Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՀԱՂԹԵԼՈՒ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՀԱՂԹԵԼՈՒ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՀԱՂԹԵԼՈՒՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

 

Ես զորակոչվել եմ 1995 թվականին, 29 տարեկանում՝ որպես բուժծառայության սպա, երբ ամուսնացած էի ու 7 տարեկան երեխա ունեի: Զորակոչվել եմ բժշկական ինստիտուտն ու կոնսերվատորիան ավարտելուց հետո:

…Ես ծառայում էի Սիսիանի գնդում: 1994-ին պատերազմի ավարտը խիստ պայմանական էր, քանի որ սահմաններին ընդհարումները շարունակվում էին մեծ հաճախականությամբ: Եվ խնդիրներն ամենուր էին ու ամեն քայլափոխի: Սնունդը, հագուստը, հիգիենան, դեղորայքը… Ամեն ինչ քիչ էր: Հիվանդ զինվորներին հոսպիտալ էինք ուղարկում, երբ վիճակը ծայրահեղ ծանր էր լինում, մնացածները բուժվում էին զորամասում: Պենիցիլինով թոքաբորբ էինք բուժում, որովհետեւ ուրիշ դեղ չկար: Ահա այսպիսի ծանր պայմաններում էր կայանում հետպատերազմյան բանակը, այսպիսի դժվարություններ էին հաղթահարում այդ տարիներին զորակոչված սպաներն ու զինվորները, այսպիսի զոհողությունների գնով էին պաշտպանում պատերազմական նվաճումները:

Իմ բախտը բերեց, որ ես հայտնվեցի պատերազմում թրծված սպաների միջավայրում. նրանք հող ազատագրած, հայրենիքին անմնացորդ նվիրված մարդիկ էին, եւ բանակում իմ ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ երկու տարի իմ կյանքը կապվեց մարդկային ամենաբարձր որակների հետ: Զորամասի բուժծառայության պետը Կարո Գյոկչյանն էր, ես բուժկետի պետն էի: Բժիշկների հրաշալի անձնակազմ էր հավաքվել, որոնք պատերազմով անցած սպաների հետ զինվորական հրաշալի փաղանգ էին ձեւավորել: Մեր զորամասի հրամանատարը Հովհաննես Ազոյանն էր՝ բանակին, սահմանների պաշտպանությանը, զինվորներին մինչեւ ուղնուծուծը նվիրված մի հզոր մարդ, որը յուրաքանչյուրիս կողքին էր: Եվ որի մեծ ջանքերի շնորհիվ զորամասը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և անառիկ պահել իրեն վստահված սահմանը:

Բանակը այդ նվիրումի վրա կառուցվեց. հայրենիք ազատագրած ու երկրին անսահմանորեն նվիրված մարդկանց սերն էր այն շաղախը, որ ամրացրեց բանակի կառույցը: Հիմքում այդ մարդիկ էին: Իմ ծառայության տարիներին բանակ էր գալիս զինվորների մի սերունդ, որը մեծացել, որպես անհատ ձևավորվել էր 88-ից 95-97 թթ. ընկած ժամանակահատվածում՝ սովի, կարիքի, ցրտի, խավարի տարիներին: Գնդի հրամանատար Ազոյանն իր սպայական անձնակազմով ամեն ինչ անում էր, որ վերացնի միջանձնային կարծր հարաբերությունները զինվորների շրջանում: Սրան գումարած սահմանային ընդհարումները: Մի քանի անգամ ես՝ որպես բժիշկ, մասնակցել եմ տարբեր մարտական գործողությունների, մենք հատել ենք սահմանը, հակառակորդի տարածքում շրջափակման մեջ ընկած հետախույզների  ենք փրկել, զինվոր ենք հանել կրակի գծից: Մի հատված կար, որը կոչվում էր Աղոթարան: Ով վերցնում էր այդ բարձունքը, նա էլ դառնում էր դրության տերը: Ամեն գարնան սկզբին Աղոթարանի համար կռիվներ էին մղվում:

Ահա այդ ծանր տարիներին, մեծ դժվարություններ թոթափելով՝ մենք կառուցեցինք այսօրվա բանակը: Եվ այսօրվա թերությունները հաղթահարելու համար մենք պիտի սովորենք անցյալից, սերտենք անցյալի դասերը:

…Ես կոնսերվատորիայում սովորել եմ Գոհար Գասպարյանի դասարանում, եւ իմ ծառայության երկու տարիների ընթացքում նաեւ փորձել եմ մեր գնդում կազմակերպել մշակութային միջոցառումներ: Մի քանի ամսվա ծառայող էի, երբ ինձ զանգեց Տիգրան Լեւոնյանը՝ Օպերային թատրոնի այն ժամանակվա տնօրենը: Եվ ասաց, որ պատրաստ են մեծ կազմով գալ ու երգել զորամասում: Սիսիանի մշակույթի տանը օպերայի եւ բալետի մենակատարները երգեցին զինվորների համար: Հետո եկավ Արթուր Մեսչյանը:

Տղաները սահման էին գնում՝ Արթուր Մեսչյանի երգերը շուրթերին: Հովհարային անջատումների պայմաններում ստիպված էին ամբողջ Սիսիանը մի քանի ժամով հոսանքազրկել, որ մշակույթի տունը լույս ունենա, ու համերգը կայանա: Ու պատահական չէր, որ ոչ ոք չդժգոհեց, որովհետեւ հասկանում էին՝ հայրենիք պաշտպանող զինվորին երգ է պետք, հոգին պնդող, խանդավառող արվեստ: Հետո մենք տարբեր ցուցահանդեսներ կազմակերպեցինք, փառատոներ… Հովհաննես Ազոյանը շատ լավ հասկանում էր արվեստի նշանակությունը սահման պահող զինվորի ու սպայի համար: Զինվորականն ու արվեստագետը միասին մեծ ուժ էին…

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՀԱՂԹԵԼՈՒԲանակային երկու տարիների իմ ամենամեծ ձեռքբերումը հայրենիքի նվիրյալների հետ ընկերանալն էր: Այդ ընկերությունը շարունակվում է մինչ օրս: Բանակից ինձ մնացին ընկերներս եւ կատարված պարտքի զգացողությունը:

Զինվորի բարոյական կերպարը ոչ թե բանակը, այլ հասարակությունն է ձեւավորում: Սա միանշանակ է: Հասարակության նկարագրով, նրա կերպարով ու վարքականոնով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի զինվորների վարքականոնը: Զինվորների ու սպաների բարոյական չափանիշները փոխպայմանավորված են: Հայրենիքի պաշտպանը պետք է լինի հասարակության ամենաբարձր արժեքների, արժանիքների ու իդեալների կրողը: Ճառերով հայրենիքն արժևորելը պարապ զբաղմունք է, որովհետև հասարակության հայրենասիրությունը նժարող չափորոշիչներ կան, որոնցից ամենագլխավորը հայրենիքի պաշտպանի՝ սպայի ու զինվորի հավաքական նկարագիրն ու բարոյական կոդեքսն է, նրանց տեղը հասարակության բարոյական սանդղակում:

…Մենք ունենք հրաշալի զինվորականներ, փառահեղ անուններ, որոնք պատիվ կբերեն ցանկացած երկրի բանակին:

Բանակը մեր պետականության հիմքերի հիմքն է: Բանակը մեր ամենակարեւոր արժեքն է: Իսկ բանակի ողնաշարը սպայականությունն է: Ուժեղ բանակ ունենալու համար մենք պիտի ունենանք ֆիզիկապես եւ հոգեպես կրթված սպաներ:

…Ժամանակին զինվորականն ու մտավորականը միասնաբար բանակը ձերբազատեցին շատ արատներից: Հիմա էլ պիտի միասին հաղթահարեն ինչ-ինչ արատներ: Մեր երկրում զինվորականն ու մտավորականը միասին են հաղթելու:

 

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ