Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՓՈՓՈԽԸ ԶԻՆՎՈՐԻ ՍԵՐՆ Է...
ԱՆՓՈՓՈԽԸ ԶԻՆՎՈՐԻ ՍԵՐՆ Է…

ԱՆՓՈՓՈԽԸ ԶԻՆՎՈՐԻ ՍԵՐՆ Է...Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին է Զանգակատուն գյուղը՝ նախկին Չանախչին, որն ի պատիվ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» ստեղծագործության՝ 1991թ. վերանվանվել է Զանգակատուն: Գյուղը սահմանի պռնկին է եւ սահմանամերձ մյուս բնակավայրերի նման ապրում-արարում է պատերազմի եւ խաղաղության սահմանագծին:

Սահմանին ապրողները առանձնահատուկ սեր ու ակնածանք ունեն զինվորի եւ զինվորականի հանդեպ՝ իրենց խաղաղ կյանքի երաշխավորներն են, իրենց անվտանգությունն ապահովողները: Տեսնել է պետք, թե ինչ պատվով ու գորովանքով են ճանապարհ դնում բանակ զորակոչվող զինվորներին, իսկ բանակից վերադարձողներին ինչ հանդիսավորությամբ դիմավորում: Ամբողջ գյուղը հավաքվում է զորացրվածի ընտանիքում, ու օրը տոն է դառնում:

Կրտսեր սերժանտ Դավիթ Ղազարյանը վերջերս է զորացրվել՝ հունվարի 17-ին: Երկու տարի առաջ այդ օրն իր համագյուղացի երկու ընկերների հետ զորակոչվեց, երկու տարի հետո հենց նույն օրն էլ վերադարձան: Գյուղը հրավառությամբ ընդունեց հայրենիքի պաշտպաններին:

Դավիթը բարեխիղճ, նվիրված ծառայության համար արժանացել է շնորհակալագրերի, անցյալ տարի՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, կրակային պատրաստությունից լավ արդյունքներ ցուցաբերելու համար խրախուսվել է արձակուրդով:

-Բանակն ինձ լավ ընկերներ տվեց՝ եղբոր նման հարազատ, որոնց հետ միասին կիսել ենք բանակային կյանքի դժվարություններն ու ուրախությունները: Հիմա Հայաստանի որ անկյունում էլ լինեմ, ջերմ, սրտաբաց ընդունելության կարժանանամ. գրեթե ամեն վայրում  բանակային ընկերներ ունեմ:

Դավիթը ասել-խոսելու հետ առանձնապես սեր չունի: Ասում է՝ մեր պարտքն ենք կատարել. ամեն հայ տղա էլ պետք է ծառայի, զենք բռնի ու հայրենիքը պաշտպանի:

Որքան որ սակավախոս է Դավիթը, նույնչափ խոսքաշեն է Դավիթի տատիկը՝ Քանաքարան:

-Թոռս ծնողներից, ինձանից լավ դաստիարակություն է ստացել՝ հայրենասեր ոգով:

Քանաքարա տատի ամուսինը Արցախյան պատերազմի մասնակից է եղել: Կռվել է Երասխավանում, Քարվաճառում, կռիվներից մեկի ժամանակ վիրավորվել: Տատն ինքն էլ այդ տարիներից հիշողությունների մի անսպառ պաշար ունի հոգու մեջ անթեղած: Տարբեր դրվագներ է հիշում պատերազմական օրերից, կռվող տղերքի հերոսությունից, զինվորի թիկունքին ամուր  կանգնած  գյուղից է պատմում:

ԱՆՓՈՓՈԽԸ ԶԻՆՎՈՐԻ ՍԵՐՆ Է...-Խնձորկուտի կռիվների ժամանակ հավաքվել էինք եկեղեցու մոտ ու կերակուր էինք պատրաստում զինվորների համար: Դավիթիս հայրը՝ Արմենը, այդ ժամանակ զինվոր էր: Ինչ զինատեսակով ասես կրակում էին, բայց մենք, վտանգը մոռացած, մեր գործն էինք անում՝ տաք սնունդ  հասցնում զինվորներին: Հիմա շատ բան է փոխվել մեր բանակում,- շարունակում է տատը,- հա՛մ սնունդն է լավացել, հա՛մ հագուստը, հա՛մ զենքը: Էն հին օրերից երեւի մի բան է մնացել միայն անփոփոխ՝ զինվորի սերը հայրենիքի հանդեպ:

-Երկու աղջիկ եւ մեկ տղա ունեմ,- զրույցին միանում է Դավիթի մայրը՝ Քրիստինեն,- բայց, հավատացեք, մտքներովս երբեք չի անցել, որ մեր որդին չպիտի ծառայի: Արու զավակը հայրենիքինն է:

-Պատվով ծառայել է թոռս ու պատվով էլ վերադարձել,- զրույցի հանգը բռնում է տատը:- Դավիթս հայրենիքն է պաշտպանել, իր օջախն է պաշտպանել, իր տատին է պաշտպանել…Հիմա էլ կմնա գյուղում, հոր գործով՝ արհեստավորությամբ կզբաղվի: Ամեն մարդ զորավոր է իր երկրում: Սա մեր երկիրն է, մեր հողն ու ջուրը, որ մեզ ուժ է տալիս ու զորություն: Աշխարհում մեկը մեկից գեղեցիկ հազարավոր վայրեր կան, բայց ամեն մարդու համար ամենահարազատը հայրենի բնօրրանն է՝ հայրենի հողը, որի վրա շատ չարչարանք ես թափում՝ կռիվ ես տալիս թշնամու դեմ, կռիվ ես տալիս քարի ու բնության տարերքի դեմ, ու հողը քեզ շռայլորեն վարձահատույց է լինում:

Տատն ու հարսը այգու բարիքներն են փութկոտ շարում սեղանին, եւ տատը լուսավոր ժպիտը դեմքին, մեկիկ-մեկիկ թվարկում է.

-Էս մեր ընկույզն է, էս մեր քաղցրահամ խնձորն է… անուշ արեք…

Հրաժեշտ տալիս տատն ասում է.

-Միայն խաղաղություն լինի, մարդն աշխարհը դրախտ կդարձնի: Բանակը մեր խաղաղության պահապանն է, մեր հույս-հենարանն է, որ ապրենք, արարենք մեր երկրում, տեղահան չլինենք մեր բնօրրանից, օտար հեռուներում երջանկություն չփնտրենք:

Ամենամեծ երջանկությունը հայրենի հողի վրա ապրելն է…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ