Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐ՝ ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ



ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐ՝ ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԵՐՊատանեկության տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում պատերազմների մասին, տպավորվում էի «Գթության քույր» արտահայտությամբ: Գթության քույր էին կոչում այն կանանց, որոնք կրակի ու ռմբակոծության տակ հենց մարտադաշտում բուժօգնություն էին ցուցաբերում վիրավոր զինվորին, անհրաժեշտության դեպքում՝ զենքը ձեռքին կռվելով նրանց հետ: Նրանք սոսկ բուժքույր չէին, այլ հենց գթության քույր, որովհետեւ փոխարինում էին վիրավոր զինվորների մորը, քրոջը, սիրած աղջկան, գիշերներ էին լուսացնում նրանց մահճի մոտ, ամոքելով ոչ միայն վիրավոր ռազմիկի մարմինը, այլեւ հոգին: Ու թերևս ավելի շատ սեր ու ջերմություն էի տալիս նրանց, քան դեղ ու բուժօգնություն: Այսօր ճանաչում եմ Արցախյան գոյամարտի մասնակից շատ բուժքույրերի: Պատերազմն իր հետքն է թողել նրանց հոգում: Նրանք պատերազմին տվել են իրենց երիտասարդությունը, առողջությունը: Նրանցից ոմանք այդպես էլ չվերադարձան ռազմաճակատից…

Այսօր ամբողջ աշխարհը կանգնած է մեծ աղետի առջև: Մարդկությունը պատերազմում է մի ահարկու թշնամու դեմ: Այս պատերազմի առաջնագծում զինվորները չեն, այլ բժիշկներն ու բուժքույրերը, որոնք նորից դարձել են գթության քույրեր: Նրանք անձնազոհաբար կյանքեր են փրկում:

Ըստ որոշ տեղեկությունների` կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների մոտ 10 տոկոսը բուժաշխատողներ են, ովքեր շարունակում եմ հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը:

Այսօր ամեն ինչ արվում է, որ կորոնավիրուսն Արցախ չթափանցի, և այստեղ էլ մեծ է բուժքույրերի դերը: ՀՀ-ից Արցախ մտնող Սոթք-Քարվաճառ, Գորիս-Ստեփանակերտ, Խնձորեսկ-Որոտան և Կապան-Կովսական 4 հիմնական ճանապարհներին գործում են բուժսանիտարական հենակետեր: Արցախի Հանրապետության ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ռազմական ոստիկանության աշխատակիցների օժանդակությամբ բուժաշխատողները շուրջօրյա հերթապահություն են անում: Այսօր նրանք յուրահատուկ սահմանապահներ են՝ հսկում են, որ վարակը չխախտի Արցախի սահմանը, չթափանցի Արցախ, չհասնի առաջնագիծը հսկող զինվորին:

Արդեն մի քանի անգամ այցելել եմ Քաշաթաղի շրջանի Գորիս-Ստեփանակերտ, Խնձորեսկ-Որոտան և Կապան-Կովսական բուժսանիտարական հենակետեր, հետևել բուժքույրերի աշխատանքին, զրուցել շատերի հետ: Բոլորի նպատակը մեկն է՝ փակել չարիքի ճանապարհը: Երբ բուժքույրերը գթության քույրեր են դառնում, ես հավատում եմ, որ մենք կհաղթահարենք յուրաքանչյուր փորձություն:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #13 (1333) 1.04.2020 - 7.04.2020, Ազգային բանակ


02/04/2020