Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱԿԱԴԱՐՁԵԼՈՒ, ԴԵՌ ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՎԵԼԻ…



ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱԿԱԴԱՐՁԵԼՈՒ, ԴԵՌ ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՎԵԼԻ...Օրերս «Սիսական» գունդը նշեց իր կազմավորման 26-ամյակը: Զորամասը հարուստ պատմություն ունի, ձեւավորվել է կամավորական ջոկատների հենքի վրա, մասնակցել մարտական տարբեր գործողությունների: Զորամասի հիմնադիր-հրամանատարը եղել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հովիկ Ազոյանը:

 Ներկայումս զորամասի  հրամանատարը գնդապետ Վազգեն Հակոբյանն է՝ իր գործին, կոչմանը նվիրված զինվորական, որը գրեթե 25 տարի բանակում  է:

 

-Պարոն գնդապետ, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Ձեր հրամանատարությամբ գործող զորամասի պահպանությանը վստահված սահմանահատվածում:

-Օպերատիվ-մարտավարական վիճակը հանգիստ է, կայուն, հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ  չեն գրանցվել,  չկա լարվածություն:  Թեեւ թշնամու «ձեռագիրը» լավ իմանալով՝ երբեք հանգիստ չենք նստում, չենք թուլացնում զգոնությունը ու միշտ պատրաստ ենք հակադարձելու, դեռ մի բան էլ ավելի: Անընդմեջ ամրապնդում-արդիականացնում ենք մեր պաշտպանական կառույցները, ամրացնում համապատասխան ուղղությունները:

Ժամանակի ընթացքում նորոգվել եւ հիմնվել են նոր ամրաշինական կառույցներ՝ գետնատնակներ, խրամատներ, խրամուղիներ, դիտակետ-կրակակետեր: Ապահովված ենք գիշերային, ջերմատեսիլ տեսադիտարկման սարքավորումներով:

Առաջնագծում պաշտպանական բնույթի աշխատանքները մշտական են, սակայն չափազանց կարեւոր է նաեւ, որ պահպանվի ծառայողական կարգապահությունը, զինծառայողներն անշեղորեն հետեւեն անվտանգության հրահանգավորումներին, դիտարկումը կատարեն սահմանված վայրերից, չկորցնեն զգոնությունը:

-Ձեր ենթակայությամբ գործող զորամասի սահմանային որոշ հատվածներում ծառայությունն իրականացվում է բարձր լեռնային տարածքներում, տեղ-տեղ 3500մ եւ ավելի բարձրության վրա, բնակլիմայական խիստ պայմաններում:

-Ի դեպ, հենակետ ունենք, որտեղից  տեսանելի է նույնիսկ Արարատը… Իմ հրամանատարությամբ գործող զորամասի պահպանությանը վստահված հատվածում  կլիմայական  բարդ պայմանները, լեռնային, կտրտված  տեղանքը  իրապես զգալիորեն բարդացնում են մարտական հերթապահության կրման պայմանները: Հաճախ բուք ու սառնամանիքին մարտական հերթապահության մեկնողները ոտքով են կտրում-անցնում մինչեւ մարտական հենակետեր (նույնիսկ ամենագնացների համար որոշ հատվածներ անհաղթահարելի են): Պատահում է՝ ձյունն այնքան առատորեն, այնչափ ուժգին է գալիս, որ փակում է գետնատնակների  դուռումուտքը, անանցանելի դարձնում ընդամենը րոպեներ առաջ մաքրված ճանապարհը: Իսկ թե տեղումներ էլ չլինեն, սաստիկ քամիներն են  իրենց «սեւ» գործը անում՝ սարերից ձյունը բերում, բերնեբերան լցնում են ճանապարհներին, փակում խրամուղիները: Ձնհալ, կպչուն ցեխ, գետի նման հոսող ավազ, լեռների լանջերից տոննաներով գահավիժող ձյունահյուս….ու այսպես անդադրում  «կռիվ» բնության դեմ: Այս ամենը, կրկնում եմ,  ծավալային, անընդմեջ հետեւողական աշխատանք է պահանջում՝ թե՛ պլանային, թե՛ արտապլանային: Պատնեշներ են շարվում, հողային աշխատանքներ կատարվում, քարի երեսպատում, խրամատի բարձրացում…

Նշեմ նաեւ, որ առաջնագծի պաշտպանությունը կազմակերպվում է  առավելապես  պայմանագրայինների ուժերով, ովքեր հիմնականում տվյալ սահմանահատվածի բնակիչներ են, իրենց տունն ու շենն են պահպանում, այսպիսով՝ նաեւ աշխատանքի խնդիր է լուծվում, որ տեղի բնակիչը մնա ընտանիքի կողքին:

-Բանակի մարտունակության համար կարեւոր բաղադրիչ է զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, սոցիալ-կենցաղային վիճակը: 2019թ. զորամասի 28  զինծառայող ապահովվեց ծառայողական բնակարանով: 

-Ինչ խոսք, ապահով եւ արժանապատիվ  ապրելակերպը բարձրացնում է զինծառայողների մարտունակությունը:

-Զորքի մարտունակության կարեւորագույն բաղկացուցիչ  են  նաեւ մասնագիտական գիտելիքները…

-Ռազմական գործում յուրաքանչյուր հաջողության հիմքում գիտելիքն է: Մեր զորամասում մշտապես ուշադրության կենտրոնում է մասնագիտական, մարտավարամասնագիտական պատրաստությունը: Ե՛վ զինվորները, ե՛ւ սպաները լիարժեքորեն պետք է տիրապետեն իրենց մասնագիտական գիտելիքներին, անընդմեջ կատարելագործվեն: Ես պայմանագրային եւ ժամկետային զինծառայողներին հաճախ եմ ասում՝ ժամանակի հետ փոխվում են շեշտադրումները, բարձրանում չափանիշները, հարկ է, որ բացի ձեր զենքից, հնարավորինս կատարյալ տիրապետեք նաեւ մնացած զինատեսակներին: Աստված մի արասցե, եթե հայտնվես մարտի դաշտում, ուր ամեն զարգացում հնարավոր է, պետք է գործել նաեւ փոխլրացման մեթոդով:

Ինքս էլ 25 տարի բանակում եմ, 25 տարի, այսպես ասած, թաթախված զինվորական գործի մեջ, բայց էլի յուրաքանչյուր օր աշխատում եմ մի նոր բան սովորել, է՛լ ավելի կատարելագործել մասնագիտական որակները, ինքնակրթվել, տեղում չդոփել…

Մեզնից ամեն մեկը պետք է կարեւորի իր դերը, իր տեղը, իր պատասխանատվությունը հայրենիքի պաշտպանության, հայրենի եզերքի անվտանգության պահպանման գործում:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/03/2020