Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԳԵՈՐԳԻ ԱՐԿԱԴԻԻ ԱՌՈՒՍՏԱՄՈՎ (ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ)

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1919թ. օգոստոսի 16-ին Կիսլովոդսկում (Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան), բանվորի ընտանիքում:

Գեորգի Արկադիի Առուստամովը Խորհրդա-ֆիննական եւ Հայրենական մեծ պատերազմների մասնակից է, խորհրդային զորային հետախույզ, գվարդիայի ավագ լեյտենանտ:

Կիսլովոդսկում գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Խարկովի էլեկտրատեխնիկական ինստիտուտ, սակայն 1-ին կուրսն ավարտելուց հետո 1939թ. զորակոչվել է Կարմիր բանակ:

1939թ. կեսին Կարմիր բանակի շարքերում մասնակցել է Արեւմտյան Ուկրաինայում խորհրդային զորքերի ռազմարշավին, անմիջականորեն մասնակցել 1939-1940թթ. Խորհրդա-ֆիննական պատերազմին: Ավարտել է Ս.Օրջոնիկիձեի անվան ռազմական հետեւակային ուսումնարանը:

1941թ.-ից Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: 1944թ. նոյեմբերին կռվել է Ուկրաինական 1-ին ռազմաճակատի 21-րդ բանակի գվարդիական 26-րդ հեծելագնդի շտաբի հետախուզության սպայի կարգավիճակում՝ գվարդիայի ավագ լեյտենանտի կոչումով:

…1945թ. հունվարի 21-ին Տոստ քաղաքի (Վերին Սիլեզիա) մոտ տեղի ունեցած ճակատամարտի ընթացքում հետախուզական տվյալների հիման վրա պարզվեց, որ հիտլերականները պատրաստվում են հարձակվող գնդի դեմ հակահարձակվել հարավից՝ դրանով իսկ ձախողելով Բուխենաուի շրջանում Օդերի ափերին հասնելու գործողությունը: Գերմանական հակահարձակումը կանխելու նպատակով հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ուղարկվեց ջոկատ՝ հեծելավաշտի (էսկադրոնի) ու 7 տանկի կազմով: Հեծելավաշտը նախապես հապշտապ տեղաբաշխեցին տանկադեսանտով: Այդ գործողությանը իբրեւ կամավոր մասնակցում էր նաեւ Առուստամովը:

1945թ. հունվարի 22-ի լուսաբացին Բիշոֆստալ բնակավայրի (այժմ՝ Ույազդ, Օպոլսկի վոյեվոդություն, Լեհաստան) մոտ մարտ սկսվեց: Հակառակորդը գնդակոծեց տանկադեսանտը, իսկ ջրանցքի մյուս կողմում տեղաբաշխված գերմանական զենիթահրետանին կրակ բացեց տանկերի ուղղությամբ: Առուստամովը ոտքից վիրավորվեց, բայց շարունակեց մարտը: Նրա գլխավորած հետախուզադիվերսիոն համահավաք ջոկատը ոչնչացրեց ու գերեվարեց հակառակորդի 200 զինվորի ու սպայի, խոցեց 2 տանկ, 2 զրահամեքենա եւ մի քանի հրանոթ: Գվարդիայի ավագ լեյտենանտ Առուստամովն անձամբ ոչնչացրեց 20  ֆաշիստի: Ոչնչացնելով հակառակորդին՝ ջոկատն ինքն էլ մեծ կորուստներ կրեց, զոհվեց նաեւ հետախուզության շտաբի պետի օգնական, գվարդիայի ավագ լեյտենանտ Առուստամովը:

1945թ. հունիսի 27-ին գվարդիայի ավագ լեյտենանտ Գեորգի Արկադիի Առուստամովին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):

Կիսլովոդսկում Գեորգի Առուստամովի անունով կոչված է փողոց, այն դպրոցի առջեւ, ուր սովորել է հերոսը, կանգնեցված է նրա հուշարձանը, իսկ կրթօջախի շենքի պատին նրա հուշատախտակն է:

Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Ճակատագրեր


12/03/2020