Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆ
ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆ

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆՎերջերս ՀՀ զինված ուժերը համալրեցին Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները: Սա իրավամբ համարվում է բանակում անցած տարվա գլխավոր ձեռքբերումը: Կործանիչը մարտական խնդիրներ է կատարում ցանկացած եղանակային պայմաններում, շուրջօրյա ռեժիմով. միաժամանակ կարող է կիրառվել ե՛ւ հակաօդային պաշտպանության նպատակներով, ե՛ւ վերգետնյա թիրախների խոցման համար: Կործանիչն ունակ է ոչնչացնելու նաեւ թեւավոր հրթիռներ: Իհարկե, ինքնաթիռների ձեռքբերումը դեռ գործի կեսն է. մարտական տեխնիկան ամբողջովին մարտունակ է դառնում ենթակառուցվածքների ստեղծման և վերազինման, սպասարկող մասնագետների և թռիչքային անձնակազմի լիարժեք պատրաստության դեպքում: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ է ներկայացնում ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետի ինժեներաավիացիոն գծով տեղակալ, գլխավոր ինժեներ, գնդապետ Վլադիմիր Բաբայանը:

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆ-Ռազմական ավիացիան բարդ համակարգ է: Մեկ միավոր տեխնիկայի բնականոն և անվտանգ շահագործման համար տասնյակ մասնագետներ են աշխատում: Ավիացիոն տեխնիկայի վերգետնյա շահագործումը, սպասարկումը, պահպանումը, ինժեներատեխնիկական ապահովումը մեր ծառայության գործառույթն է: Տարիներ ի վեր մեր երկրում ավիացիոն մասնագետների պատրաստությունը լավ հիմքերի վրա է: Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ամեն տարի ուսանում են զինված ուժերին անհրաժեշտ ինժեներ-մասնագետներ: Ունենք սովորողներ նաև ՌԴ համապատասխան ռազմական բուհում: Հպարտությամբ կարող եմ նշել, որ հայկական բանակի ավիացիոն ոլորտի մասնագետների գիտելիքների պաշարն այնքան մեծ է, որ նրանք հեշտությամբ են հարմարվում նորագույն տեխնիկայի շահագործման առանձնահատկություններին: ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման պայմանագրի շրջանակում մեր անձնակազմը ՌԴ-ում տեսական պատրաստություն է անցել: Տվյալ ուսումնական կենտրոնում սովորել են նաև այլ պետությունների մասնագետներ, և պետք է նշել, որ հայկական անձնակազմի գնահատականը շատ բարձր է: Հատուկ գործնական դասընթացներն ավարտելուց հետո մեր մասնագետներին նորագույն տեխնիկան սպասարկելու, շահագործելու թույլտվություն է տրամադրվում: Միայն այդ թույլտվության առկայության դեպքում է ինժեներատեխնիկական անձնակազմը ինքնաթիռը թռիչքի նախապատրաստելու իրավունք ստանում:

Անձնակազմի ուսուցման գործընթացը դեռ շարունակվում է: Ավիացիան չի սահմանափակվում պարզապես ինքնաթիռ վարելով. յուրաքանչյուր տեխնիկային բնորոշ կիրառման, շահագործման ձևեր և մեթոդներ կան, որոնց պետք է լիարժեք տիրապետեն օդաչուներն ու ինժեներները: Ինչու չէ, դիտարկվում է նաև ռազմաավիացիոն համալսարանի ուսումնական ծրագրերում փոփոխություններ կատարելու հարցը՝ հետագայում նոր մասնագետների պատրաստությունն ամբողջությամբ մեզ մոտ կազմակերպելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, գրագետ և պատրաստված անձնակազմի համար այս ինքնաթիռի սպասարկումն այդքան էլ բարդ չէ, պարզապես հարկավոր է ապահովել սպասարկող ինժեներատեխնիկական կազմի գերազանց պատրաստության անհրաժեշտ պայմանները: Վառելիքաքսուքային նյութերը, վերգետնյա սպասարկող սարքավորումները էականորեն տարբերվում են առկա նմուշներից: Գլխավոր առանձնահատկությունը նոր տիպի կառավարվող օդ-օդ եւ օդ-ցամաք հրթիռներով հագեցվածությունն է: Այս մոդելի ինքնաթիռն ունի նաեւ ինքնաստուգման համակարգ:

…Այս գործարքին երկար էինք պատրաստվում, ռուսական կողմի հետ քննարկում էինք բոլոր մանրամասները: Նորից նշեմ, որ ունենք բարձրակարգ ավիացիոն մասնագետներ՝ թե՛ օդաչուներ, թե՛ ինժեներներ, որոնք շատ կարճ ժամանակահատվածում ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական առումներով յուրացնում են այս ավիացիոն համալիրը:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ