Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՄ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՄ

* Ալիեւը կոպիտ է արտահայտվել Մեդվեդեւի, Պուտինի եւ Էրդողանի հասցեին:
* Ալիեւը չէր ուզում, որ Մ.Ահմադինեժադն ընտրվի նախագահ:
* Ամերիկացի դիվանագետներն Ի.Ալիեւին անվանում են մաֆիայի պարագլուխ:

Նոյեմբերի 28-ի երեկոյան սկսվեց մի գործընթաց, որը կարող է էապես ազդել համաշխարհային քաղաքականության վրա: Ոչ կոմերցիոն «wikileaks.org» ինտերնետային կայքը սկսեց հրապարակել տարբեր երկրներում ԱՄՆ 274 դեսպանատներից ԱՄՆ կառավարությանն ուղարկված 251288 հաշվետվություն, հաղորդագրություն, զեկուցագիր ու տեղեկագիր, որոնք ունեն գաղտնիության տարբեր աստիճաններ: Փաստաթղթերից ամենահինը թվագրված է 1966թ. դեկտեմբեր, ամենաթարմը` 2010թ. փետրվար: Ահա թե ինչ է ասվում այդ փաստաթղթերում, մասնավորապես, Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս երկրների հարաբերությունների մասին:

Ադրբեջան-Ռուսաստան

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Բիլ Բառնսը, Իլհամ Ալիեւի հետ այս տարվա փետրվարի 25-ին տեղի ունեցած իր հանդիպման մանրամասները ներկայացնելով, գրում է, որ Ադրբեջանի նախագահը «կոպիտ, փողոցային ժարգոնով արտահայտություններ է արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին»: Բացի դրանից, Ալիեւը կասկածի տակ է առել Դ.Մեդվեդեւի` որպես երկրի ղեկավարի հեղինակությունը:
«Այժմ Ալիեւը ստիպված կլինի անհանգստանալ. նա վիրավորանք է հասցրել Մոսկվային, իսկ նրա երկիրը շրջապատված է «բարդ» հարեւաններով»,- ասել է ամերիկացի քաղաքագետ Արիել Քոհենը:
Եւ իսկապես, արդեն նոյեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը շտապեց հայտարարել, որ Ալիեւն այդպիսի բան չի ասել:

Ադրբեջան-Թուրքիա

Բիլ Բառնսի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը կոպիտ է արտահայտվել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հասցեին: Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունն անվանել է «միամիտ» եւ ասել, որ հավանություն չի տալիս դրան ու չի հասկանում Թուրքիայի քայլերի իմաստը: Մասնավորապես՝ ինչո՞ւ է Թուրքիան զարգացնում էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչից ինքը «խիստ զարմացած է»:
Պատասխանելով Բառնսի այն հարցին, թե Ադրբեջանն ինչո՞ւ որոշեց գազ վաճառել Ռուսաստանին, Ալիեւն ասել է, որ բացի գործարքի շահավետությունից, կարեւոր է եղել նաեւ «թուրք ընկերներին ցույց տալ, որ նրանց թույլ չի տրվի գազ բաշխողի դերը կատարել»:
Ինչ վերաբերում է Թուրքիային գազ վաճառելուն, ապա Ալիեւը նշել է, որ «եթե թուրքերը կառուցողականություն ցուցաբերեն, այս տարի կստորագրվի գազի տարանցման մասին համաձայնագիրը»: Նույն Բառնսի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այս տարվա փետրվարի 18-ին ասել է, որ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ գազի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը դարձրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատանդը: «Նա մեզ չի վստահում»,- ասել է թուրք դիվանագետը:
Թուրքական հասարակությունը ցնցվել է հատկապես այն բանից, որ Ալիեւը Ռուսաստանին գազ է վաճառում, որպեսզի Թուրքիան չհզորանա: Թուրքական մամուլում արտահայտվում է այն տեսակետը, որ վերոնշյալ փաստերի հրապարակումը հարված կհասցնի ադրբեջանա-թուրքական հարաբերություններին: «Թուրքերը լավ գիտեն, որ Իլհամ Ալիեւը մեր երեսին ժպտում է, իսկ հետեւից` բամբասում»,- գրում է «Սաբահ» թերթը: Թուրքական մամուլում Ալիեւի ասածները որակվեցին որպես «դավաճանություն», «թիկունքից հարված», «կեղծ եղբայրություն»:

Ադրբեջան-Իրան

Բիլ Բառնսի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունները որակել է որպես «լարված եւ անկայուն»: Պարզվել է, որ Իրանում նախագահական ընտրությունների ժամանակ Ալիեւը աջակցելիս է եղել ոչ թե ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, այլ ընդդիմության առաջնորդ Միրհուսեյն Մուսավիին: «Չեմ հասկանում, թե Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ինչու աջակցեց Ահմադինեժադին»,- ասել է Ալիեւը Բառնսին:
Նա ասել է նաեւ, որ Ադրբեջանը հավանություն է տալիս Իրանին մեկուսացնելու ջանքերին եւ կարծում է, որ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն ավելի արդյունավետ կլինեն, եթե միջազգային հանրությունը համատեղի ջանքերը: Նշելով, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններն արտաքուստ նորմալ են թվում, Ալիեւը հավաստիացրել է, որ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է եւ կարող է բարդանալ, եւ որ Ադրբեջանը չի վերացնի անցագրային ռեժիմը Իրանի հետ սահմանին:
Ալիեւը դժգոհել է, որ Ադրբեջանում հեռարձակվող իրանական ադրբեջանալեզու «Սեհեր» հեռուստաալիքն իր լուսանկարի հետ ցուցադրում է Իսրայելի խորհրդանիշ վեցանկյուն աստղը (Դավթի աստղ): Ալիեւը դա անվանել է «հակաադրբեջանական սադրանք»:
2006թ. նոյեմբերի 23-ին Ալիեւը հանդիպել է ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ջեյսոն Հայլանդի հետ եւ ասել, որ վախենում է, թե «Իրանը միշտ կարող է ինչ-որ բան ձեռնարկել Ադրբեջանի դեմ»: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայլանդի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Իրանը սադրանքներ է հրահրում Կասպիցում ադրբեջանական շահերի դեմ», եւ որ «Իրանի դեմ միջազգային ուժերի կողմից ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը կարող է դառնալ այդ երկրի թիրախը»: Բացի դրանից, Իրանը, Մամեդյարովի կարծիքով, կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել Նախիջեւանում:

Ադրբեջան-ԱՄՆ

Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Դոնալդ Լուն իր ղեկավարությանը հասցեագրված վերլուծության մեջ Իլհամ Ալիեւի կառավարումը համեմատում է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» հանրահայտ վեպում նկարագրված մաֆիայի հետ: Լուի խոսքով, Իլհամ Ալիեւը Մայքլ Կոռլեոնեի նման է գործում արտաքին քաղաքականության, եւ Սաննի Կոռլեոնի նման` ներքին քաղաքականության ասպարեզում: Հաշվետվության մեջ կան Ալիեւի անվան շուրջ արված վիրավորական նկատառումներ ու արտահայտություններ: Դիվանագետը «պարծենկոտություն» է անվանում Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները՝ հնարավոր համարելով այն տարբերակը, որ Ալիեւը «խամաճիկ» է, մաֆիայի պարագլխի խորհրդատու` կոնսիլյերի անվանելով նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւին:
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը նոյեմբերի 30-ին հայտարարել է, որ «դիվանագիտական գաղտնի գրագրության արտահոսքի փաստն ինքնին Վաշինգտոնի հետ հարաբերություններում վստահության ճգնաժամ է առաջացնում»:

Հնարավոր հետեւանքներ

Գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետեւանքով, ամենայն հավանականությամբ, կվատանան Իլհամ Ալիեւի եւ վերոնշյալ պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունները, ինչը, միգուցե, նոր հակասություններ չի ստեղծի պետությունների երկկողմ հարաբերություններում, բայց կխորացնի եղածները եւ կվատացնի Ադրբեջանի հարաբերությունները իր բոլոր հարեւանների հետ:
Մեկնաբանելով դեկտեմբերի 1-2-ը Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ անդամ-պետությունների ղեկավարների գագաթաժողովի արդյունքը` վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գրում է, որ գագաթաժողովից հետո Բաքվի վրա ճնշումը կուժեղանա: «Ադրբեջանական դիվանագիտությունը սկսել է կործանարար պարտություններ կրել բոլոր ճակատներում: Ճիշտ է, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանովը սպառնաց, որ եթե Աստանայի գագաթաժողովից հետո «ԵԱՀԿ Մինսկի խումբը չակտիվացնի իր գործունեությունը եւ չփորձի լուծել հիմնախնդիրը, ապա Ադրբեջանն այդ հարցն իր սեփական ուժերով կլուծի»: Եթե դա սկզբունքորեն հնարավոր է, պետք էր ավելի շուտ անել, իսկ եթե խոսքը պատերազմի մասին է, ապա դա նշանակում է վերջնականապես կորցնել Ղարաբաղը»:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ