Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՆԴԻՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է



ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՆԴԻՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է2019թ. կատարված աշխատանքներն է ամփոփում ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության պետ, գնդապետ ԱՐԱՅԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 

-Պարոն գնդապետ, զորքերի ծառայության վիճակի բարելավման ուղղությամբ անցած 2019թ. ի՞նչ աշխատանքներ են կատարվել:

-Կանոնակարգվել և խստացվել է վերահսկողությունը զորքերի ծառայության ճիշտ պլանավորման, օրվա կարգացուցակի հստակ կատարման, գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանումների որակյալ համալրման ու ծառայությանը նրանց նախապատրաստման, պահպանության օբյեկտների կահավորման նկատմամբ, ինչպես նաև բարելավվել ու կատարելագործվել է զորքերի ծառայության ուսումնանյութական բազան, լրամշակվել են համազորային կանոնադրությունները:

Վարչությունը պլանային ստուգումներ է իրականացրել ԶՈՒ վեց տասնյակից ավելի զորամասերում: Ստուգմանը զուգահեռ օժանդակություն է ցուցաբերվել զորքերի ծառայության պլանավորման, հաշվառման, հաշվետվական փաստաթղթերի մշակման, պահակային ծառայության փաստաթղթերը ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայության կանոնագրքի պահանջներով կազմելու և կիրառելու կարգի ուղղությամբ:

Վարչության աշխատախմբերը ստուգել են Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերը, տեղերում անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ: Անցկացվել է նաև սպաների մասնագիտական հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախապատրաստական փուլում զորքերի ծառայության միջոցառումները մեթոդապես ճիշտ կազմակերպելու, ինչպես նաև նախորդ տարվա արդյունքներով արձանագրված թերություններից հետևություններ անելու և դրանք շուտափույթ շտկելու հարցեր:

Ստուգումներին զուգահեռ ուշադրությունից դուրս չի մնացել նաև տարվա արդյունքներով ցածր ցուցանիշներով զորամասերին ուսումնական փուլին պատրաստվելուն օժանդակելը, ինչպես նաև՝ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի՝ զորամասերի մարտական հերթապահության և ամենօրյա գործունեության ընթացքի վերահսկման ժամանակացույցով հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությունների մարտական դիրքերի ստուգումների ու զորքերի ծառայության մասով հրամանատարությանը ցուցաբերվելիք միջոցառումներին վերաբերող հարցերը:

Հավելեմ նաև, որ զինվորական ծառայության անվտանգության հանձնաժողովների աշխատանքը խթանելու նպատակով զորամիավորումների և զորամասերի ԶԾԱ հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների հետ Գորիսի, Եղեգնաձորի, Երևանի, Սևանի և Լոռու կայազորներում անցկացվել են արտագնա հավաք-խորհրդակցություններ` «ԶԾԱ ապահովումն ու զորամասային հանձնաժողովի դերը» թեմայով:

-Ձեր ղեկավարած վարչությունը զորքերում զինվորական ծառայության համար անհրաժեշտ անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է իրականացրել: Ինչո՞ւ եմ այս հարցը տալիս, քանզի, եթե այս ոլորտում հանդես չբերվի նախանձախնդիր հետևողականություն, հնարավոր չի լինի խուսափել ինչպես աշխատունակության կորստով մարմնական վնասվածքներից, այնպես էլ մահվան ելքով դեպքերից:

-ՀՀ զինված ուժերում շարունակվել են աշխատանքները զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև մահվան ելքով դեպքերի ու աշխատունակության կորստով մարմնական վնասվածքների թվաքանակի նվազեցման ուղղությամբ: Բոլոր զորամասերում անցկացվել են «Անվտանգության օրվա» մեթոդագործնական պարապմունքներ: Օրինակելի և ուսումնանյութական հագեցած բազայով են անցկացվել ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու, ինժեներական զորքերի, հետախուզության, թիկունքի, սպառազինության վարչությունների, 3-րդ և 5-րդ զորամիավորումների ենթակա զորամասերում կազմակերպված պարապմունքները:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում զորամասերի ներքին վերակարգերում արձանագրվել են բռնարարքների, դժբախտ պատահարների և զենքի օգտագործման կանոնների խախտումների` համապատասխանաբար 9, 4 և 6 դեպքեր, որոնք  զինծառայողների՝ պարտականությունների կատարման ժամանակ անփութության դրսևորման, ինչպես նաեւ միջանձնային կամ էլ պետ-ենթակա հարաբերությունների խախտման արդյունք են:

«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում բավարար հսկողություն է սահմանվել ճամբարների սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման և զինծառայության անվտանգության պահանջների կատարման նկատմամբ, ինչի արդյունքում ճամբարային հավաքների ժամանակ մասսայական սննդային թունավորումների, հիվանդությունների, ինչպես նաև ԶԾԱ խախտումներով պայմանավորված դեպքեր չեն գրանցվել, բացառությամբ մահվան ելքով մեկ դեպքի (գնդապետ Աշոտ Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամաս), որի արդյունքում վեց պաշտոնատար անձինք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան հրամանով ենթարկվել են կարգապահական տույժերի: Այս առումով պետք է նշեմ սերտ համագործակցությունը թիկունքի ու ռազմաբժշկական վարչությունների հետ:

Կայազորների զորամասերում ոչ աշխատանքային օրերին ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպման նկատմամբ մշտապես իրականացվել է պատշաճ վերահսկողություն:

Չնայած պահակային ծառայությունում հաշվետու ժամանակահատվածում ցուցաբերված հետևողականությանը` դեռևս ռիսկային գոտում են այն զորամասերը, որոնք ունեն մշտական տեղակայման վայրից դուրս պահակախմբեր: Արձանագրված ընդհանուր բնույթի մի շարք թերություններ, որոնք բացասաբար են ազդել զորքերի ծառայության կազմակերպման գործընթացի վրա, տարվա ընթացքում վերացվել են համակողմանի և մանրակրկիտ ստուգումների արդյունքում:

Պահպանության հուսալի կազմակերպմանը զուգահեռ աշխատանքներ են տարվել պահակակետերի օպտիմալացման ուղղությամբ` անշարժ պահակակետերից շարժականի անցնելու, տեսահսկիչ սարքերի տեղադրման առումով: Գերատեսչական պահպանության շրջանակում արդեն տասնյակ զորամասերում օբյեկտների պահպանությունը իրականացնում են ռազմականացված ու պահակային ստորաբաժանումները, ինչը նշանակում է, որ այդ զորամասերում զինծառայողներն ազատված են պահակային վերակարգերից ու զբաղվում են կոնկրետ մարտական պատրաստությամբ: Գերատեսչական պահպանության օրինակելի ծառայություն են իրականացրել գնդապետներ՝ Թաթուլ Ղազարյանի, Սերյոժա Տիտանյանի, Արտակ Թադևոսյանի, Աշոտ Սարգսյանի, Ռոլանդ Աթաբեկյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Բուդաղյանի, Հարություն Ամիրխանյանի և փոխգնդապետ Արամ Ղազարյանի հրամանատարությամբ գործող գերատեսչական պահպանության ստորաբաժանումները, ինչն արդյունք է հրամանատարության կողմից անձնակազմի ճիշտ ընտրության, ուսուցման, ուսումնական բազայի պահպանման և ծառայության նկատմամբ պատշաճ հսկողության:

Անցած տարի զորքերի ծառայության կազմակերպման ու զինվորական ծառայության անվտանգության ապահովման գործում բարեխիղճ ծառայությամբ աչքի են ընկել գեներալ-մայոր Գրիշա Խաչատուրովի, գնդապետ Անդրանիկ Փիլոյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումները, գեներալ-մայոր Դանիել Բալայանի հրամանատարությամբ գործող Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանը, ինչպես նաև գնդապետներ՝ Արմեն Կարապետյանի, Թաթուլ Հայրապետյանի, Հրայր Թևոսյանի, Արայիկ Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Արտակ Տոնոյանի, Սուրեն Մարտիրոսյանի, Թաթուլ Ղազարյանի, Սիմոն Նազարյանի, Ռուբեն Բուդաղյանի, Վյաչեսլավ Վոսկովսկու, փոխգնդապետներ՝ Հունան Հայրումյանի, Նելսոն Հակոբջանյանի, Արա Թադևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասերը:

Զորքերի ծառայության կազմակերպման որակի բարձրացման առումով սերտորեն համագործակցել ենք ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու, ինժեներական զորքերի, ՌՔԿՊ զորքերի, ՀՕՊ զորքերի, սպառազինության, թիկունքի վարչությունների, 3-րդ, 5-րդ զորամիավորումների հետ: ՀՀ երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում սերտորեն համագործակցել ենք պաշտպանության բանակի հետ, եւ պետք է ասել, որ զինվորական ծառայության անվտանգության ապահովման գործում վերջինս գրանցել է էական առաջընթաց:

-Պարոն գնդապետ, կարելի է եզրակացնել, որ զորքերի ծառայությունում ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ժամանակացույցի և կանոնակարգված:

-Փաստ է, որ 2019թ. չենք ունեցել չկատարված նույնիսկ մեկ պլանային միջոցառում: Անցած ուսումնական տարում ընդհանուր առմամբ (ստուգված զորամասերում) կանոնակարգվել են զորքերի ծառայության պլանավորումը, գերատեսչական պահպանության կենսագործունեությունը: Նոր շահագործված օբյեկտներում ապահովվել է կահավորման զորային միատիպությունը, բարելավվել է հրդեհապայթյունավտանգ օբյեկտների անվտանգության հուսալիությունը, պահպանության հստակ կազմակերպմանը զուգահեռ աշխատանքներ են տարվել պահակակետերի օպտիմալացման ուղղությամբ` անշարժ պահակակետերից անցնելով շարժականի և կրճատելով պահակակետերի թիվը: Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հստակեցվել են ՀՀ ԶՈՒ զինվորական կայազորների սահմանները, զորամասերում օբյեկտների պահպանության ու վերակարգերի օպտիմալացման նպատակով մշակվել են նոր կարգեր: Լրասարքավորվել են պահակային ավանները, մշակվել և իրավաբանական փորձաքննության է ուղարկվել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության եւ ԶՈՒ կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքերի փոփոխությունների փաթեթը: ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան հրամանով փորձնական գործողության մեջ է դրվել գերատեսչական պահպանության մասնագիտական պատրաստությունը կազմակերպելու համար մշակված ուսումնական ծրագիրը:

Այս ամենով հանդերձ, պետք է նշել, որ չնայած ձեռնարկված միջոցներին, զինված ուժերում, մարդկային գործոնով պայմանավորված, դեռևս բարձր են զինծառայության անվտանգության ռիսկերը: Դեռևս լուրջ անելիքներ ունեն բոլոր հրամանատարները (պետերը), մասնավորապես՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու ճիշտ շահագործման, զորքերի գործունեության բոլոր տեսակների համար անվտանգ պայմաններ ապահովելու, ինչպես նաև՝ զինվորական ծառայության ընթացքում անձնակազմի անդամների զոհվելու և վնասվածքներ ստանալու դեպքերի պատճառ հանդիսացող գործոնների կանխատեսման և վերացման առումով:

-2020-ին ի՞նչ խնդիրներ են դրված զորքերի ծառայության առջև, նկատի ունեմ հատկապես կարևոր, հրատապ լուծում պահանջող խնդիրները:

-Զինված ուժերում յուրաքանչյուր խնդիր կարևոր է: 2020թ. զորքերի ծառայության գործունեությունն ուղղելու ենք ներքին և պահակային ծառայությունների կանոնադրային կազմակերպման մակարդակի առավելագույն բարձրացմանը, օրվա կարգացուցակի հստակ կատարմանը, կարգուկանոնի խստագույնս պահպանմանը, ուսումնանյութական բազայի կատարելագործմանն ու այն մշտապես սարքին վիճակում պահելուն, վերակարգերի օպտիմալացմանն ու անվտանգության ռիսկերի նվազեցմանը: Առկա գործիքակազմն ու ռեսուրսներն ամբողջովին ուղղելու ենք զորքերի ծառայության բարոյահոգեբանական ապահովմանը, ասել է թե՝ վերակարգերում ընդգրկվող անձնակազմի շրջանում անհրաժեշտ բարոյահոգեբանական առողջ վիճակ ստեղծելուն և այն պահպանելուն:

Բոլոր հրամանատարական հավաքներին բարձրացնելու ենք զորքերի ծառայության գծով մեթոդական պատրաստության մակարդակը՝ առաջնային համարելով մեթոդական ու մեթոդագործնական պարապմունքների անցկացումը: Զորամիավորումների ու զորատեսակների վարչությունների հետ սերտորեն համագործակցելով՝ օժանդակելու ենք նախապատրաստական փուլում զորամասի կազմով «Անվտանգության օրվա» միջոցառումների որակյալ կազմակերպման, զորամասի զինվորական ծառայության անվտանգության ապահովման մշտական հանձնաժողովի գործունեությունը խթանելու, հրդեհապայթյունավտանգ օբյեկտների պահպանության ճիշտ կազմակերպման աշխատանքներին:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #6 (1326) 12.02.2020 - 18.02.2020, Ազգային բանակ


13/02/2020