց հիվանդ կամ թույլ էին լինում: Ամենասահմռկեցուցիչը, որին  ականատես եմ եղել երբևէ, որը գերազանցում է նույնիսկ Դանթեի  նկարագրած դժոխքը, նրանց վիճակն էր, ովքեր  քարավանի մեծ  մասի շարժվելուց հետո մնացել էին առաջին մեծ ճամբարում: Ես այդ մարդկանց առաջին անգամ  երեկոյան, մթնշաղին տեսա: Գաղթակայանը լցված էր հարյուրավոր մեռյալներով ու մեռնողներով, մեծ մասը ծառերի տակ կամ հենց հողին էր պառկած: Հսկողությունն ապահովում էին մեկ թե երկու զինվոր-ոստիկան: Ճիշտ ճանապարհի մեջտեղում, մեջքի վրա ընկած էր միջին տարիքի տղամարդու դիակ, որը նոր էր մեռել, թերևս՝ սպանվել: Այստեղ-այնտեղ կանանց, երեխաների բազմաթիվ դիակներ, ամեն քայլափոխի հիվանդներ ու մահամերձներ կային: Ծերունիները տեղներից չէին շարժվում, անհասկանալի ինչ-որ բաներ էին մրմնջում: Գզգզված մազերով, փոս ընկած աչքերով կանայք նստել-քարացել էին, ցավագարների պես, պաղ հայացքներով, պարապությանն էին նայում:  Նրանցից մեկը, որի հուշն անգամ մինչև հիմա ինձ հանգիստ չի տալիս, այնքան էր նիհար, մաշկն այնպես էր դեմքին ձգված, որ գլուխը գանգ էր թվում: Մյուսները համակվել էին մահամերձի ջղագարությամբ: Ուռած փորով երեխաներն ընկղմվել էին աղտեղության մեջ, ոմանք ներքին ջղակծկումներից ցնցվում էին:

Այդ թշվառներին այլևս անհնար էր որևէ կերպ օգնել: Մի քանի քայլ հեռու մի երկար  փոս էր փորված, ուր զինվոր-ոստիկաններն ամեն օր նետում էին մահացածներին կամ ում մահացած էին համարում:  Իսկ նրանց, ովքեր դեռևս ի վիճակի էին աշխատել, ստիպում էին շարունակել փորել փոսը: 1915-ի ամռանն այդ դաշտում  հարյուրավոր հայեր  թաղվեցին: Ամեն անգամ, երբ ես հիշում եմ անցյալը, հայացքիս առջև վերակենդանանում են դժոխային տեսարանները, որոնց ականատես եղա հայերի «վերաբնակեցման» ժամանակ:

Որոշ քարավաններ, որոնք այդ ամառ ավելի ուշ  Խարբերդ հասան, կանգ առան Խուլագյուղի մերձակայքում, Մամուրեթ-ուլ-Ազիզից մոտ ժամուկես հեռավորության  վրա: Շատերը տարագրվել էին Էրզրումից, բայց իրենց նախորդների նման ճանապարհին ո՛չ թալանվել էին, ո՛չ հարձակման ենթարկվել: Քարավանում նույնիսկ մեծ քանակությամբ տղամարդիկ կային: Նրանք ինձ պատմեցին, որ զինվոր-ոստիկանները լավ են վերաբերվել իրենց, և չնայած ոմանք ճանապարհին մահացել, ոմանք էլ հիվանդացել, հյուծվել են, հույս ունեն խույս տալ մյուս տարագիրների ճակատագրից: Բայց չէ՞ որ նրանք արդեն Թուրքիայի «Սպանդի նահանգում» էին. մի քանի շաբաթ էլ անցավ, ես քսան մղոն հեռու տեսա նրանց՝ մեկը մյուսի վրա դարսված դիակները: Խուլագյուղից դուրս գալուց մեկ թե երկու օր անց բոլորին կոտորել էին: Նրանք, ովքեր  չափազանց թույլ էին եղել, չէին կարողացել քարավանի հետ ճամփա ընկնել, մահացել էին ճամբարում, ոսկորները երևում էին փոսերը հազիվ ծածկող հողի բարակ շերտի տակից:

Ամռան վերջին հասած քարավանները տարան հայկական մեծ գերեզմանոցը, որը գրեթե Մամուրեթ-ուլ-Ազիզ քաղաքի տարածքում էր: Աքսորականները խիստ հսկողության տակ էին:

ՍՊԱՆԴԻ ՆԱՀԱՆԳԸԱյդ դժբախտների համար շատ հարմար տեղ էին ընտրել: Գերեզմանոցը շրջապատված էր բարձր պարսպապատով, միջից առու էր անցնում, այնպես որ՝ ներսում գտնվողները ծարավից չէին մեռնի: Ամեն օր՝ սայլերով վատորակ հաց էին բերում, շպրտում նրանց: Գերեզմանոցի ծայրամասում մի խոր փոս էր փորված, ուր մերթընդմերթ նետում էին մեռածներին: Յուրաքանչյուր քարավան  մնում էր մի քանի օր, ապա մահամերձներին լքելով, ճանապարհը շարունակում: Հեռացողները տասը-տասներկու դիակ անպայման թողնում էին: Հանրային փոսը նրանց էր սպասում, ինչպես և սպասում էր նրանց, ովքեր դեռևս ողջ էին:

Չնայած  ես բոլոր գաղթակայանները պարբերաբար այցելում էի, բայց ամբողջ ամառվա ընթացքում աշխատում էի քաղաքից շատ չհեռանալ, ամիսներ շարունակ հյուպատոսարանից ելնելիս գրպանս ատրճանակ էի դնում: Ոստիկանությունից հաճախ խորհուրդ էին տալիս փողոց դուրս չգալ, մանավանդ՝ սկզբնական շրջանում ոչ մի ղավազ չունեի, որ ինձ ուղեկցեր: Ամենուր զինվոր-ոստիկաններ, չեթեներ, քրդեր էին վխտում: Քաղաքում շրջելիս ես հաճախ էի հանդիպում նրանց: Քրդերը գրեթե միշտ տապարով էին, որը նրանց սովորական զենքն էր: Ժամանակ առ ժամանակ քաղաքի շուրջը քրդերի ու չեթեների վրաններ էլ էի  տեսնում, մի պահ մեզ նույնիսկ թվաց, թե ուր որ է՝ նրանց բաց կթողնեն  մնացած հայերի վրա, որ բոլորին կոտորեն:

…Սեպտեմբերի վերջերին մի առավոտ մենք ճամփա ընկանք ու ձգտելով աննկատ մնալ, շարժվեցինք Դիարբեքիրի ուղղությամբ: Դիակներ կային նույնիսկ քաղաքի շրջակայքում՝ ճանապարհի ամբողջ երկարությամբ, ընդ որում, ոչ թե թաղված, այլ ծածկված էին հողի բարակ շերտով. զինվոր-ոստիկանները դա ավելի հեշտ էին համարել, քան գերեզման փորելը: Ահա թե ինչու, հաճախ գետնի տակից ցցված թևեր, ոտքեր ու գլուխներ էին նշմարվում: Որոշ դիակներ շները մասամբ հոշոտել էին: Մենք թողեցինք ճանապարհն ու մի դաշտի միջով դեպի Գյոլջուկ լիճը թեքվեցինք: Դաշտը լցված էր հարյուրավոր՝ հիմնականում կանանց, երեխաների դիակներով…: Մեր տեսած դիակների որոշ մասը  ողջակիզված էր: Սկզբում ես կարծում էի, որ առողջապահական նպատակներով է դա արվել, չնայած քրդերը նման բաների մասին  հազվադեպ են մտածում, բայց հետո ինձ բացատրեցին, որ նրանք զոհին այրում են, որպեսզի եթե ոսկի կուլ տված լինի, գտնեն:

…Հետագայում ինձ ավելի հանգամանորեն տեղեկացրին հայերի քարավանները վերացնելու մշակված համակարգի մանրամասները: Նախ՝ նրանց թույլ են տվել որևէ հովտում կամ այլ հարմար վայրում երկու-երեք օրով վրան խփել: Այդ ընթացքում զինվոր-ոստիկանները քրդերի են բերել և հրամայել են կոտորել հայերին: Ասել են, որ այդ ձևով կարող են փող աշխատել, բայց, եթե հրաժարվեն, գլխացավանքի մեջ կընկնեն: Դրանից հետո պայմանավորվածություն են կայացրել, ըստ որի՝ նայած իրավիճակին, քրդերը զինվոր-ոստիկաններին նախօրոք որոշակի գումար՝ մի քանի հարյուր ֆունտ և նույնիսկ  ավելի պիտի վճարեին և դրանից հետո թալանեին այն ամենը, ինչը կգտնեին հայերի վրա: Քանի որ բնաջնջման այս ձևի մասին  ես շատ  անգամ եմ լսել, կարծում եմ՝ լայն կիրառում է գտել մեր տարածաշրջանում, թերևս նաև Թուրքիայի այլ մասերում:

Աչքի էր զարնում այն հանգամանքը, որ մեր տեսած գրեթե  բոլոր դիակները մերկ էին: Ես իմացա, որ զոհերին սպանելուց առաջ ստիպում են հանվել, որովհետև  մահմեդականները պղծված են համարում դիակներից հափշտակված  հագուստները: Բացի այդ, շատ աճյունների  վրա սվինների սպիներ կային, հիմնականում խոցված  էր  նրանց որովայնը, կուրծքը, երբեմն նաև՝ կոկորդը: Քչերին էին փամփուշտով  սպանել, քանի որ թանկ արժեր: Սվինով կամ դաշույնով մեռցնելն ավելի էժան էր թվացել: Ուշադրություն էր  գրավում նաև այն, որ գրեթե բոլոր կանանց դիակները տարածված էին մեջքի վրա, պարզ երևում էր, որ զինվոր-ոստիկանները սվիններով անմարդկային կտտանքների էին ենթարկել, հաճախ անշնչանալուց  հետո էին ծակծկել մարմինները:

…Մենք երեկոյան տուն վերադարձանք, և ես զգացի, որ սկսեցի անհամեմատ լավ հասկանալ, թե իրականում ինչ է նշանակում հայերի տեղահանությունը, համոզվեցի, որ չեմ սխալվել, երբ իմ որոշ զեկուցագրերում Մամուրեթ-ուլ-Ազիզը կոչել եմ Թուրքիայի «Սպանդի նահանգ»:

… Թուրքերի՝ ամբողջ հայ ժողովրդին բնաջնջելու, վերացնելու  դժոխային  ծրագրին թերևս ոչ մի վայր այդքան չհամապատասխաներ, որքան Ասիական Թուրքիայի խորքում գտնվող զառիթափ ափերով  ու անելանելի հովիտներով  այս խաղաղ լիճը, որը շրջապատված էր վայրենաբարո  քրդերի գյուղերով ու հեռու էր քաղաքակիրթ մարդու հայացքից: Թերևս դրա համար ամենահեռավոր վիլայեթների բնակիչներին քարավաններով հանգիստ կարողացան մինչև Մամուրեթ-ուլ-Ազիզ հասցնել,  Թուրքիայի «Սպանդի նահանգում»         բնաջնջել: Այն, ինչ 1915 թվականի ամռանը տեղի է ունեցել Գյոլջուկ գեղեցիկ լճի ափին, վեր է երևակայությունից: Տասնյակ հազարավոր հայեր՝ մեծ մասամբ անմեղ ու անպաշտպան կանայք, երեխաներ, ամենաբարբարոս ձևերով կտտանքների ենթարկվեցին նրա ավազների վրա ու կոտորվեցին: Ով քաղաքակիրթ աշխարհում է ապրում, դժվարությամբ կհավատա, որ նման նախճիրներ հնարավոր են:

…1915-ից առաջ նահանգում 150000 հայ էր հաշվվում, տարվա վերջին, չնայած ազատվածների թիվը մեր ենթադրածից ավելի էր, ինչպես այժմ եմ հաշվում՝ 8000-10000-ից չէր անցնի…

 

Մեծարգո Հենրի Մորգենթաուին

Ամերիկյան դեսպանին

     Կոստանդնուպոլիս

 

ՍՊԱՆԴԻ ՆԱՀԱՆԳԸ…Ես չեմ կարծում, որ համաշխարհային պատմության մեջ երբևէ իրագործվել է ավելի  համընդհանուր ու արմատական նախճիր, քան այն, ինչ այժմ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, և ոչ էլ հավատում եմ, որ մարդկային ուղեղն ի զորու է հղանալ ավելի ահավոր ու սադայելական ծրագիր: Այն հանգամանքը, որ պաշտոնական հրամանը միմիայն հայերին այս վիլայեթներից տեղափոխելու մասին է, արտաքին աշխարհին սոսկ որոշ ժամանակ կարող է թյուրիմացության մեջ գցել, իրականում, այն, ինչ իրագործվում է, ամենադաժան սպանդն է:

Տեղի ունեցածը այդպես կկոչվեր նույնիսկ այն դեպքում, եթե թողնեին, որ բոլորն էլ ճանապարհին մեռնեն: Բայց, քանի որ մեծ մասն  ուղղակի է նախճիրի ենթարկվել, ոչ մի կասկած չի կարող լինել, որ կառավարության հրամանն է  կատարվել: Նշանակում է՝ անհնար է տպավորություն ստեղծել, թե իբր պատահածը համազգային եղեռն չէ:

 

Ամերիկյան հյուպատոսարան

Խարբերդ

 24 հուլիսի 1915թ.

 

Թարգմ.՝ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻ