Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Վրաց մենշեւիկների հակահայկական քաղաքականության արդյունքն էր, որ իբրեւ Բաթումի բանակցությունների սկսման գրավական՝ առանց մի կրակոցի, թուրքերին հանձնվեց Կարսը։ Թե՛ Տրապիզոնի, թե՛ Բաթումի բանակցությունների ժամանակ Անդրկովկասի պատվիրակությունը ղեկավարող վրացական մենշեւիկները Հայաստանի տարածքների զիջման ճանապարհով էին փորձում լուծել Հայաստանի կենսական հարցերը։ Ավելին, իրենց իսկ անհեռատես քաղաքականության պատճառով չընդունելով Բրեստի պայմանագիրը, պատերազմի մեջ մտան Թուրքիայի հետ։ Թուրք հրոսակների համար ստեղծվեց բարեհաջող իրավիճակ, մեկը մյուսի հետեւից գրավելով հայկական տարածքները, մոտեցան Արարատյան դաշտին։

Հայ ժողովրդի համար ստեղծելով ծանր իրավիճակ, վրաց մենշեւիկները պատճառաբանում էին, թե հայության ճակատագիրը վճռված է, եւ իրենք չեն ցանկանում նրա հետ գնալ դեպի կործանում։ Հայ ժողովուրդը, սակայն, ուժ գտավ իր մեջ եւ մայիսյան հերոսամարտերով ձեռք բերեց անկախ պետականության իրավունք։ Շրջափակման մեջ գտնվող Հայաստանին օգնելու փոխարեն վրացական կառավարող շրջանները փակեցին արտաքին աշխարհի հետ Հայաստանին կապող միակ ուղին, որպեսզի Հանրապետությանը պարտադրեն ճանաչել իրենց անօրինական զավթումները։

Մուդրոսի պայմանագրի համաձայն՝ 1918թ. հոկտեմբերից սկսվեց թուրքական զորքերի հեռացումը Անդրկովկասի գրավված տարածքներից։ Թուրքերը, որպեսզի դյուրացնեն Ադրբեջանի գործողությունները, անօրինական եղանակով Վրաստանին թողեցին Բորչալուի գավառը։ Չբավարարվելով նվիրաբերվածով, մենշեւիկները զորքը մտցրին Հայոց Գուգարաց աշխարհի մաս հանդիսացող Լոռի։ Հայաստանի կառավարությունը բազմիցս դիմեց վրացական կողմին՝ «վիճելի» հարցերը բանակցությունների միջոցով լուծելու առաջարկով։ Անտեսելով Հայաստանի դիրքորոշումը, վրացական կառավարությունը զավթեց նաեւ Ջավախքը։ Հայաստանի կառավարության հրամանով՝ գրավված տարածքների հայ բնակչությանը պաշտպանելու, Հայրենիքի անբաժանելի մասերը ազատագրելու նպատակով Դրոյի հրամանատարությամբ գործող հայոց բանակը դեկտեմբերի 15-ին սկսեց ռազմական գործողությունները։ Հայոց բանակը, ազատագրելով Լոռին, շարժվում էր Թիֆլիսի ուղղությամբ։ Իրադարձությունների այդպիսի զարգացումները ձեռնտու չէին դաշնակիցներին, եւ Անգլիայի ներկայացուցչի միջնորդությամբ դեկտեմբերի 28-ին ռազմական գործողությունները դադարեցին։ 1921թ., իբր եղբայրական հանրապետությունների թշնամանքը վերացնելու միտումով, Ստալինի ակտիվ մասնակցությամբ հայոց Ջավախքը բռնակցվեց Վրաստանին։

Հայկական Հանրապետության կազմավորման առաջին իսկ օրվանից օրակարգի հարց դարձավ ներքին թուրքերի ու քրդերի խնդիրը։

Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքերը հեռացան հանրապետության գրավյալ շրջաններից, հսկայական քանակի զենք ու զինամթերք, էմիսարներ թողեցին թաթարական շրջաններում, եւ սկսվեցին եռանդուն նախապատրաստությունները հանրապետությունը ներսից պայթեցնելու ուղղությամբ։ Ղեկավարվելով եւ ֆինանսավորվելով Թուրքիայից եւ Ադրբեջանից, թուրք անջատողականները իրենց «տարածքներից» քշում էին բնիկ հայերին, բռնագրավում շարժական ու անշարժ գույքը, անասունները։ Հանրապետության 21 շրջաններ չէին ենթարկվում Հայաստանի կառավարությանը, չէին կատարում իրենց քաղաքացիական պարտավորությունները, հրաժարվում էին հարկ վճարելուց, հանրապետության օրենքներին ենթարկվելուց։

Մեծ Վեդին, Արաքսի բարեբեր հովիտը, Արարատյան դաշտի բերքաշատ շրջանները, Զանգիբասարը թուրք-թաթարական ծրագրի համաձայն՝ Արտաշատ-Էջմիածին-Երեւան սահմանով, բաժանվելու էր հանրապետությունից եւ հռչակվելու էր անկախ Թաթարստան։

1920թ. թուրք-թաթարական ելույթներն ավելի սանձարձակ դարձան։ Արտաշատի, Գառնիի, Դարալագյազի, Զանգեզուրի շրջանները ենթարկվում էին պարբերական հարձակումների։ Թաթարական հրոսակները, ամրանալով Քյարքի եւ Սադարակ գյուղերում, սպառնում էին հանրապետությունից կտրել Վայոց ձորն ու Զանգեզուրը։ Հայաստանի կառավարությունը դիմեց կտրուկ միջոցների, եւ 1920թ. հունիսին զորքերը երկու օրում ճնշեցին Զանգիբասարի խռովարարներին, հուլիսին զենքերը վայր դրեցին Վեդիբասարի, Շարուր-Նախիջեւանի հրոսակներն ու ընդունեցին հանրապետության կառավարության իշխանությունը։ Հայկական հարցի ներերկրային խնդիրները լուծվեցին, եւ հանրապետությունը հնարավորություն ստացավ ուժերը կենտրոնացնելու հասունացող թուրք-բոլշեւիկյան վտանգի դեմ։

♦♦♦

Հայկական հարցը յուրօրինակ լուծում ստացավ Կիլիկիայում։ 1916թ. Անտանտի երկրների գաղտնի պայմանագրի համաձայն՝ Կիլիկիան թեեւ բաժին ընկավ Ֆրանսիային, սակայն այնտեղ, մինչեւ 1919թ., տեղավորվեցին անգլիացիները։ Նույն թվականի վերջերին ֆրանսիացիները իրենց թույլ ուժերով փոխարինեցին անգլիացիներին։ Հայերը ոգեւորություն ցուցաբերեցին` մտածելով, որ, «Հայկական լեգեոնի» ծառայությունները նկատի ունենալով, իրենց կտրվի առնվազն ինքնավարություն՝ Ֆրանսիայի հովանու տակ։

Անորոշ վիճակը շարունակվեց մինչեւ 1920թ. սկզբները։ Թուրքական զորքերը, թուրք-քրդական խուժանի հետ միացած, հարձակման անցան, որ Կիլիկիայից հեռացնեն ֆրանսիական ուժերին։ Բնական է, որ հայերը հարձակումը դիտելու էին որպես ապագա կոտորածների նախադուռ եւ դիմեցին ինքնապաշտպանության, դրանով իսկ թուլացնելով ֆրանսիացիների վրա գործադրվող ճնշումը։ Սակայն վերջիններս, փոխանակ հայերի հետ հակահարված տալու, որոշեցին նահանջել։ Օգտվելով առիթից եւ կոտրելով հայերի դիմադրությունը, թուրքերին հաջողվեց Մարաշում կոտորել 12000, Հաճընում՝ 6000 հայի։ Նախօրոք նահանջող ֆրանսիացիների հետ (1920թ. փետրվար) հայրենիքից հեռացավ 6000 հայ։ Հայերը, ճիշտ գնահատելով ֆրանսիացիների վերաբերմունքը, քանի դեռ նրանց զինվորական ներկայությունը առկա էր, որոշեցին կազմել սեփական անկախ իշխանություն։ Ֆրանսիան կտրականապես դեմ էր նման քայլին եւ Միհրան Տամատյանի 1920թ. օգոստոսի 4-ի կառավարության կազմումից հետո հրաժարվեց որեւէ օգնություն եւ աջակցություն ցույց տալ հայերին՝ պահանջելով ցրել ինքնավարական մարմինը, հանձնել զենքերը։ Մերժում ստանալուց հետո ավելի թշնամական դարձավ ֆրանսիացիների վերաբերմունքը։

1920թ. հոկտեմբերի 20-ին Անկարայի պայմանագրով Կիլիկիան նվիրվեց քեմալականներին։ Կոտորածներից փրկված հայերին մի կերպ հաջողվեց անցնել Սիրիա։

Հայկական հարցի միջանցիկ փուլի ավարտական փաստաթուղթը ծնվեց Լոզանում։ Ազգերի լիգայի 1921թ. սեպտեմբերի 21-ի Ընդհանուր ժողովը Հայկական հարցի մասին ընդունեց որոշում, որը հանգում էր հայերի համար ազգային օջախի ստեղծման գաղափարին՝ «լիովին անկախ Օսմանյան պետությունից»։ Սակայն որոշումը այդպես էլ չիրագործվեց եւ անկատար վիճակով փոխանցվեց Լիգայի 1922թ. նստաշրջանին։ Հաստատելով նախորդ որոշումը, նստաշրջանը ազգային օջախի ստեղծումը համարում էր անհրաժեշտություն, բայց Հայկական հարցը փոխանցում էր գլխավոր դաշնակից տերություններին, որպեսզի այն քննարկվի Թուրքիայի հետ առաջիկա բանակցությունների ընթացքում։

1922թ. մարտի 22-23-ին Փարիզում տեղի ունեցավ Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ներկայացուցիչների կոնֆերանս, որտեղ որոշվեց Հայկական հարցի լուծման համար դիմել Ազգերի լիգային։ Տերությունները, որ պատրաստվում էին Սեւրի պայմանագրի փոխարեն կնքել նոր պայմանագիր, չունենալով հստակ դիրքորոշում, Հայկական հարցը վերածել էին քաղաքական շահարկումների ասպարեզի, գործնական քայլեր չէին ձեռնարկում։ Այդպիսի խաբուսիկ, երեսպաշտ ձեւակերպումներով Հայկական հարցը մտցվեց 1922թ. գումարված Լոզանի կոնֆերանս։ Հայկական հարցն ընդգրկվեց «Տերիտորիալ եւ ռազմական հարցերի գծով» հանձնաժողովի օրակարգում։ 1922թ. դեկտեմբերի 12-ին հանձնաժողովի 13-րդ նիստում քննարկվեց Հայկական հարցը։ Հանձնաժողովը Քերզոնի զեկուցումով հաստատեց, որ՝ «Երբ դաշնակիցները ներգրավվեցին պատերազմի մեջ, նրանց նպատակներից մեկը Փոքր Ասիայում զգալի թիվ կազմող քրիստոնեական փոքրամասնությունների պաշտպանությունը եւ, հնարավորության դեպքում, նրանց ազատագրումն էր»։

Անգլիայի արտաքին գործերի նախարարը հայապաշտպան արտահայտություններով ոչ միայն ամրագրում էր պատմական ճշմարտությունը, ոչ միայն ճանաչում հայկական կոտորածները, տարածքային կորուստները, այլեւ հերթական անգամ ընդունում, որ հայաթափված ու Թուրքիային բռնակցված տարածքները հայության սեփականությունն են, որ հայկական օջախի ստեղծումը ոչ միայն հայերի, այլեւ նրանց բարեկամների ցանկությունն է։ Նախարարը հայասիրական ելույթում խնդրագիր է ներկայացնում թուրքական պատվիրակությանը, որպեսզի նրանք համաձայնվեն հայերին մի փոքր անկյուն հատկացնել Կիլիկիայում կամ Սիրիայի հարավարեւելյան սահմաններում, մինչդեռ, որպես հաղթող տերության ներկայացուցիչ, կարող էր առավել արմատական պահանջներ առաջադրել։ Ֆրանսիայի եւ Իտալիայի նախարարները նույնպես հանդես եկան ազգային օջախի գաղափարի օգտին։ Թուրքիայի արտաքին գործերի կոմիսար Իսմեթ փաշան երկար ու ձիգ նախաբանով ներկայացնելով Հայկական հարցի էությունը` թուրքական դաժանությունները համարեց Ռուսաստանի եւ մյուս տերությունների, հայկական հեղափոխական կազմակերպությունների գործունեության ու միջամտության արդյունքը։

Շարունակելի

Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Պատմության էջերից


19/03/2020