Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՍՈՒՐԵՆ ՍՄԲԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1911թ. նոյեմբերի 8-ին Տաթև գյուղում (այժմ՝ Գորիսի շրջան, Հայաստան), գյուղացու ընտանիքում։

Սուրեն Սմբատի Առաքելյանը Հայրենական մեծ պահերազմի մասնակից է, ավագ սերժանտ:

1935թ. ծառայել է Կարմիր բանակում: 1941թ. վերստին զորակոչվել է:

Գործող բանակում եղել է1942թ. օգոստոսից: 89-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մարտնչել է Անդրկովկասյան եւ Հյուսիսկովկասյան ռազմաճակատներում: Սկզբում մասնակցել է Կովկասի համար ճակատամարտի պաշտպանական, այնուհետեւ հարձակողական մարտերին: 1942թ. աշնանը 9-րդ բանակի կազմում մասնակցել է Մոզդոկ-Մալգոբեկյան, այնուհետեւ Նալչիկ-Օրջոնիկիձե հարձակողական գործողություններին, որոնց արդյունքում կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը դեպի Կովկաս:

1943թ. հունվարին 58-րդ բանակի կազմում մասնակցել է գերմանական բանակների Ա խմբի ջախջախման եւ Հյուսիսային Կովկասի ազատագրման նպատակով անցկացված ստավրոպոլյան ուղղության հարձակողական գործողությանը: Հունվարի 1-ին բանակի զորքերը գետանցել են Թերեքը: Հունվարի 3-ին 89-րդ հրաձգային դիվիզիան ազատագրել է Մալգոբեկ քաղաքը: Շարունակելով հարձակումը Պրոխլադնոյեի եւ Միներալնիե Վոդիի ուղղությամբ՝ 58-րդ բանակը հունվարի 24-ին հասել է Արմավիր քաղաքի հյուսիս-արեւմուտքը եզերող շրջան, ուր վերաենթարկվել է Հյուսիսկովկասյան ռազմաճակատին:

Հետագա հարձակմամբ 58-րդ բանակի զորքերը 1943թ. փետրվարի սկզբին հասել են Ազովի ծովափ, այնուհետեւ ռազմաճակատի գլխավոր հարվածային խմբավորման կազմում մասնակցել Կրասնոդարի գործողությանը:

1943թ. սեպտեմբերի 9-ին սերժանտ Առաքելյանը 18-րդ բանակի կազմում մասնակցել է Նովոռոսիյսկ-Թամանյան ռազմավարական գործողությանը, որի ընթացքում նրա 89-րդ դիվիզիան Թամանյան թերակղզու մատույցներում ազատագրել է Կրասնոդարի երկրամասի բնակավայրերը: Կռվի բոլոր ճակատներում ցուցաբերած իր անվախության համար Առաքելյանը վաստակել է Կորյուն Տաթեւացի պատվանունը:

1943թ. սեպտեմբերի 23-ին Կուրբացկի խուտորի ամրացված բարձունքի համար մղված մարտում դասակի հրամանատար Առաքելյանը ցուցաբերել է արիություն ու սխրանք: Նա աննկատ մոտեցել է թշնամական դզօտին եւ նռնակներ նետել ներս: Գնդացիրը միառժամանակ լռել է, մարտիկները շարժվել են առաջ եւ շրջապատել հակառակորդին, սակայն թշնամին անսպասելի կրակել է… Իր մարմնով փակելով դզօտի հրակնատը՝ ավագ սերժանտը զոհվել է:

1944թ. մայիսի 16-ին ավագ սերժանտ Սուրեն Սմբատի Առաքելյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):

Հանգչում է Կրասնոդարի մարզի Անապայի շրջանի Կուրբացկի խուտորում, ուր նրա հիշատակին կանգնեցված է կոթող:

Սուրեն Առաքելյանի անունով են կոչվում Գորիս քաղաքի փողոցներից մեկը, Տաթեւ գյուղի միջնակարգ դպրոցը: Կրթօջախի առջեւ կանգնեցված է նրա հուշարձանը, իսկ պատին կա հուշատախտակ: