Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՀԱՊԱՆԸ
ՊԱՀԱՊԱՆԸ

ՊԱՀԱՊԱՆԸՓողոցով անցուդարձ անողների վրա չէր հաչում: Սակայն, երբ փորձում էին դարպասից ներս մտնել, կատաղի հաչոցով վրա էր տալիս։ Սովորաբար, բնակիչների հեռանալուց հետո գյուղում շունչ, կենդանի չէր մնում։ Մի քանի օրվա ընթացքում բոլոր շներն ու կատուները կա՛մ սպանվում էին, կա՛մ փախչում։ Գյուղն ամայանում էր։ Զարմանալի է, որ այդ մեկը մնացել էր։ Հսկա, սարսափելի տեսքով գելխեղդ գամփռ էր: Հանգիստ, սուսուփուս պառկում էր բակում, նույնիսկ չէր հաչում։ Բոլորին հետաքրքրում էր՝ թե ինչու է մնացել։ Տարբեր ենթադրություններ էին անում։ Մեկն ասում էր՝ տիրոջն է սպասում, մեկը՝ մի ուրիշ բան, բայց իրական պատճառը ոչ ոք չգիտեր։ Այդ ամենի մեջ գաղտնախորհուրդ ինչ-որ մի բան կար, որ գայթակղում էր բոլորին։ Իսկ շունը չէր ցանկանում ոչ մեկին մոտ գալ, ոչ էլ թողնում հեռանում էր։ Զինվորներից մեկը, փորձելով ներս մտնել, կրակել էր։ Բայց նա վիրավոր հարձակվել ու դուրս էր քշել բակից, նորից քաշվել, պառկել գոմի առաջ։

Գյուղի տեսարժան վայրերը հազար անգամ մտել-դուրս էին եկել։ Միակ հետաքրքրությունը գյուղում մնացած գելխեղդ գամփռն էր։ Ձգձգվող հրադադարից ձանձրացած զինվորները դիրքապահությունից ազատ ժամերին ձանձրույթը վանելու համար թափառում էին, մտնում արդեն բազմաթիվ անգամ մտած-դուրս եկած տեղերը։ Եվ անպայման այցելության էին գալիս գամփռին։ Կարող էին, իհարկե, գնդակահարել, բայց, եթե դա չարեցին առաջին օրերին, արդեն հիմա չէին անի։ Այդ տունը, պահապան գելխեղդ գամփռը, դարձել էին նրանց առօրյայի, նույնիսկ ապրվող կյանքի մի մասնիկը։

Երբ փոխարինելու եկանք գյուղում տեղակայված ջոկատին, առաջին հերթին շան մասին պատմեցին, նույնիսկ չալարեցին, տարան ցույց տվեցին։

Հենակետում տեղավորվելուց և դիրքերն զբաղեցնելուց հետո անմիջապես գնացի շան մոտ։ Կենդանիների հետ շփվելու բնածին շնորհք ունեմ։ Գիտեմ, որ զգում են սերը։ Անմիջապես ենթարկվում են։ Օրապահիկ հացիս մի մասը վերցրել էի հետս։ Մտածում էի՝ քաղցած է, կկերակրեմ, մոտիկ կթողնի։ Զգուշությամբ բացեցի դարպասը։ Խռպոտած բասը շրխկաց դեմքիս։ Ժանիքների տեսքը սարսափելի էր։ Հազիվ հասցրի դուրս թռչել և փակել դարպասը։ Դռան հետևում կանգնած գռմռում էր։ Ճեղքից նայեցի՝ ետ դարձավ իր մշտական տեղը, պառկեց և ուշադրությամբ նայում էր դարպասին։ Նորից բացեցի, հացի կտորտանքը դրեցի դարպասից ներս։ Նորից կատաղած հաչելով վրա տվեց։ Ապա հոտոտեց հացի կտորները և նստեց կողքին։ Հայացքը տխուր էր։ Թվում է, թե հիմա լաց է լինելու։ Առջևի վիրավոր ոտքը չէր կարողանում գետնին դնել։ Վերքը թարախոտվել, ուռել էր: Անընդհատ լիզում էր։ Խոսեցի հետը, փաղաքշական  խոսքեր ասացի։ Ականջները  ժամանակ առ ժամանակ ցցում էր, նայում դարպասին՝ լսում էր։ Զգուշությամբ բացեցի դուռը։ Ինձ տեսնելով՝ անմիջապես մարտական տեսք ընդունեց, մազերը փշաքաղվեցին, բացեց ահարկու ատամները, բայց չհարձակվեց։ Նորից սկսեցի խոսել հետը։ Սիրո կարիք էր զգում։ Եթե թույլ տար շոյել, կլիզեր ձեռքս և իմը կլիներ։ Սակայն, երբ փորձում էի ավելի մոտենալ, սպառնալից դիրք էր ընդունում։ Ամեն պահ կարող էր վրա պրծնել։

Հաջորդ օրը նորից եկա։ Ոսկորներ և հացի կտորտանքներ էի բերել։ Հիասթափությամբ նայեցի, որ երեկվա թողածս չի կերել։ Զարմանալի էր։ Զգացվում էր, որ երկար ժամանակ չէր սնվել՝ փորը կպել  էր մեջքին։ Հզոր ոտքերը նիհարել էին։ Ինչքան մեծ պետք է լիներ կարոտը, որ հրաժարվեր անգամ ուտելուց։ Նախանձեցի տիրոջը. «Ինչպիսի՜ հավատարմություն, ինչպիսի՜ սեր… Տեսնես՝ որտե՞ղ է հիմա տերը։ Ինքը հիշո՞ւմ է շանը։ Կարո՞ղ է պատկերացնել, որ կյանքի գնով հսկում է իր տունը և կարոտից սովամահ է լինում… Տեսնես՝ ինքն արժանի՞ է այս սիրուն»։

ՊԱՀԱՊԱՆԸԶգուշությամբ բացեցի դարպասը։ Սովորականի նման պառկած էր գոմի դռան առաջ։ Հոտիցս, ոտնաձայնիցս ճանաչել էր։ Ծուլորեն, կարծես չուզենալով, նստեց։ Փաղաքշական խոսքեր ասելով՝ ցուցադրաբար բացեցի փաթեթը, դրեցի գետնին և կանչեցի։ Նայեց։ Հայացքը դարձավ կատաղի։ Սարսափելի ատամները բացեց ու դանդաղ շարժվեց դեպի ինձ։ Չկարողանալով վախս հաղթահարել, դուրս եկա։ Տեսնելով, որ դուրս եմ գալիս, կես ճանապարհին նստեց։ Թուլացել էր։ Եթե այսպես շարունակվեր, չկարողանայի հետը լեզու գտնել, սատկելու էր։ Սկսեցի համոզել։ Փորձեցի ներս մտնել։ Չէր հարձակվում։ Բայց, երբ ուզում էի առաջ գնալ, ցույց էր տալիս ատամները։ Իսկ հայացքը տխուր էր։ Միայն երեխան կարող էր այդպիսի տխուր աչքեր ունենալ։  Հսկա, վայրենի տեսքով կենդանին կարոտից մեռնում էր։ Ամեն ինչ տանուլ տված մարդու նման հիասթափված էր։ Կյանքից ձեռ քաշած։ Ողբերգական հայացքով նայում էր։ Նրա մեջ կենդանի էր մնացել միայն տիրոջ ունեցվածքը պահպանելու բնազդը։  Անպտուղ չարչարանքից հետո հասկացա, որ օտարի ձեռքից սնունդ չի ընդունելու։ Այդպիսի կենդանին ավելի շուտ կսատկի, քան կդավաճանի տիրոջը։

Անցնում էին օրերը։ Մութն ընկնելուց հետո սկսել էր ոռնալ։ Ողջ գիշեր ոռնում էր երկար ու ձիգ։ Ի՞նչ էր ուզում։

-Միևնույն է, սատկելու է,- ասում էին տղաները,- հարկավոր է գնդակահարել, և վե՛րջ։ Բայց ոչ ոք չէր անում։ Պատերազմից ու դժվարություններից կոշտացած տղամարդիկ զարմանալի գթասրտություն էին դրսևորում, քնքշություն…

Յուրաքանչյուր օրվա հետ շունը մի քիչ մեռնում էր։ Արդեն հազիվ էր ոտքերի վրա կանգնում։ Վիրավոր ոտքն ուռել, հսկայական չափերի էր հասել։ Ճանճերի պարսն անընդհատ պտտվում էր վերքի վրա։ Ժամանակ առ ժամանակ ծուլորեն լիզում էր, քշում ճանճերին։ Հաչոցն էլ հաչոցի նման չէր՝ ձայնը բոլորովին փորն էր ընկել։ Հիմա կարելի էր մոտենալ, բայց արդեն փրկել հնարավոր չէր։

Վերջին գիշերը չէր ոռնում։ Բոլորն անհանգիստ կողքից կողք էին շրջվում։ Նման էր կատաղի մարտից հետո հանկարծակի սկսվող լռության, ու ավելի անտանելի ու անբնական է, քան ռումբերի պայթյունը, զենքերի որոտը։ Առավոտը բոլորը վաղ արթնացան։ Ծիծաղելի է, բայց առաջին գործը եղավ շանն այցելելը։ Այդպես էլ կար՝ գոմի դռան առջև կծկված սատկել էր։ Մի կողմ հրելով՝ բացեցինք գոմի դուռը։ Բոլորիս հետաքրքրում էր, թե ինչ կար այնտեղ։ Երբ արևի լույսն ընկավ ներս, զարմանքից ապշեցինք։ Գոմի մեջ, գեղեցիկ շարքով, ոչխարներ էին նստած՝ քառասուն. հիսուն հատ։ Այնպիսի տպավորություն էր. կարծես հանգիստ նստած, որոճում էին։ Ոչ մեկը չէր շարժվում: Փախչելուց առաջ տանտերը կա՛մ մոռացել էր, կա՛մ չէր հասցրել բացել գոմի դուռը։ Ոչխարները նստոտած՝ ծարավից ու քաղցից հնազանդորեն, անտրտունջ սատկել էին։ Ահա թե ինչ էր հսկում գամփռը։ Տերը գլուխը պրծացրել, փախել էր, իսկ նա մինչև վերջին շունչը հավատարմորեն պահպանում էր նրա ունեցվածքը…

Տղաները լռությամբ վերցրին բահերը և սկսեցին շան համար գերեզման փորել։

 

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

գրող-ազատամարտիկ