Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՆՎԵՐԸ
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՆՎԵՐԸ

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՆՎԵՐԸՓետրվարի 8-ին` Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` Սրբի անունը կրող չորս եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագը մատուցվեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Մինչ այդ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ եկեղեցի էին բերվել Սուրբ Սարգսի մասունքակիր աջը և 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որն այժմ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում: Պատարագի ավարտին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սուրբ մասունքով օրհնեց հավատավոր ժողովրդին և հատուկ տոնական  այս օրվան մասնակցելու համար եկեղեցում ներկա զինվորներին: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ անցկացվեց զինվորների օրհնության կարգ: Արդեն հինգերորդ տարին է, ինչ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի նախաձեռնությամբ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի արարողությանը ներկա են լինում սահմանամերձ գոտիներում ծառայող և վերջին շրջանում ծառայությամբ առավել աչքի ընկած զինծառայողները: Պատարագի ավարտից հետո արքեպիսկոպոսը հանդիսավորությամբ նրանց հանձնեց եկեղեցու պատրաստած նվերները: Նրա խոսքերով՝ պարգևատրման այս արարողությունը յուրահատուկ մի առիթ է և հնարավորություն՝ զինվորներին խրախուսելու, եկեղեցու  երախտագիտությունն ու խոնարհումն արտահայտելու նվիրական և ազնիվ ծառայության համար:

Որպես քաջարի զորավար և հավատի համար նահատակված և սրբադասված անձ՝ Սուրբ Սարգիսը հատուկ պաշտամունքի առարկա է դարձել մեր ժողովրդի համար: Ավանդազրույցներում ընդգծվում է այն հանգամանքը, որ Սուրբ Սարգիսն արագ  օգնության է հասնում նեղության մեջ հայտնված յուրաքանչյուր անձի, ով դիմում է իր բարեխոսությանը: Ս. Սարգսի տոնն առանձնակի նշանակություն ունի հատկապես սիրահարված զույգերի համար, որոնք այդ օրը երջանիկ համատեղ ապրելու խնդրանքով դիմում են Սրբին:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՆՎԵՐԸՍուրբն այս օրերին, ի թիվս մյուս  զինվորականների, իր սիրող հայացքն ուղղեց նաև զինվոր Սամվելին և նրա նշանածին՝ Մարիետային: Նրանց մասին պատմել էի «Հայ զինվորի» նախորդ համարներից մեկում: Ուրախությամբ իմացա, որ Սամվելը ևս ընդգրկված է տոնի կապակցությամբ պարգևատրվողների ցանկում՝ որպես լավ զինծառայող:

Այս երիտասարդ զույգի պատմությունը հետաքրքիր է: Ճակատագրի բերումով Թուրքիայում հասակ առած Սամվելին  երկու տարբեր, բայց զորեղ սերեր ետ են բերել Հայաստան՝ սերը  հայրենիքի և հայաստանցի աղջկա հանդեպ:

Սամվելն այժմ մարտական հերթապահություն է իրականացնում Արցախի սահմանամերձ զորամասերից մեկում՝ լիովին գիտակցելով, թե հանուն ինչի  է ծառայում: Պաշտպանում է հայրենիքի իրեն վստահված հատվածը: Պատրաստվում է իր սիրած աղջկա հետ ընտանիք կազմել, տուն դնել: Դե, իսկ Մարիետայի ջերմ սերը նրան ոգևորում է բոլոր հանգամանքներում:

…Սամվելի մայրը` տիկին Հասմիկը, այդ առիթով եկել էր հայրենիք ու ներկա էր որդու պարգևատրման արարողությանը: Մոր հպարտությանը չափ ու սահման չկա: Նա իր որդուն միշտ էլ որպես կարգապահ ու լավ մարդ է ճանաչել, հիմա նրանով հպարտանալու ևս մի առիթ ունի: Վերջին անգամ երդման արարողությանն էր տեսել որդուն. «Վեց ամիս Սամվելիս չէի տեսել: Իսկ այժմ տեսնում եմ շատ ու շատ փոխված՝ առնականացած իսկական տղամարդու: Բանակն իսկապես կոփում է մեր տղաներին: Ինձ միշտ ասում էր՝ «Մա՛մ, ումի՞ց եմ լավը, պիտի գնամ, ես էլ ծառայեմ: Միայն այդպես ինձ հանգիստ կզգամ»: Ես չկարողացա ու չուզեցի ընդդիմանալ նրա որոշմանը… Բոլոր-բոլոր զինվորների մայրերին համբերություն եմ ցանկանում: Խաղաղություն թող լինի, որ ոչ մի զինվորի մոր աչքերին երբևէ արցունք չլինի:

«Քեզ այս գիշեր աղի բլիթ եմ տալու, Մարիե՛տա»,- կատակով թեման փոխում է տիկին Հասմիկը, իսկ Մարիետան կատակով հակադարձում է. «Չէ՛, պետք չի, երազումս չէ, իրականում եմ տեսել «իմին»,- ասում է ու ինձ համար պարզաբանում. «Սամվելի հետ՝ իրար էդպես ենք դիմում՝ «իմը»: Մյուս խոսքն էլ սա է՝ «իմ ամեն ինչը»: Մեկս մյուսիս համար իրոք ամեն ինչ ենք…Շատ էի կարոտել, այսօր երջանիկ եմ…»:

Մարիետայի ոգևորությանը սահման չկա. շնորհակալ է պաշտպանության նախարարությանը՝ իր զինվորի ընտրության համար, Սուրբ Սարգիսին, որ հնարավորություն ստացավ կրկին տեսնելու սիրելիին…

Արարողության ավարտից հետո Սամվելը կարոտած իր գիրկն  է առնում մորն ու նշանածին: Հրաժեշտ տալուց առաջ ցանկացա Սամվելից իմանալ, թե ինչպե՞ս է անցնում ծառայությունը:

«Հիմա հենց գնամ զորամաս, նորից բարձրանալու եմ դիրքեր: Դիրքերը մեզ  ավելի են ձգում, քան զորամասը: Ժամանակն էնտեղ ավելի հետաքրքիր է անցնում: Մի ընտանիք ենք պոստի տղաներով: Մեկս մյուսիս համար ճաշ ենք պատրաստում, սուրճ ենք դնում: Առաջին մարտական հերթապահությանս օրը աննկարագրելի հպարտություն էի զգում: Միշտ կողքից լսել էի, թե ինչպես են տղերքը պոստ պահում, հիմա ինքս էի կանգնած, հողս ու ջուրս, ժողովրդին էի պաշտպանում»:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՆՎԵՐԸԾառայությունը շատ լավ է անցնում: Զորամասի հրամանատարությունը խիստ է ճիշտ այնքան, որ զինվորը միշտ զգաստ ու պատասխանատու լինի, բայց և ճնշված չզգա: Այնտեղ, որտեղ մեծ թվով երիտասարդներ, զինվորներ կան, խստությունն անհրաժեշտ է: Բոլորս էլ դա քաջ գիտակցում ենք:

Բանակում ամենակարևորը կարգապահ լինելն է ու ժամանակին առաջադրված խնդիրները կատարելը: Դա միշտ էլ գնահատվում է»: Այս պարգևատրումն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի:

Սուրբ Սարգիսի տոնակատարության օրն, ահա, զինվորի կողքին են կյանքի երկու կարևոր մարդիկ, երկու սիրելի կանայք՝ մայրն ու նշանածը: Իսկ ինքն էլ կարող է հպարտությամբ ու շիտակ նայել նրանց աչքերին. Հայրենիքի պաշտպանի իր գործը պատվով ու նվիրումով է կատարում:

Իսկ սիրող այս կանանց համար ամենամեծ նվերը, ի թիվս լավ ծառայությամբ առանձնացած մյուս զինվորների, Սամվելին տրված  կարճատև արձակուրդն է, որը կվայելեն միասին:

Այսպես՝ սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիսը սիրահարված զույգին հրաշալի նվեր արեց:

Համբերությամբ ու սիրով սպասի՛ր զինվորիդ, Մարիե՛տա: Բարի, անփորձանք ծառայություն քեզ, Սամվե՛լ: Թող ձեր սերը հարատև ու միշտ այսպես ամուր լինի:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս՝. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ