Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ՝ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ
ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ՝ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ

ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ՝ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ-Բանակի, զինվորի նկատմամբ մեր ազգը ընդգծված ջերմ վերաբերմունք ունի: Ամուր թիկունքը բազմապատկում է զինծառայողների ուժը: Երբ զինվորն ու սպան տեսնում են, որ թիկունքում սրտացավ ու մտահոգ են իրենց խնդիրներով, աջակից ու նեցուկ, հավատացեք, ավելի նվիրումով ու պարտքի բարձր գիտակցումով են մոտենում ծառայությանը,- ասում է «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Դավիթ Թորոսյանը:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն ստեղծվել է Ապրիլյան պատերազմից հետո:

Կազմակերպության անվանումը ե՛ւ կարգախոս է, ե՛ւ գաղափար, ե՛ւ շարժիչ ուժ:

Իր գործունեության երեք ու կես տարվա ընթացքում կառույցը բազմաթիվ ծրագրեր է իրագործել՝ «Ազգ-բանակ-2017» «Ազգ-բանակ-2018», «Ջրի ուսապարկ՝ Թալիշի պաշտպաններին», «Հզոր բանակ՝ ամուր թիկունք» և այլն:

-Մեր կառույցի ֆինանսավորումն իրականացվում է երկու եղանակով,- նշում է Դավիթը:- Պետական դրամաշնորհների միջոցով. երեք անգամ մեր ծրագրերով մասնակցել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հայտարարած եռամսյակային դրամաշնորհային մրցույթներին և երեք անգամ էլ հաղթող ճանաչվել: Երկրորդ և հիմնական տարբերակն էլ բաց հաշվետու դրամահավաք-հանգանակությունն է՝ հստակ ծրագրեր իրականացնելու նպատակով: Facebook սոցիալական ցանցով գրառում ենք կատարում մեր  այս կամ այն  նախաձեռնության մասին, եւ արձագանքը չի ուշանում: Նվիրատուների մեջ ե՛ւ պաշտոնյաներ կան, ե՛ւ հասարակական գործիչներ, ե՛ւ սովորական քաղաքացիներ:

Հարկ է նշել, որ «Հանուն հայ զինվորի» կազմակերպության գործունեությունն իրականացվում է թափանցիկ եղանակով, և հանգանակված գումարից ծախսված ամեն լուման  ներկայացվում է մանրամասն հաշվետվությամբ:

Ջրի ուսապարկեր, անձրեւապաշտպան արտահագուստ, ձյուն մաքրող բահեր…Ոչ մի գնում ինքնանպատակ չէ: Ամեն ինչ հանգամանալից քննարկվում է զինված ուժերի համապատասխան մարմինների հետ, մանրամասն հաշվի է առնվում յուրաքանչյուր ապրանքի բնութագիրն ու որակը, դրա համապատասխանությունը ստորաբաժանման գործունեությանը, տվյալ տեղանքին…

Մենք ամենօրյա խրամատային պատերազմի իրականության մեջ ենք, եւ լրացուցիչ ռեսուրսը պետք է լինի նպատակաուղղված:  Ի դեպ, ավելին ասեմ՝ աշխարհում չկա մի բանակ, թեկուզ եւ ԱՄՆ բանակը, որին հասարակությունը չսատարի, թեկուզ սիմվոլիկ նյութական աջակցությամբ:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն նաեւ համերգային ծրագրերով է այցելում առաջնագիծ, փորձում ինչ-որ չափով բազմազան դարձնել զինվորի առօրյան, խրախուսական տարատեսակ նվերներով, պատվոգրերով պարգեւատրում է ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին:

Հասարակական կազմակերպությունը նաեւ ունի կայքէջ՝ «Banak.info», որտեղ պարբերաբար ներկայացվում են տեսանյութեր, ֆոտոշարք զինվորական առօրյայից: Աննկարագրելի է ծնողի ուրախությունը, երբ զինվոր որդուն գտնում է ֆոտոշարքում:

-Ջանում ենք ամեն կերպ սատարել բանակին, նպաստել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Զինվորի, նրա ծնողի ուրախությունը մեզ թեւ է տալիս նոր ուժով, նոր եռանդով աշխատելու,- նշում է Դ. Թորոսյանը:

Առջեւում նոր ծրագրեր են, նոր նախաձեռնություններ՝ հանուն հայ զինվորի, հանուն հայոց բանակի…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի