Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԻՇԱՏԱԿԵԼԻ ՔԱՋՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԻՇԱՏԱԿԵԼԻ ՔԱՋՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԻՇԱՏԱԿԵԼԻ ՔԱՋՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ ժողովրդի պատմությունը հնուց ի վեր լի է բազմաթիվ պատերազմների, ճակատամարտերի, ազգային-ազատագրական երկարատեւ պայքարի բազմաթիվ դրվագներով։ Իբրեւ աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, հայերը եւս անմասն չեն մնացել հողագնդի տարբեր ծագերում բռնկված խռովություններից, հակամարտություններից ու կռիվներից, շատ հաճախ հենց բուն Հայաստանն է դարձել դրանց արյունոտ թատերաբեմը։ Դարերի հոլովույթում, պատահել է, իբրեւ գերտերություն, հայերն են հաղթական արշավանքի ելել հարեւան երկրների դեմ, եւ, պատահել է, Հայաստանը թուլանալով, ակամա դարձել է կռվախնձոր հզորացած պետությունների միջեւ։ Այդպես քայլ առ քայլ կերտվել է այս հնագույն ժողովրդի պատմությունը, այդպես քայլ առ քայլ հաղթանակներով, նահանջներով ու պարտություններով հարյուրամյակներ շարունակ հայերը պահպանել են իրենց գոյությունը, ոգին, լեզուն ու մշակույթը՝ մի առանձնահատուկ քաղաքակրթություն, որն այսօր աշխարհին հայտնի է զուտ «հայկական» անվանումով։

 

Յուրաքանչյուր դարաշրջան տվել Է ազգային իր հերոսը՝ լինի թագավոր, թե նշանավոր նախարար, եկեղեցական գործիչ, թե հասարակ զինվոր։ Բոլոր դեպքերում հայ մարդն Է անձնազոհ նվիրվածությամբ կերտել հերոսականության իր յուրօրինակ տեսակը, կերպարը։ Շատերի անունը պատմությունը չի հասցրել արձանագրել, բայց շատերն էլ, փառավորվելով, մնացել են իբրեւ հավերժական ուղեցույց-փարոս. ճշգրիտ ապրելու օրինակ գալիք սերունդների համար։ Եվ, բնականաբար, հայ մատենագիրներն անարձագանք չեն թողել պատերազմական դրվագները՝ հայ թագավորների եւ իշխանների գործունեության այդ չափազանց կարեւոր ասպարեզը։ Նրանց աշխատություններն ինչ-որ տեղ հենց այդ դրվագների հավաք նկարագրությունն են, դրանց յուրատեսակ ամփոփագիրը։ Գրչագրերում, շատ հաճախ չափազանցված եղանակով, շատ հաճախ ժողովրդական զրույցներին հատուկ առասպելական-հեքիաթային պատկեր-շղարշով փառաբանվել են պատմական հայրենասեր անձնավորությունները եւ, ընդհակառակը, անագորույնս խարազանվել են դավաճաններն ու դավաճանությունը, անմիաբանությունը, հայ ժողովրդի անկախության սուրբ ուխտը չարանենգ դրժողները։ Մեր պատմիչների՝ առանձին ճակատամարտերի նկարագրություններն, իրենց վավերականությամբ հանդերձ, նաեւ գեղարվեստական հաճույք են պատճառում ընթերցողին, նրան վարակում հայրենասիրությամբ, հերոս նախնիների օրինակով։ Դրանք այնքան գեղեցիկ, գեղարվեստական խոսքի ազդեցիկ պատկերներով են վերարտադրված, որ, թվում Է, այս կամ այն ճակատամարտը կայացել է ոչ թե հեռու-հեռավոր անցյալում, այլ՝ մեր օրերում, մեր կողքին։ Մենք տեսնում եւ զգում ենք մեր քաջ նախնիների հոգեկան ապրումները կռվի գնալուց առաջ, կռվի ընթացքում եւ դրա հաղթական ավարտից կամ, ասենք, պարտությունից հետո։ Իբրեւ ընթերցող մենք այդ բոլորի ակամա մասնակիցն ենք դառնում։ Մատենագիրների նկարագրություններից շատ հատվածներ, պատկերավոր արտահայտություններ այսօր դարձել են թեւավոր խոսքեր, ապրում են նորանոր սերունդների հոգում եւ ապրեցնում նրանց։ Ահա, օրինակ, 5-րդ դարի պատմիչ Եղիշեի «Քաջերի սահմանն իրենց զենքն է» կամ էլ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն» արտահայտությունը քանի՜ քանիսն են կրկնել հետագայում, քանի՜ քանիսին Է ոգեպնդել ու տարել կենաց եւ մահվան կռվի, այսինքն՝ անմահության։

Մեր օրերում փոխվել, կատարելագործվել են միայն զինատեսակները, իսկ պատերազմների պատճառն ու էությունը, դրանց ընթացքը, կռվի գնացող զինվորի հոգեբանությունը գրեթե ամբողջությամբ մնացել են նույնը։ Տարբեր երկրների փոխադարձ շահերի բախումը, մարդկանց ընչաքաղցությունը, ավարառության ձգտումը, ուրիշի ունեցվածքին տիրանալու մղումը, նաեւ ազգային-ազատագրական պայքարի սուրբ նահատակ դառնալու ներքին ոգին, հերոսությունը, անձնազոհությունը, սեփական ունեցվածքը պաշտպանելը եւ բազմաթիվ այլեւայլ հատկանիշներ ուղեկցել են մարդկությանն անցյալում, ներկայում, ուղեկցել են նաեւ ապագայում։ Այս ամենի գիտակցությունն ունեին մեր մատենագիրները, ովքեր գրական հուշարձան են կերտել ոչ միայն իրենց ժամանակակիցների, այլեւ ապագայի համար։ «Որովհետեւ թեպետ մենք փոքր ածու ենք եւ շատ սահմանափակ թվով, եւ շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված,- գրել է Մովսես Խորենացին,- բայց եւ այնպես մեր աշխարհում էլ քաջության շատ գործեր կան գործված՝ գրելու եւ հիշատակելու արժանի»։

Դրա համար էլ նրանց երկերում ռազմի տեսարանները, մանավանդ հաղթական ճակատամարտերի նկարագրությունները կենդանի են ու գրավիչ, ներկայացված հազար ու մի մանրուքներով, գործող անձանց հոգեբանությունը բացահայտող երկխոսություններով, մենախոսություններով, տպավորիչ պատկերներով։ Նման տեսարաններում առկա են ե՛ւ ռազմի թմբուկների ու երգերի ներգործուն հնչյունները, ե՛ւ Աստծո պահապան խաչի զորությունը, ե՛ւ հայրենի հողի՝ նույնիսկ թուլակամին ոգի տվող ուժը, ե՛ւ պատերազմում հաղթելու» մեծաքանակ թշնամուն ծուղակը գցելու, նրա շարքերում խուճապ առաջացնելու ռազմական խորամանկությունն ու հնարամտությունը։ Մի խոսքով՝ մեր մատենագիրների աշխատություններն ինչ-որ տեղ նաեւ յուրօրինակ ռազմական դասագիրք են, որոնցից պարտավոր են օգտվել այսօրվա զինվորն ու զորավարը, այսօրվա ազգային բանակի զինվորական օրենսդիրը։

Հայ ժողովրդի մղած եւ պատմիչների հիշատակած կռիվների բազմաթիվ նկարագրություններից ներկայացնում ենք երկու նմուշ։ Մեկը, որ Փավստոս Բուզանդինն է, մեզ տեղափոխում է 4-րդ դար՝ հայոց Խոսրով Մեծ թագավորի ժամանակը, երբ հայերը հերոսաբար դիմակայել են մեր երկիր ներխուժած մասքութների դեմ։ Իսկ մյուս՝ Մատթեոս Ուռհայեցու վկայությունը վերաբերում է 12-րդ դարին, երբ Կիլիկիայի Թորոս իշխանն արդարացիորեն լուծում է դավադրաբար սպանված Գագիկ Երկրորդ Բագրատունու արյան վրեժը։

 

ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ

Այն ժամանակ մասքութների Սանեսան թագավորը սաստիկ բարկանալով՝ թշնամացավ իր ազգակից Հայոց Խոսրով թագավորի հետ եւ ժողովեց-գումարեց բոլոր զորքերը, եկավ-անցավ սահմանը՝ մեծ Կուր գետը, ու սփռվեց ու լցրեց Հայոց աշխարհը։ Թիվ չկար նրա հեծյալ գնդերի բազմությանը եւ ոչ հաշիվ՝ հետեւակ զորքին, որովհետեւ իրենք էլ չէին կարողանում իրենց զորքը համարել։ Բայց երբ մի նշանավոր երեւելի տեղ էին հասնում եւ հանդես էին կազմում ըստ գնդերի, դրոշակների եւ վաշտերի՝ հրամայում էին, որ ամեն մի մարդ մի ձեռքի քար բերի՝ մի տեղ ածեն, կույտ կազմեն, որպեսզի ինչքան որ լինի՝ նրանով էլ հասկացվի բազմության չափը, եւ ապագայի համար մնա անցած օրերի այս ահավոր նշանը։ Եվ որտեղից որ անցնում էին՝ այսպիսի նշաններ էին թողնում ճանապարհների խաչվող տեղերում, պողոտաների վրա։ Նրանք եկան, լցվեցին, հայոց ամբողջ երկիրը ծածկեցին, քանդեցին, գերեցին, միանգամայն ավերեցին, երկրի բոլոր սահմաններում ծավալվեցին մինչեւ Սատաղու փոքրիկ քաղաքը, մինչեւ Գանձակ՝ Ատրպատականի սահմանում։

Այս ժամանակ եկավ-հասավ Մեծ Հայքի զորավար Վաչեն` Արտավազդի որդին, Մամիկոնյան տոհմից, որն այդ ժամանակ երկար ճանապարհորդություն էր կատարել հունաց կողմերում։ Նա ժողովեց նախարարներից քաջերին, խիստ բազմամարդ գունդ կազմեց եւ հարձակվեց Սանեսանի բանակի վրա լուսադեմին՝ եկեղեցական պաշտոն կատարելու ժամանակ։ Նրանք բանակ էին դրել Ցլու Գլուխ կոչված լեռան վրա։ Վաչեն նրանց բոլորին սրի անցկացրեց, ոչ մեկին ողջ չթողեց եւ գերիների բազմությունը ետ դարձրեց։ Հետո ժողովեց ավարը եւ գնաց իջավ Այրարատյան գավառի դաշտը։ Այնտեղ նա Վաղարշապատ քաղաքում գտավ մասքութների Սանեսան թագավորին՝ բուն գնդի հետ, որ անհամար բազմություն էր կազմում։ Վաչեն հանկարծակի հարձակվեց քաղաքի վրա, եւ Տերը նրանց նրա ձեռքը մատնեց։

Երբ թշնամիները տեսան նրա հարձակումն իրենց վրա, քաղաքից դուրս եկան, փախան դեպի առապարը, Օշական բերդի կողմը՝ ապավինելով այն անապատին ու քարքարոտ տեղերին։ Սաստիկ մեծ պատերազմ եղավ։ Եվ հայոց զորավարի նիզակակիցները, որ էին Բագրատ Բագրատունին, Մեհունդակ եւ Գարեգին Ռշտունիները եւ Ամատունյաց տոհմի նախարար Վահանը եւ Վարագ Կամինականը, հասնում-զարնում-ջարդում էին ալանների, մասքութների, հոների եւ մյուս ազգերի զորքերը եւ ամբողջ առապարի դաշտը լցնում էին մեռածների դիակներով, այնպես որ՝ արյունը գետի նման առատ հոսում էր, եւ թիվ չկար սպանված զորքերին։ Սակավաթիվ մնացորդներին էլ առաջ առնելով՝ հալածում էին մինչեւ Բաղասճիների աշխարհը։ Սանեսան մեծ թագավորի գլուխն էլ բերում էին Հայոց թագավորին։ Իսկ նա երբ տեսավ, սկսեց լալ ու ասաց. «Իմ եղբայրն էր, Արշակունի ցեղից»։ Այնուհետեւ թագավորը Հայոց մեծ եպիսկոպոսապետի հետ եկավ ճակատամարտի տեղը։

 

ՄԱՏԹԵՈՍ ՈՒՌՀԱՅԵՑԻ

Այդ տարին Աստված մի հզոր մարդու՝ Հայոց մեծ իշխան Թորոսի՝ Ռուբենի որդի Կոստանդինի որդու ձեռքով վրեժխնդիր եղավ Գագիկ Շահնշահի՝ Աշոտ Բագրատունու որդու անմեղ արյան համար։ Թորոսի օրոք Հայոց Գագիկ արքային սպանողները բնակվում էին Կոնդռոսկավիս կոչվող շատ ամուր եւ բարձր, ամեն կողմից անառիկ բերդում։ Մանդալեի որդիները, երեք եղբայրներ, դեռ ողջ էին, որոնցից մեկը, Թորոսի հետ ունեցած խնամիական կապերի պատճառով, մտերմական հարաբերությունների մեջ էր նաեւ նրա հետ. նրանք խոստացել էին բերդը Թորոսին հանձնել, քանի որ այն սահմանակից էր Թորոսի գավառին՝ Ձկնջուր կոչվող եւ Գամիրքին լեռնահայաց վայրում։ Այդ տարին Հայոց իշխանը փոքրաթիվ զորքով բարեկամական նպատակով ելավ-գնաց նրանց մոտ։ Իջնելով այդ սահմանները՝ նրանց գրություն ուղարկեց՝ տեղեկացնելով իր գալստյան մասին։ Գագիկին սպանողներից մեկը նվերներով եկավ Թորոսի մոտ. վերջինս պատվեց նրան։ Ժամանողը՝ որպես փոխադարձ նվեր, Թորոսին տվեց մի թանկարժեք դանակ եւ մի հագուստ։ Նրանք կերան ու խմեցին։ Թորոսն ասաց նրան. «Դուք ինձ բերդն եք խոստացել, տվեք այն եւ իմ համայն տիրույթներից որ մեկում ուզեք` հաստատվեցեք»: Բայց նա ուրացավ անցյալում տված խոստումը եւ ասաց Հայոց իշխանին. «Մենք չենք կարող բերդը հանձնել, քանզի այն մեր հայրենական կալվածքն է եւ տոհմի բնակատեղին»։ Թորոսը հասկացավ, որ խաբել են իրեն եւ վերադարձնելով ստացած նվերները՝ զայրացած ասաց. «Ելի՛ր, գնա՛ քո տունը, բայց այսուհետեւ զգուշացեք ինձանից»։ Աստվածասպանը ելավ-գնաց իր տունը։ Թորոսն էլ նրա ներկայությամբ ճամփա ընկավ դեպի իր տունը, բայց երբ սպանողը չքվեց, նա իր զինվորներով գիշերը մոտեցավ բերդին, հետեւակազորին դարան դրեց, իսկ ինքը հեծյալներով հեռացավ դեպի ագարակները՝ մտադիր լինելով ասպատակել շրջանը։ Առավոտյան բերդաբնակ ժողովուրդը բերդից դուրս եկավ, բայց, տեսնելով դարան մտած զինվորներին, փախուստի դիմեց։ Թորոսի զինվորները սկսեցին բարձրանալ բերդ տանող զառիվերով։ Բերդաբնակ ժողովուրդը, տեսնելով նրանց, փակեց բերդի դուռը, իսկ նրանք, տիրանալով դռանը դրսից, կռիվ սկսեցին եւ բերդի ձեղունի վրա կրակ գցեցին, այն սաստիկ բորբոքվեց։ Բերդի բնակիչները տեսնելով դա՝ բացեցին մյուս կողմի դուռը եւ փախան։ Թորոսի զինվորները գրավեցին բերդը, բռնեցին փախստականներին, ապա տեղի ունեցածի մասին գնացին-զեկուցեցին Թորոսին։ Նա շատ զարմացավ եւ ուրախացած եկավ Կոնդռոսկավիս բերդը։ Ներս մտնելով՝ նա ստուգեց նրանց գանձատունը, քանզի ամբողջ գավառի ոսկին եւ արծաթը այնտեղ էր պահվում. Թորոսն ասաց Մանդալեի որդիներին. «Ինձ բերեք Հայոց թագավոր Գագիկի թուրը եւ հանդերձները»։ Նրանք բերեցին։ Թորոսը տեսնելով դրանք՝ դառնագին արտասվեց։ Լաց եղան եւ բոլոր զինվորները։ Եղբայրներից մեկը պահապան զինվորներին խնդրեց իրեն տանել քարաժայռը՝ ջուր թափելու։ Նրան տարան, բայց նա իրեն բարձր ժայռից ցած գցեց եւ չարաչար սատակեց։ Մյուս եղբայրն սկսեց սպառնալ Թորոսին՝ լրբորեն ասելով. «Դու հայ մարդ ես, իսկ մենք՝ հոռոմ իշխաններ, դու հոռոմոց կայսեր ի՞նչ պատասխան պիտի տաս, որ դատաստան ես տեսնում հոռոմ մարդու հետ»։ Թորոսը գազազեց, նրա երեսի գույնը փոխվեց։ Նա երկաթե մի մահակ վերցրեց եւ, գազանի պես նրա վրա հարձակվելով, ասաց. «Ո՞վ էիք դուք, որ հզոր մարդուն՝ Հայոց օծյալ թագավորին սպանեցիք, կամ ի՞նչ պատասխան տվեցիք հայ ժողովրդին», եւ լալախառն սկսեց անխնա հարվածել նրան, մինչեւ որ դառն մահվամբ սատակեց։

 

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ