Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Հայկական հարցի մասնակի լուծման ենթափուլ

1918-1921թթ.

 

1918թ. մայիսի կեսերին գրավելով Կարսն ու Ալեքսանդրապոլը, թուրք զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ։ Հայ ժողովրդի գոյությանը մեծ վտանգ էր սպառնում։ Ամենուր տիրում էր խուճապը։ Մայիսի 21-ին սկսվեց կամավորների հավաքագրումը։

Կերտվում էր հայ ժողովրդի նոր Ավարայրը։ Մայիսի 22-26-ը հայկական ուժերը Մովսես Սիլիկյանի եւ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ ջախջախեցին թուրքական «Դարդանելի» ընտիր դիվիզիան ու դուրս շպրտեցին Արարատյան դաշտից։ Հայկական փոքրաթիվ ուժերը Ապարանում Դրոյի հրամանատարությամբ ոչ միայն կանգնեցրին հեշտ հաղթանակ ակնկալող թշնամու առաջխաղացումը, այլեւ ստիպեցին անկանոն նահանջել Համամլու եւ Ալեքսանդրապոլ։ Առավել դաժան մարտեր ծավալվեցին Ղարաքիլիսայում. Բեյ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Նիկոլայ Ղորղանյանի գլխավորությամբ հայերը թեեւ սկզբում տեղի տվեցին քանակական գերազանցություն ունեցող թշնամու առաջ, բայց հետո, ստանալով համալրում, պարտության մատնեցին։ Մայիսյան հերոսամարտերը ավարտվեցին հայ ժողովրդի հաղթանակով։ Իրականացավ Արամ Մանուկյանի պատգամը՝ «Ցույց տանք աշխարհին, որ հայը ազատ, անկախ ապրելու իրավունք ունի։ Այժմ կամ երբեք»։

Դարավոր թշնամին պարտություն կրեց։ Տապալվեց Հայկական հարցը լուծելու նրա դիվային ծրագիրը։

Եթե մինչեւ հերոսամարտերը թուրքերը հաշվի էին նստում միայն վրացիների հետ, ապա պարտությունից հետո իրենք էին հայերի հետ բարեկամության, հաշտության եզրեր փնտրում։ Վեհիբ փաշան Թուրքիայի քաղաքականության փոփոխության մասին հայտնում է հետեւյալը. «…Թուրքերի կողմից հայկական (թեկուզ փոքրիկ) պետության կազմակերպմանը համաձայնություն տալը շրջադարձային կետ է Թուրքիայի պատմության մեջ…»։ Հայ ժողովուրդը իր հերոսական պայքարով վերականգնեց պետականությունը։

Հայաստանի Հանրապետության հռչակումը ոչ թե թուրքական թողտվության արդյունքն էր, այլ հայրենիքը պաշտպանող, ազատության ու անկախության ձգտող հայ ժողովրդի ոգորման առհավատչյան։

1918թ. մայիսի 28-ին՝ ցերեկվա ժամը 12-ին, Հայոց ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հայտարարության պատմական բանաձեւը։ Շուրջ վեց հարյուր տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը։ Հայաստանի Հանրապետության հռչակումով բազմաչարչար Հայկական հարցը ստանում էր իր մասնակի լուծումը։ Ստեղծվում էին երաշխիքներ հատված առ հատված ազատագրելու եւ մայր հայրենիքին միավորելու հայության պատմական տարածքները, կերտելու հայ ժողովրդի նվիրական երազանքը՝ Ազատ, Անկախ ու Միացյալ Հայրենիքը։

Չնայած գաղթականության ու որբերի ծանր բեռին, քայքայված տնտեսությանը, գոյության առաջին իսկ օրվանից պետությունը իր անխախտ ուխտը համարեց Հայկական հարցը մինչեւ վերջ լուծելը։ 1918թ. օգոստոսի 1-ին, բացելով Հայաստանի ազգային խորհրդի առաջին նիստը, Ազգային խորհրդի նախագահ Ավետիս Սահակյանը ասաց. «…Այո՛, մեր հանրապետությունը փոքր է։ Ես հավատում եմ, որ մեր երկրի սահմանները կընդարձակվեն մեր արդար եւ անվիճելի իրավունքների պաշտպանությամբ»։

Այսպես սկսվում էր Հայկական հարցի լուծման ամենադրամատիկ ու ողբերգական ժամանակահատվածը։

«Երբ մենք նայեցինք քարտէսին վրայ,- գրում է Ալ. Խատիսյանը,- երկու սուր զգացումներ համակեցին մեզ. առաջին` հպարտութիւն, որ դարաւոր պայքարներէ ետ, վերջապէս գէթ փոքր անկիւն մը ունեցանք աշխարհի քարտէսին վրայ, եւ երկրորդ՝ դառնութիւն, որ մեզի տրված անկիւնը հազիւ 9.000 քառ. քիլոմեթր կը պարունակէր»։

Հայկական հարցի լուծման յուրօրինակ հանգրվան էր նաեւ Բաքվի պաշտպանությունը։ Հայ-թուրքական «բարեկամության» պայմանագրով Հայաստանը պարտավորվում էր Բաքվից դուրս բերել հայկական զորամիավորումները, որոնց թիվը հասնում էր 18.000-ի։ Հակոբ Բագրատունու եւ Համազասպի գլխավորությամբ հայերը կազմելով Բաքվի կոմունայի պաշտպանության հիմնական ուժերը, հերոսաբար մարտնչում էին թուրքական զավթիչների դեմ` քաջ գիտակցելով, որ Բաքվում վճռվում է նաեւ Հայաստանի ու հայության ճակատագիրը։ Սակայն Կոմունայի ղեկավարության հայկական զորամիավորումների նկատմամբ թույլ տված սխալը, անգլիացիների դավաճանությունը ուշացումով հնարավոր դարձրին Բաքվի գրավումը (1918թ. սեպտեմբերի 15), որը հայության նոր կոտորածի պատճառ դարձավ ու լուրջ սպառնալիք ստեղծեց Հայաստանի Հանրապետության համար։ Բոլոր դեպքերում միջազգային իրադրությունը զարգանում էր ի վնաս Թուրքիայի։ Համաձայն Մուդրոսի զինադադարի պայմանների` 1919թ. Հայաստանի Հանրապետությանը միացվեցին Կարսի մարզն ու Նախիջեւանի շրջանը, որով հանրապետությունն ունեցավ 71000 քառ.կիլոմետր տարածք։ Թվում էր, ի վերջո, Հայկական հարցը հասնելու է ցանկալի հանգրվանի, դրա համար կային բավարար հիմքեր։

1919թ. հունվարին Փարիզում գումարվեց հաղթող տերությունների կոնֆերանսը։ Հայկական երկու՝ Պողոս Նուբարի Ազգային եւ Հայաստանի Հանրապետության Ա.Ահարոնյանի պատվիրակությունները պահանջում էին, որ ապագա Հայաստանը ընդգրկի վեց վիլայեթները՝ Տրապիզոնը, Կիլիկիան, Հայաստանի Հանրապետությունը, որ հայկական պետությունն ունենա դաշնակից պետությունների՝ ԱՄՆ-ի եւ Ազգերի լիգայի հովանավորությունն ու պաշտպանությունը, դառնա Ազգերի ընկերակցության անդամ։ Հայերի պահանջները բխում էին ազգային միացյալ պետություն կազմելու հրամայականից։

1919թ. հունվար-հուլիսին՝ համաշխարհային հասարակական կարծիքի պարտադրմամբ, Պոլսում կազմակերպվեց Մեծ եղեռնի կազմակերպիչների դատավարությունը։ Սակայն ամենաթողության պայմաններում ռազմական ատյանի կողմից մահվան դատապարտված Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազըմը, Բեհաեդդին Շաքիրը, Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազըմը, երիտթուրքերի Տրապիզոնի կուսակցական մարմնի պատասխանատու Նայիլ բեյը, փախչելով Թուրքիայից, ապահով կյանք էին վարում Գերմանիայում, Ռուսաստանում, Անդրկովկասում։ 1919թ. Երեւանում գումարված ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը դահիճների նկատմամբ հրապարակված դատավճիռն ի կատար ածելու մասին որոշում կայացրեց։ Այդպես կազմվեց «Հատուկ գործը», որի ծրագրված գործողությունները ստացան «Նեմեսիս» ծածկանունը, եւ հայ վրիժառուները՝ հանուն արդարության աշխարհի տարբեր մասերում (1920-1922թթ.) իրականացրին հայ ժողովրդի դահիճների սպանությունները։ Այս գործողությունները ոչ միայն հատուցման նպատակ ունեին, այլեւ պահանջ էին դնում Հայկական հարցի արդարացի լուծման համար, ապացուցում, որ հայ ժողովուրդը երբեք մոռացության չի մատնելու իր ազգային ճակատագիրը խաթարել ցանկացող ուժերին։

1919թ. փետրվարին Երեւանում գումարված Արեւմտահայ երկրորդ համագումարը կայացրել էր իրատեսական որոշում՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետությունը հայտարարել համայն հայության Միացյալ հայրենիք։ Հայաստանի խորհուրդը, քննարկելով առաջարկությունը, 1919թ. ապրիլի 27-ին ընդունեց Հայաստանը Միացյալ եւ Անկախ հայտարարելու որոշում, որը հրապարակվեց հանրապետության մեկտարյա տոնակատարության օրը՝ 1919թ. մայիսի 28-ին։

Միացյալ եւ Անկախ Հայաստանի հռչակագիրը Հայկական հարցի լուծման պատմական քայլն էր։ Այն Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի կամքի արտահայտությունը լինելուց զատ, հռչակում էր, որ հայ ժողովուրդը, նրա պետությունը նպատակամղված են կորցրած, բռնազավթված Հայրենիքի միավորման գործին՝ օտար տիրապետությունների տակ գտնվող պապենական հողերի պահանջատիրությանը։

Ելնելով հռչակագրի սկզբունքներից՝ Հայաստանի կառավարությունը որոշեց բանակցություններ սկսել բոլշեւիկյան Ռուսաստանի հետ։

Ապրիլի 29-ին Լեւոն Շանթի, Համբարձում Տերտերյանի, Լեւոն Զարաֆյանի մասնակցությամբ կազմվեց պատվիրակություն, որը պետք է հասներ բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմանը (դրա նախադեպը արդեն կար, բոլշեւիկները ճանաչել էին Վրաստանի Հանրապետությունը), ճշտեր Հայաստանի սահմանները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, սկզբունքորեն ընդունելի դարձներ վեց վիլայեթների Հայաստանին միանալու գաղափարը։

Շարունակելի