Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԵՆՈՒՇ ՏԵՐՅԱՆ



ԱԼԵՆՈՒՇ ՏԵՐՅԱՆԻրանում ֆիզիկայի բնագավառի առաջին կին պրոֆեսոր, առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիր Ալենուշ Տերյանը ծնվել է 1920թ. նոյեմբերի 9-ին Թեհրանում ապրող հայ մտավորականի ընտանիքում։  Մայրը ուսանել էր Շվեյցարիայում և ֆրանսերեն էր  դասավանդում Թեհրանի դպրոցներից մեկում, իսկ նորջուղայեցի հայրը Իրանում  հայտնի գրող էր ու թարգմանիչ:Նրա ջանքերով թարգմանվել են Ֆիրդուսու ստեղծագործությունները, ինչպես նաև «Շահնամե» էպոսը։

Ալենուշի սերն ու ընդունակությունները ճշգրիտ գիտությունների հանդեպ դրսևորվել են դեռ մանկուց։ 1947 թվականին նա ավարտել է ուսումը Թեհրանի համալսարանի գիտության ֆակուլտետում և աշխատանքի անցել ֆիզիկայի լաբորատորիայում։ Ընդամենը մեկ տարի անց նա արդեն այդ նույն լաբորատորիայի ղեկավարն էր։

ԱԼԵՆՈՒՇ ՏԵՐՅԱՆՖիզիկան Ալենուշի մեծ սերն էր, նա ցանկանում էր շարունակել կրթությունը, հնարավորություն ստանալ ավելին բացահայտելու։  Նրա երազանքն էր սովորել Եվրոպայում։ Եվ նա խնդրում է իր դասախոսին օգնել, որ կրթաթոշակ ստանա՝ ուսումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Սակայն նրան մերժում են կին լինելու համար։ Դասախոսը վստահ էր, որ որպես կին նա արդեն մեծ հաջողությունների էր հասել, իսկ Իրանում այդքանն էլ բավական էր։ Բայց Ալենուշի համառությունը հաղթում է, և նա հոր օժանդակությամբ և ֆինանսական աջակցությամբ հասնում է իր մեծ երազանքին. մեկնում է Փարիզ և շարունակում է կրթությունը Սորբոնի համալսարանի մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում։ 1956թ. ստանում է ասպիրանտի աստիճան և սկսում է դասախոսել Սորբոնի համալսարանում։ Սակայն Ֆրանսիայում Ալենուշ Տերյանը երկար չի մնում, որովհետև գիտեր՝ իր ստացած գիտելիքները պետք են ծննդավայրին, այնտեղ ինքը դեռ շատ անելիքներ ունի։ Նա վերադառնում  է Իրան և Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում դասավանդում է  թերմոդինամիկա։

1959թ. Արևմտյան Գերմանիան դրամաշնորհ է տրամադրում Թեհրանի համալսարանին՝ արևային ֆիզիկայի աստղադիտարանում չորս ամիս ուսանելու համար։ Համալսարանից ընտրվում է Ալենուշը՝ որպես թոշակի շահառու և չորս ամսով մեկնում է Գերմանիա՝ ուսումը կատարելագործելու։

1964թ. վերադառնում է Իրան և արժանանում պրոֆեսորի կոչման՝ դառնալով Իրանի առաջին կին պրոֆեսորը։

1966թ. Ալենուշ Տերյանն ընտրվում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի անց նշանակվում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ, ապա աշխատում արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման գործում մեծ դերակատարում հենց ինքն էր ունեցել։

ԱԼԵՆՈՒՇ ՏԵՐՅԱՆ1979թ. Ալենուշ Տերյանն ինքնակամ պաշտոնաթող է լինում։ Նա այդպես էլ ընտանիք չի ստեղծում, քանի որ վստահ էր, որ այս աշխարհ է  եկել գիտությանը նվիրվելու համար:

«Դստերս անունն Արեգակ է, իսկ որդունս՝ Լուսին»,- ասում էր նա։

Ալենուշ Տերյանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ պարգևների է արժանացել։

2006թ. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նրան արժանացրել է պետական շքանշանի։ Կյանքի վերջին տարիները Ալենուշ Տերյանն անցկացրել է ծերանոցում: Հենց այդ ժամանակ էլ արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի։

Մեծ հայուհին մահկանացուն կնքել է 2011թ. մարտի 4-ին: Նրա կտակի համաձայն՝ մահից հետո նրա բնակարանը պետք է անցներ Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այն ծառայի իբրև հանրակացարան՝ ուսանողների համար։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #15 (1335) 15.04.2020 - 21.04.2020, Հոգևոր-մշակութային


16/04/2020