Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
40 ՏԱՐԻ՝ ՆՈՒՅՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ...
40 ՏԱՐԻ՝ ՆՈՒՅՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ…

40 ՏԱՐԻ՝ ՆՈՒՅՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ...Զրույց ՊՆ Կենտրոնական հոսպիտալի էնդոսկոպիկ կաբինետի պետ  Սամվել Գրիգորյանի հետ

 

Պարոն Գրիգորյան, 40 տարի նույն ճանապարհը Ձեզ տնից բերել է այս շենքը, որն այժմ բանակի կենտրոնական հոսպիտալն է, իսկ նախկինում հայտնի է եղել Երկաթգծի հիվանդանոց անվանմամբ: Սրտանց մաղթում եմ, որ այդ 40 տարիներին բազմաթիվ տարիներ ավելանան: Եվ ուզում եմ հարցնել՝ Ձեր ընտանիքում կամ հարազատների մեջ բժիշկներ կայի՞ն:

-Հայրս աշխատում էր «Հաղթանակ» զբոսայգում, մայրս՝ ռելեի գործարանում՝ որպես բանվորուհի: Մենք վեց երեխա էինք՝ երեք եղբայր, երեք քույր: Ես կրտսերն էի: Մինչեւ իմ ծնվելը մերոնք ապրում էին «դոմիկում», որը Մոնումենտի տարածքում էր: Հետո մեր «դոմիկն» այրվեց: Հայրս կարողացավ ամբողջ ընտանիքը անվնաս դուրս բերել տնից: Մեզ տվեցին երկու սենյականոց բնակարան «ստալինյան» շենքում, որը շքեղություն էր մեր 8 հոգանոց ընտանիքի համար «դոմիկից» հետո: Մանկության տարիներին ես տարված էի լուսանկարչությամբ: Նկարում էի ամեն գեղեցիկ անկյուն, զանազան պատկերներ, կենդանիներ… Տանը լուսանկարչական անկյուն ունեի, որտեղ երեւակում էի լուսանկարները: Ու երազում էի ճամփորդել…

Իսկ բժշկությո՞ւնը

-Երբ պատմեմ, թե ես ինչպես հայտնվեցի բժշկական ինստիտուտում, առաջին հայացքից կարող է թվալ, որ դա պարզապես պատահականություն էր: Բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր պատահականություն կանխորոշվածն իրագործելու հնարավորություն է: Իսկ հիմա ես ուզում եմ մի քանի խոսք ասել մորս մասին, որովհետեւ ոչ ոք ինձ՝ իմ հուզաշխարհի, իմ մտածելակերպի, իմ բարոյական ըմբռնումների վրա այնպես չի ազդել, ինչպես մայրս: Նա աշխատում էր առավոտից իրիկուն: Աշխատում էր հերթափոխով: Մենք՝ վեց երեխաներս, անվերապահորեն ենթարկվում էինք մորս: Նա երբեք մեզ վրա ձեռք չէր բարձրացնում, այդ հասարակ կնոջ խոսքը մեծ ուժ ուներ: Ու նրա բոլոր խրատները այն մասին էին, թե ինչպես անենք, որ կողքինի համար լավ լինի: Իմ ավագ քույրերն ու եղբայրները իրենց նախաձեռնությամբ գնացին գիշերօթիկ դպրոց, որ ցերեկները աշխատեն եւ օգնեն ծնողներին: Մեր ընտանիքում չար երեխա չկար, անկարգություն անող, մեծերին չլսող չկար: Ու այս ամենը՝ մորս շնորհիվ: Դեպի բժշկություն իմ ճանապարհը մորիցս սկսվեց:

Դպրոցն ավարտելուց հետո ես դիմեցի պատմության ֆակուլտետ: Բայց քննությունները չավարտած՝ հիվանդացա: Բժիշկներն ասացին, որ լարվածությունից ճնշումս բարձրացել է, հանգեցրել գլխապտույտների եւ ուշաթափության: Հայրս արգելեց շարունակել քննություններս: Այդ ընթացքում մենք ավելի հաճախ շփվեցինք բժիշկների հետ: Մի օր էլ հայրս ասաց. «Ավելի լավ է՝ դու բժիշկ դառնաս»…

Իսկ ե՞րբ  սկսեցիք սիրել Ձեր մասնագիտությունը:

-Երբ առաջին անգամ շփվեցի հիվանդի հետ: Ես սովորելուն զուգընթաց աշխատում էի Միքայելյան ինստիտուտի դիալիզի բաժնում: Բուժակ էի, հիվանդներին ու դիալիզի սարքերն էի նախապատրաստում գործողության: Մեր հիվանդները մահվան դատապարտված մարդիկ էին, նրանք ամենաշատը կարող էին ապրել երեք տարի. այն ժամանակ դեռ երիկամ չէին փոխպատվաստում: Ու այդ շփումներից ծնվեց մի յուրատեսակ կապ, որ լինում է բժշկի ու հիվանդի միջեւ: Կարեկցանք, պատասխանատվություն, պարտավորություն, նվիրում… Երբ օտար մարդը դառնում է քոնը: Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի անցա այս հիվանդանոցում, որն այն ժամանակ, ինչպես ասացիք, կոչվում էր Երկաթգծի հիվանդանոց, ու այստեղ եմ մինչ օրս:

Երբ հիվանդանոցը հանձնում էին պաշտպանության նախարարությանը, Դուք գլխավոր բժիշկն էիք, ճի՞շտ է

-Այո՛, բայց նախքան բանակին անդրադառնալը, ուզում եմ պատմել երկրաշարժի մասին: Ես գլխավոր բժշկի բուժգծով տեղակալն էի, ու երկրաշարժի օրը ե´ւ գլխավոր բժիշկն էր հիվանդ, ե´ւ տնտեսական գծով տեղակալը: Մի քանի ժամում հիվանդանոցը լցվեց վիրավորներով: Մայրաքաղաքում պարեկային ռեժիմ էր, ու ես մի քանի ժամ մնացի ոստիկանությունում, որ բժիշկների համար ազատ տեղաշարժվելու թույլտվություն ստանամ: Ավելի քան մեկ շաբաթ անկողին չմտա ու տուն չգնացի հիվանդանոցից: Նույնը՝ մեր բժիշկները: Նրանք անձնազոհաբար պայքարեցին վիրավոր մարդկանց ապրելու համար, գիշերը ցերեկ դարձրած հարյուրավոր կյանքեր փրկեցին:

Երբ այլեւս ոտքի վրա չէի կարողանում մնալ, գնացի տուն, որ գոնե երեք ժամ քնեմ, բայց տեսա, որ մեր տանը՝ մահճակալներին, հատակին, ամենուր, անկողիններ են փռված: Հեռու-մոտիկ բարեկամները բազմահարկ շենքերից եկել, հավաքվել էին մեր երկհարկանի տանը, որ փրկվեն նոր ցնցումներից: «Բալա՛ ջան, բա դու որտե՞ղ ես քնելու»,- հառաչեց մայրս՝ ինձ տեսնելով: Ասացի. «Եկել եմ՝ շորեր վերցնեմ»: Ու վերադարձա հիվանդանոց: Հայ բժիշկները մարդասիրության աննախադեպ օրինակներ են տվել ու հրաշալի ավանդույթներ են փոխանցել երիտասարդ սերնդին:

…Երբ հիվանդանոցը հանձնեցինք պաշտպանության նախարարությանը, կարճ ժամանակ անց այն լցվեց վիրավոր սպաներով ու զինվորներով: Սահմաններին ընդհարումները շարունակվում էին, ու վիրավորների հոսքը միշտ կար: Սկզբում և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես շատ դժվար էր: Հետո… լարվածությունը դարձավ առօրյա, մարդկային կյանքի համար չավարտվող պայքարը՝ ապրելակերպ: Կենցաղային դժվարությունների մասին էլ չեմ խոսում: Հոսանքի, ջրի անջատումները, զրկանքները, կարիքը… Ինչ ծանր կացությունից դուրս եկանք, ինչպիսի դժվարություններ հաղթահարեցինք… Դիմացանք ու եկանք, հասանք աշխարհի վազքին… Ես այդ մեծ հաղթանակի մասնիկն եմ:

Ձեր երեխաներից որեւէ մեկը շարունակո՞ւմ է Ձեր գործը:

-Ո՛չ։ Աղջիկներս իմ դժվարությունները տեսնելով՝ վախեցան եւ ուրիշ մասնագիտություններ ընտրեցին: Բժշկի աշխատանքը նվիրում է, ինքնազոհություն, եթե պատրաստ չես դրան, պիտի հեռու մնաս այդ մասնագիտությունից: Բժիշկների երիտասարդ սերունդ է գալիս հոսպիտալ՝ ավյունով լեցուն, նվիրված… Մի ժամանակ ես ոչ միայն անուններով գիտեի բոլոր բժիշկներին, այլեւ ծանոթ էի բոլորի կենսագրությանը, դարդ ու ցավին: Հիվանդանոցն իմ ընտանիքն էր, ու ամեն քայլափոխի հարազատ ու սիրելի դեմքերի էի հանդիպում: Հիմա շատերին չեմ ճանաչում, ու թախծի հետ մի մեծ ուրախություն կա, որ մենք՝ իմ սերունդը, ամենածանր տարիներին պատվով կրեց զինվորական բժշկի ծանր խաչը ու այն կտակեց երիտասարդներին:

Ո՞րն է բժշկի երջանկության բանաձեւը, որը 40 տարի աշխատել է նույն հիվանդանոցում:

-Երջանկություն է, երբ ապրած տարիներդ անպտուղ չեն: Երբ հետ ես նայում ու տեսնում ես, որ անցած ճանապարհդ լի է վաստակով: Երբ գործդ շարունակող կա, ու այն, ինչ թանկ ու սիրելի է քեզ համար, սիրված ու պաշտպանված է:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ 

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ