Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻ ԵՎ ՀՄՄ-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԸ



ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանի համաձայն` օրերս «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում անցկացվեցին տանկային և ՀՄՄ-ների լավագույն անձնակազմերի մրցումներ: Մասնակից անձնակազմերի միջև ծավալվեց լուրջ մրցակցություն: Նրանք քննություն հանձնեցին տարբեր առարկաներից` ֆիզիկական, շարային, տեխնիկական պատրաստություն, մարտավարություն և այլն: Քննական հանձնաժողովի անդամները ստուգեցին մասնակիցների` կանոնադրությունների պահանջներին, մասնագիտական գիտելիքներին տիրապետելու աստիճանը: Տեսական հատվածից հետո մեքենավարման դաշտում բոլոր անձնակազմերը հաջորդաբար կատարեցին մեքենավարման և մարտական հրաձգության խնդիրներ: Առաջադրանքներից մեկի ժամանակ էլ նրանք մարտական տեխնիկայով հաղթահարեցին անծանոթ երթուղով արգելագոտին` պահպանելով որոշակի կանոններ, և հնարավորինս արագ (նորմացույցի պահանջների սահմաններում) վերադարձան կայանատեղի:

Տանկիստների համաբանակային մրցույթում հաղթող ճանաչվեց Տ-72 տանկի հետևյալ անձնակազմը` տանկի հրամանատար կրտսեր սերժանտ Գոռ Սարգսյան, նշանառու-օպերատոր շարքային Մհեր Հակոբյան, մեխանիկ-վարորդ շարքային Աղասի Ղարիբյան: Այս տղաները բոլոր դեպքերում գնահատվել են գերազանց, մարտական հրաձգության ժամանակ խոցել են բոլոր թիրախները և արժանիորեն դարձել մրցույթի հաղթող: Նշենք, որ նույն զորամասը ներկայացնող անձնակազմերը արդեն երրորդ տարին անընդմեջ ճանաչվում են հանրապետության զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմ: Նման փաստը ինքնին խոսում է զորամասում մարտական պատրաստության բարձր մակարդակի, ուսումնական գործընթացի արդյունավետության մասին: Մյուս անձնակազմերը նույնպես լավ պատրաստվածություն են ցուցաբերել, սակայն փոքրիկ սխալներ են թույլ տվել, ինչն էլ իջեցրել է նրանց ընդհանուր գնահատականը:

ՀՄՄ-1-երի և ՀՄՄ-2-ների մրցույթում համապատասխանաբար հաղթել են հետևյալ անձնակազմերը` ՀՄՄ-1-ի հրամանատար կրտսեր սերժանտ Գագիկ Ղազարյան, նշանառու-օպերատոր եֆրեյտոր Գագիկ Մուրադյան, մեխանիկ-վարորդ եֆրեյտոր Վահրամ Պետրոսյան, ՀՄՄ-2-ի հրամանատար կրտսեր սերժանտ Հրաչ Հակոբյան, նշանառու-օպերատոր շարքային Արամ Սարգսյան, մեխանիկ-վարորդ շարքային Արամ Գրիգորյան: Տանկային և ՀՄՄ-ների անձնակազմերի մրցույթի հաղթողները պարգևատրվել են թանկարժեք նվերներով և պատվոգրերով:

Հավելենք, որ ընդհանուր առմամբ մրցույթի ընթացքում անձնակազմերը որևէ նոր բան չեն կատարել: Ցույց են տվել իրենց առօրյա դասընթացների, գործնական վարժանքների ժամանակ սովորածը, այն ամենը, ինչ պարտավոր են անել հնարավոր մարտական գործողությունների ժամանակ:

Ա.Ա.

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Ազգային բանակ


02/11/2011