Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԱՍԸ ՆՈՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է



ԶՈՐԱՄԱՍԸ ՆՈՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԷԶինված ուժերի գործունեության ուղղությունները բազմաթիվ են. բանակի շարքերում ծառայում են ոչ միայն գիտակ հրետանավորներ, օդաչուներ, հետախույզներ, այլև հմուտ վարպետ-զինագործներ, որոնք ամեն օր զենք են նորոգում եւ ճշգրիտ ու անթերի դարձնում։ Նրանց վարպետությամբ հիացել են նաև մեր դաշնակիցները, միջազգային բանակային խաղերի մրցավարները։ Լավագույնը լինելու գրավականն, իհարկե, նվիրումն է և… հրամանատարը, որը համախմբում, ոգևորում է անձնակազմին։ Դրա շնորհիվ զորամասը մշտապես լավագույնների շարքում է։

Ներկայացնում ենք զինագործական զորամասի փորձառու հրամանատարի հաջողության բանաձևը։ Գնդապետ Հարությունյանը հիշում է՝ տարիներ առաջ հենց այս նույն զորամասում ինքն էր լեյտենանտի ուսադիրներով սկսնակ զինվորականի առաջին քայլերն անում: Այսօր սովորեցնելու, տարիների կուտակած փորձն ու հմտությունները փոխանցելու հերթն իրենն է:

-Երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, ընկերներով որոշել էինք ընտրել զինվորականի մասնագիտությունը: Չորս ընկերներով դիմեցինք. ես եւ ընկերներիցս մեկն ընդունվեցինք ինժեներական ակադեմիա և մինչև հիմա ծառայում ենք,- հիշում է գնդապետը: Ի դեպ, նախկինում այնքան էլ հեշտ չէր օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություն ընդունվելը: Գնդապետ Հարությունյանը լավ կրթությունը մեծ հաջողություն է համարում. բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող, արհեստավարժ սպան իսկական ձեռքբերում է երկրի բանակի համար:

Զինվորականի մասնագիտությունը վաղ տարիներից է սիրել, անկեղծանում է՝ հեռավոր մի բարեկամից է «ազդվել», համազգեստը, զինվորականի կեցվածքը տպավորվել ու երազանք են դարձել: Հետո արդեն ուսումնառության տարիներին, երբ հստակ ընտրություն պիտի կատարեր զորատեսակների ու զինվորական մասնագիտությունների միջև, ընտրում է զինագործի մասնագիտությունը՝ առանց խորքային պատկերացումներ ունենալու, առանց մտքով իսկ անցկացնելու, որ օրերից մի օր մեր զինված ուժերի այդքան կարևոր ու պատասխանատու, կարելի է ասել՝ կենսական նշանակություն ունեցող ստորաբաժանման հրամանատարն է լինելու:

Արայիկ Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասը վարպետ-զինագործների միջազգային բանակային խաղերում բազմիցս պատվով է ներկայացրել մեր երկիրը, տարիներ շարունակ զորամասը լավագույն տեխնիկական զորամաս է ճանաչվում: Հետաքրքրվում եմ՝ ինչպես է հաջողվում երիտասարդ հրամանատարին այսքան պատասխանատու ոլորտում մեկը մյուսի հետևից հաջողություններ գրանցել:

-Մեր զորամասն իր ծառայության բնույթով, խնդիրներով զինված ուժերի կարևոր օղակներից մեկն է խաղաղ և պատերազմական ժամանակ։ Ծանր և պատասխանատու աշխատանք է: Ունենում ենք բացթողումներ, բայց կարողանում ենք պահպանել մեր վաստակած կոչումը, ինչի համար շնորհակալ եմ անձնակազմին և վերադաս հրամանատարությանը։

Գնդապետն անկեղծանում է. պիտի կարողանաս իսկապես սիրել, պիտի կարողանաս անմնացորդ նվիրվել, պիտի պատրաստ լինես հարկ եղած դեպքում զոհողությունների գնալ՝ հանուն բարձր արժեքների, հանուն գաղափարի: Հայրենիքի պաշտպանի համար ամեն բան սկիզբ է առնում այստեղից: Դժվարանում է մանրամասնել, բայց մեր զինվորների ապրիլյան սխրանքն իր համար ասվածի վառ օրինակն է, աննահանջ, մինչև վերջին փամփուշտը մարտնչած ու հերոսաբար զոհված հերոսները՝ դրա մարմնացումը:

-Պետք է սիրես քո մասնագիտությունը, հարգես համազգեստը, զինված ուժերը, քո պետությունը։ Հրամանատարն անձնակազմի համար պիտի լինի օրինակելի, որ մյուսները տեսնեն ու սովորեն,- ասում է հրամանատարը։

Խստապահանջ զինվորականն իր ամենամեծ հաղթանակն իր ընտանիքն է համարում: Պիտի կարողանաս առաջին հերթին ինքդ քեզ հաղթել. ահա այս սկզբունքով է դաստիարակվում նաև գնդապետ Հարությունյանի որդին՝ Արթուրը, որը փոքրիկ, բայց հաստատակամ քայլերով հաղթելն առայժմ մարզադաշտում է սովորում:

Արթուրի մայրը՝ Մարիան, գնդապետ Հարությունյանի, դեռ կուրսանտական տարիներից, մեծ սերն է եղել: Թեև հայուհի չէ, բայց տիրապետում է հայերենին: Արթուրը հաճախ է մայրիկի հայրենիքում լինում, բայց Հայաստանից երկար ժամանակով բացակայել չի կարողանում: Հայկական բանակի բարձրաստիճան սպան անկեղծանում է. կինը՝ Մարիան էլ չափազանց հայրենասեր է, ու կեսկատակ-կեսլուրջ հավելում է. «Արթուրի հարցում ի՛ր հայրենասիրությունն է հաղթում, ասում է՝ հայրենիքին ծառայելու է այնքան, որքան շարքում իր կարիքն զգացվի»:

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #6 (1326) 12.02.2020 - 18.02.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/02/2020