Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈ
ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈ

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈԱնցնող շաբաթը կրկնակի տոնական էր Արցախում ծառայող  մի խումբ սպաների  համար: Առիթը երկար սպասված բնակարանամուտն էր նորակառույց շենքում: Այդ օրը սպաների ընտանիքներին շնորհավորելու նպատակով այցելել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան զինվորականներ: Օրը հիշարժան էր բոլորի համար. տրամադրությունը՝ բարձր, ոգևորությունը՝ մեծ, կենացներն էլ՝ օրվա խորհրդին համահունչ. «Ընտանեկան ջերմություն և երջանկություն՝ նոր հարկի ներքո»: Նիկոլ Փաշինյանը սպայական ընտանիքներին վստահեցրեց, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:

 

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈԳոհար Սարգսյանը՝ տանտիկնոջ իրավունքով, հուզմունքով ու մեծ հպարտությամբ, հերթով անցնելով սենյակներով, ներկայացնում է նոր բնակարանը ու իր ընտանիքի անդամներին. «Սա մեր տունն է՝ ամբողջովին կահավորված, մեր փոքրիկ բալիկը՝ երկու ամսական Արսենը, ավագ որդիս՝ Արամը, և կրտսերս՝ Արմենը»:

Տարիներ շարունակ փոխգնդապետ Սերգեյ Սարգսյանի ընտանիքը վարձով բնակվելով՝ երազել ու համբերատար սպասել է այս օրվան։ «Այսօր մեր սեփական տանիքի տակ մեզ լիարժեք  ենք զգում: Շատ հավանեցինք. բոլոր հարմարություններն այստեղ առկա են»,- ասաց փոխգնդապետի կինը:

Ընտանիքի հայրը՝ փոխգնդապետ Սերգեյ Սարգսյանը, կարգի է բերում տոնական համազգեստն ու պատրաստվում առաջիկա հանդիսավոր միջոցառմանը։ Ասում է. «13 տարի տարբեր ծառայավայրերում  առաքելություն իրականացնելուց հետո է՛լ ավելի ես արժևորում կնոջդ ու զավակներիդ կողքին լինելու յուրաքանչյուր ակնթարթն ու ընտանեկան անդորրը: Որքան էլ ծանր, լարված անցած լինի ծառայողական օրդ, երբ քո տուն ես գալիս, մոռանում ես ամեն մի դժվարություն»:

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈՄինչ տիկին Գոհարը պատրաստություն է տեսնում,  բակում ընթանում են բնակարանամուտի միջոցառման պատրաստության վերջին «փորձերը», հերթական անգամ ճշգրտում են քայլերի հաջորդականությունն ու  պատրաստվում բարձրաստիճան հյուրերին դիմավորելուն։

Առաջինը ժամանեց Դավիթ Տոնոյանը: Պաշտպանության նախարարը հերթով մոտեցավ սպաներին, մեկ առ մեկ շնորհավորեց թե՛ բնակարանամուտի և թե՛  բանակի կազմավորման տարեդարձի առթիվ։

Ժամը 13-ին՝ րոպեի ճշգրտությամբ, զինավան այցելեցին հայկական երկու հանրապետությունների ղեկավարները, որոնց դիմավորեցին ավանդական աղուհացով ու երգուպարով։

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈԱյնուհետև ազգային օրհներգով  մեկնարկեց բուն արարողությունը։ Դավիթ Տոնոյանն ու զորամիավորման հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանը սպաներին հանձնեցին ծառայողական բնակարանների բանալիներն ու վկայագրերը: ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անցկացրեց  Տնօրհնեքի  արարողությունը։

Մոտեցավ բաղձալի պահը։ Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց շենքի փոքրիկ բնակիչներին։ Երեխաներից հետո շենք  մտան նաև բարձրաստիճան հյուրերը։ Երկու հանրապետությունների ղեկավարներն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան անձինք հյուրընկալվեցին փոխգնդապետ Սերգեյ Սարգսյանի օջախում, ծանոթացան նրա որդիների՝ Արամի ու Արմենի հետ, բաժակ բարձրացրին և ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈշնորհավորեցին նորաբնակներին: «Աստված պահի, շե՛ն լինեք, միշտ ուրախ ու երջանիկ: Այս բնակարանը թող ձեզ համար երջանկության և ուրախության անկյունաքա՛ր դառնա»,- ասաց վարչապետը:

Մեղվի փեթակ հիշեցնող նորակառույց շենքում բոլորը շտապում էին միմյանց շնորհավորելու Բանակի օրվա և բնակարանամուտի կապակցությամբ, իրար հետ կիսելու բնակարանամուտի բերկրանքը։

«Ինձ համար սա եռակի տոն է.- ասաց կապիտան Սամվել Յավրյանը,- այսօր նաև աղջկաս ծննդյան օրն է…»։

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈՓոխգնդապետ Աշոտ Ղազարյանը նշեց. «Տասներկու տարի շարունակ ընտանիքիցս հեռու եմ ծառայել: Բաղձալի ու շատ սպասված երազանքս այսօր իրականացավ: Հիմա ես արդեն հնարավորություն ունեմ ընտանիքս ինձ մոտ բերելու»: Կապիտան Գևորգ Առաքելյան. «Սրանից հետո բնակարանի հոգս չեմ ունենա. արդեն գիտեմ, որ իմ օջախը, բոլոր հարմարություններով, ընտանիքիս տրամադրության տակ է»;

«Արդեն հիմնական տուն ունենք. մեր սեփական օջախը…»,- ծառայակից ընկերների խոսքը եզրափակեց փոխգնդապետ Սերգեյ Սարգսյանը:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ