Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՈւսադիրով կանայք բանակ չեն զորակոչվում, նրանք զինված ուժեր մտնում են բացառապես կամավոր: Նրանցից շատերը ներգրավված են ռազմաուսումնական հաստատություններում, կապի, բժշկական, պարենային կամ թիկունքային ծառայության մեջ: Ռազմական ուսումնական հաստատություններում կրթություն ստանալով՝ մեր կանանցից ու աղջիկներից շատերը  հետագայում համալրում են զինված ուժերի սպայական անձնակազմի շարքերը:

…Ավելի քան երեք տարի զինված ուժերում է գեղեցիկ, բազմակողմանի պատրաստված, բանիմաց սպա, «Շտուրմ-Ս» հակատանկային դիվիզիոնի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նունե Ասատրյանը:

Երևանի Ճարտարապետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո Նունեն անսպասելի որոշում կայացնելով՝ ընտրում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մագիստրատուրան:

-Հարազատներս անակնկալի եկան իմ որոշումից, դեմ էին: Հայրս հարցրեց՝ պատկերացնո՞ւմ ես՝ ո՞ւր ես գնալու, ի՞նչ ես անելու, ասացի՝ ո՛չ: Բայց շուտով հենց հորս աջակցությամբ սկսեցի իմ զինվորական ուղին,- հիշում է Նունեն:

ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԾառայության է անցնում ուսումնամարտական զորամասում: Թեև գիտելիքների մեծ պաշար ուներ, բայց մարտական հրաձգությունից հետո է միայն զգացել տեխնիկայի ամբողջ հզորությունը, ուժն ու մարտունակությունը, և թե որքան մեծ պատասխանատվություն է ինքը կրելու…

Դժվար էր սկզբում, բայց աստիճանաբար այդ դժվարությունները չհաղթահարելու վախն անցավ:

-Անընդհատ սովորում եմ, կատարելագործում իմ մասնագիտական ունակությունները: Զորավարժության ժամանակ էլ դիպուկ խոցեցի թիրախը: Ընդհանուր առմամբ, իմ պատրաստության աստիճանից գոհ եմ,- ասում է Նունեն:

Կնոջ դերը բանակում արդեն հասկանալի և ընդունելի է տղամարդկանց  կողմից: Բայց մի քանի տարի առաջ նրանք անլուրջ էին համարում իրական զենք կրող աղջիկների մուտքը զորամասեր: Կնոջ ներկայությունը զինվորական խիստ միջավայրում շատ հարցեր է լուծում: Նունեի համոզմամբ՝ դրանցից առաջնայինը զսպվածության դրսևորումն է:

ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…Ծառայողական աստիճանահարթակում Նունեի մասնագիտական վերելքի ճանապարհին հաջորդ կանգառը մարտկոցի հրամանատարի պաշտոնն է լինելու:

-Առայժմ դրա մասին չեմ մտածում, սովորելու, զարգանալու փուլում եմ: Մարտկոցի հրամանատարի գործառույթները շատ ավելին են, պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունն էլ է մեծանում: Միայն կարող եմ վստահ նշել, որ ինչ բարձր պաշտոնի էլ նշանակվեմ հետագայում, ծառայելու եմ նույն նվիրվածությամբ, մասնագիտական կատարելագործման նույն ձգտումով:

Ավագ լեյտենանտ Նունե Ասատրյանի նման հզոր ոգու տեր կանայք ու ապագա մայրերը հետայսու էլ պատրաստ են տղամարդկանց կողքին պաշտպանելու և պահպանելու  մեր երկրի  անդորրը…

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՔՄԻՇՅԱՆ