Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԻՇԵԼ ԵՎ ՄԵԾԱՐԵԼ
ՀԻՇԵԼ ԵՎ ՄԵԾԱՐԵԼ

ՀԻՇԵԼ ԵՎ ՄԵԾԱՐԵԼԴարերի ընթացքում Հայոց աշխարհում եւս ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու եւ արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Ահա այսպիսի քաջորդիներից էր ուսանող-ազատամարտիկ Զաքար Ավանեսյանը՝  մեկը Արցախյան ազատամարտի հերոսներից: Թեժ մարտերի օրերին Զաքարը մեկնել էր Հյուսիսային Կովկաս՝ անհրաժեշտ բեռներ ու զինամթերք բերելու։ Հայտնվելով Ադրբեջանի հատուկջոկատայինների տեսադաշտում՝ 1990 թվականին Արթուր Մկրտչյանի աջակցությամբ վեց ընկերների հետ տեղափոփվում է Երևան, ընդունվում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, սակայն դասերին հաճախելու փոխարեն կրկին մեկնում է Արցախ։ Նա միշտ ամենաթեժ մարտերի կիզակետում էր (Շուշի, Կիչան, Բերդաձոր, Վաղուհաս, Արմենավան, Կրկժան)։ Մասնակցել է (Թալիշ, Մաղավուզ), Ասկերանի (Սառնաղբյուր) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Զաքարը «Հայ ազգայնականների ճակատ» կազմակերպության ակտիվ անդամներից էր, նրա ջանքերով ստեղծվել են մարտական ջոկատներ։

ՀԻՇԵԼ ԵՎ ՄԵԾԱՐԵԼՀերոս քաջորդին զոհվել է 1992 թվականի հունիսի 29-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում մղված թեժ մարտերի ժամանակ, աճյունն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այն դպրոցում, որտեղ սովորել է Զաքարը, դասասենյակ է անվանակոչվել, նրա անունով է անվանակոչվել նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը:

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում գրական-երաժշտական երեկո էր՝ նվիրված խիզախ հայորդուն: Միջոցառման կազմակերպիչ, երգահան-երգչուհի Անի Մարգարյանը (Անի Խութեցի) ունկնդիրներին ներկայացավ իր «Ցեղակրոն Զաքարին» երգի պրեմիերայով:

-Երբ ծանոթացա Զաքար Ավանեսյանի անցած հերոսական ուղուն, որոշեցի մի ձոներգ նվիրել նրան,- ասում է Անին,- երգն էլ յուրօրինակ հավաստիացումն է այն իրողության, որ հայրենիքին կյանքը նվիրաբերած հայորդիք հավերժ մնալու են ապրողների հիշողություններում:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Ներկայացնելով  Զաքարի անցած կարճ, բայց հերոսական ճանապարհը՝ հորդորեց գալիք սերնդին լինել Զաքարի նման հայրենասեր եւ նվիրյալ, շարունակել նրա սխրանքն ու կիսատ թողած գործը: Միջոցառմանը ներկա էր նաեւ Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), նա եւս խոսեց խիզախ հայորդու մարտական անցած ուղու մասին, հիշեց ուշագրավ մի դրվագ, թե ինչպես Զաքար Ավանեսյանն ու նրա զինակից ընկերները փրկեցին իր կյանքը:

ՀԻՇԵԼ ԵՎ ՄԵԾԱՐԵԼՈգեշունչ ասմունքով հանդես եկավ ազատամարտիկ-բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: «Պետք է լինենք ոգեղեն ու հզոր, առանց ոգեղենության չկա հայրենիք, ազգ: Մենք պետք է հպարտանանք Զաքարի նման քաջերով: Հայ երիտասարդներն ու զինվորները պետք է դաստիարակվեն նրա ոգով»,- նշեց բանաստեղծը:

Խոսեց նաեւ հերոսածին մայրը՝ Կարինե Ավանեսյանը, ասաց, որ եղել է Արցախում, հանդիպել եւ զրուցել բոլոր այն ազատամարտիկների ու զինվորականների հետ, ովքեր ճանաչել են որդուն եւ այդ հուշ-պատումները հավաքագրելով՝ գիրք է հրատարակել:

Միջոցառման ավարտին «Ֆիդայի» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը Կարինե Ավանեսյանին հանձնեց որդու հետմահու մեդալը:

-Ապրողներիս պարտքն է հիշել, մեծարել, արժանին մատուցել հայրենիքին կյանքը նվիրաբերած մեր բոլոր նվիրյալներին,- նշեց երգիչ-երգահան Անի Խութեցին եւ հավելեց, որ որոշել է Զաքարին նվիրված երգով հանդես գալ նաեւ զորամասերում:

 

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ